ՑՆԾԱ, ՀԱՅԱՍՏԱՆ Տնտեսության վիճակագրությամբ ոգեւորված՝ մեր ազգային պետական գործիչները երբեմն այն աստիճան են ինքնագովքի տրվում, որ որոշ արդյունքներ գերադասելի են համարվում ոչ միայն զարգացման թափ առած, ասենք, Լեհաստանի, այլեւ, մեղա Աստծո, Ֆրանսիայի հետ համեմատելիս։ Փոխարենը մերոնք վատ չէին զգա, եթե տնտեսության հիմնական ցուցանիշ համարվող մեկ բնակչի հաշվով ստացած արդյունքով գերազանցեինք… Աֆղանստանին։ Ըստ ԱՄՆ-ում տպագրվող Համաշխարհային փաստերի ալմանախ տեղեկատուի, ուր ներառված են 191 երկրների տնտեսության ու ֆինանսական հիմնական ցուցանիշները, մեկ բնակչի հաշվով ՀՆԱ-ն Աֆղանստանում կազմում է 800 դոլար. այս թիվը վերջին 3-4 տարիներին մեր երկրում 500 դոլարի սահմաններում է։ Մեր թիվը, դժվար է ասել, թե ում դուր չի եկել եւ հիշյալ տեղեկատուի 2002թ. հրատարակությունում այն ներկայացվել է 2.700 դոլար (1999թ.)։ Բնական է, որ ընդհանրական տեսքով էլ (ՀՀ բնակչությունը տրված է 3.336.100 մարդ) երկրի ՀՆԱ-ն ստացվել է 9,2 մլրդ դոլար, այն դեպքում, երբ ՀՀ վիճպետկոմի հաղորդագրություններում մշտապես հիշատակվում է մոտ 2 մլրդ դոլար թիվը։ Իրական այս թվին անտեղյակ մեր բարեկամներն ու ներդրումների պատրաստվող գործարարները ոգեւորության ի՜նչ զգացումներով կհամակվեն Հայաստանի կառավարիչների նկատմամբ, որոնց հաջողվել է ընդամենը 2-3 տարում հնգապատկել ազգային արդյունքը։ Անշուշտ, հայ պաշտոնյա որեւէ մեկը պատասխանատու չէ օվկիանոսից անդին տպագրվող ինչ-որ թվի համար, եթե անգամ այդ հրատարակչությունը 150 տարվա կենսագրություն ունի։ Բայց մերոնք իրավունք ունեն տարակուսելու, որ յոթ ծովից այն կողմ այս թիվը պատահականորեն չի հայտնվել։ Հարցը՝ թե ինչ նպատակ է հետապնդվել՝ եւ հետապնդվե՞լ է արդյոք, թողնենք ՀՀ վիճպետկոմի կամ այլ իրավասու մարմնի հրապարակմանը, նախապես նշելով, որ այսօրինակ, առայժմ թյուրիմացություն որակվող, աղավաղումները միայն այսքանով չեն սահմանափակվում։ ԳԵՂԱՄ ՎԱՐԴԱՆՅԱՆ