Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն բարոյական ցնցումներ

Փետրվար 05,2002 00:00

Միայն բարոյական ցնցումներ Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարանում երեկ հերթական հայցը լսվեց՝ ընդդեմ Երեւանի քաղաքապետ Ռոբերտ Նազարյանի։ Այս անգամ աշխատանքում վերականգնվելու ու հարկադիր պարապուրդի համար վճարելու պահանջով դատարան էր դիմել քաղաքապետարանի կրթության վարչության տեսչության նախկին պետ Հովհաննես Սարոյանը։ Համանման հայցով դատարան դիմած այդ նույն վարչության աշխատակից Սամվել Խաչատրյանի խնդրին անդրադառնալիս արդեն նշել ենք, որ կառուցվածքային փոփոխությունների եւ կրճատումների հետեւանքով քաղաքապետի որոշմամբ աշխատանքից ազատված մի խումբ աշխատակիցների կարծիքով այս գործընթացն իրականացվել է օրինախախտումներով։ Այս անգամ որպես պատասխանող կողմ ներկայացել էր անձամբ կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, սակայն նույնիսկ այս հանգամանքը չնպաստեց, որ բոլոր հարցերին սպառիչ պատասխաններ տրվեն։ Պատասխանող կողմի մյուս ներկայացուցչի՝ քաղաքապետարանի իրավաբանական վարչության առաջատար մասնագետ Գեւորգ Մհերյանի հիմնավորումները կրկնում էին Ս. Խաչատրյանի գործով ներկայացվածին՝ թեեւ որոշ շտկումներ արդեն նկատելի էին։ Մասնավորապես այն մեղադրանքի առնչությամբ, որ Երեւանի քաղաքապետի 2001թ. հոկտեմբերի 5-ի որոշումը՝ աշխատակիցներին հնարավոր ազատման մասին նախազգուշացնելու մասին, անօրինական է, քանի որ քաղաքապետարանի կառուցվածքն ու աշխատողների թիվը հաստատելու իրավունք միայն ՀՀ վարչապետը ունի, իսկ այս առնչությամբ վարչապետի որոշումը եղել է միայն 2001թ. դեկտեմբերի 1-ին։ Աշխատանքից հնարավոր ազատումների մասին որոշման օրինականությունը Գ. Մհերյանը Ս. Խաչատրյանի գործով դատական նիստին հիմնավորեց նրանով, թե քաղաքապետը կարող էր ՀՀ վարչապետի որոշմանը չսպասելով նման որոշում ստորագրել, քանի որ խորհրդակցություններից տեղյակ էր կառավարման համակարգում կրճատումներ անցկացնելու վարչապետի ցանկության մասին։ Ըստ նրա՝ միեւնույն է, աշխատանքից ազատելու մասին որոշումները քաղաքապետը ստորագրել է արդեն վարչապետի որոշումից հետո՝ դեկտեմբերի 5-ին։ Այս հիմնավորումը Գ. Մհերյանը երեկվա նիստին մի փոքր այլ կերպ ներկայացրեց։ Ըստ նրա, թեեւ ՀՀ վարչապետի մենաշնորհն է կառուցվածքն ու աշխատողների թիվը հաստատելը, սակայն քաղաքապետը կարող է «իր նախաձեռնությամբ փոփոխություն կատարել քաղաքապետարանի կառուցվածքում ու աշխատողների թվաքանակում եւ դրա վերաբերյալ ընդունած որոշումը ներկայացնել ՀՀ վարչապետի հաստատմանը»։ Սրանից էլ պրն Մհերյանը ենթադրում է, որ քաղաքապետի հոկտեմբերի 5-ի որոշման համար ՀՀ վարչապետի որոշումն ամենեւին էլ անհրաժեշտ չէր։ Հովհ. Սարոյանը հետաքրքրվեց, իսկ եթե ՀՀ վարչապետը չհաստատե՞ր քաղաքապետի այդ որոշումը։ Հովհ. Սարոյանը նույնպես պնդեց, որ իրեն այլ աշխատանք չի առաջարկվել, ինչի հետ չհամաձայնեց Օ. Վաթյանը եւ հենց դատարանում մանկավարժի կամ փոխտնօրենի աշխատանք առաջարկեց, սակայն Հովհ. Սարոյանը մերժեց դրանք։ Այս նիստում եւս չպարզվեց, թե այդ ինչպե՞ս են կրթության վարչության կրճատված աշխատակիցների անունները ավելացվել այս առթիվ արհկոմի որոշումից հետո։ Ոչ Օ. Վաթյանը, ոչ էլ Գ. Մհերյանը չհիշեցին, թե ե՞րբ էին աշխատանքից ազատման ենթակա աշխատակիցների անձնական գործերը տվել արհկոմի ուսումնասիրմանը, բայց պնդում էին, որ մոտ երկու շաբաթ արհկոմը ուսումնասիրել է այդ գործերը՝ թեեւ Հովհ. Սարոյանն էլ պնդեց, որ մոտ 5 տասնյակ գործեր արհկոմը իր որոշումից մեկ օր առաջ է միայն ստացել՝ հետեւաբար կասկածելի է, որ դրանք ուսումնասիրել է։ Կրթության վարչության պետ Օնիկ Վաթյանը, ինչպես եւ դատավոր Գայանե Կարախանյանը արձանագրեց, հիմնականում համաձայնեց Հովհ. Սարոյանի գնահատականներին, որ լավ աշխատող է եղել, միշտ շատ ավելին է արել, քան իր պարտականություններն են, արժանացել է շնորհակալագրերի, նույնիսկ դրամական պարգեւների, երբեք կարգապահական տույժի չի ենթարկվել, գրավոր եւ բանավոր նկատողություններ չի ստացել։ Ավելի ուշ այս առթիվ Օ. Վաթյանը նկատեց, որ տեսչության աշխատանքը ինքը սուր եւ լուրջ քննադատել է նաեւ։ Դատավորի հարցին՝ եթե Սարոյանը լավ աշխատող էր, ինչո՞ւ էիք նրան աշխատանքից ազատում, Օ. Վաթյանն ասաց, որ նրան չեն ազատել, պարզապես տեսչության պետի հաստիքն է կրճատվել։ Դատավորը նկատեց, որ ներկայացված փաստաթղթերից դա չի երեւում եւ պահանջեց հաջորդ նիստին անհրաժեշտ փաստաթղթեր ներկայացնել։ Դատավոր Գ. Կարախանյանն ասաց, որ կարող էիք Սարոյանին գոնե որպես տեսուչ պահել։ Օ. Վաթյանն արդարացավ, թե Հովհ. Սարոյանը լավ աշխատող է, բայց իր վարչության մյուս աշխատակիցներն էլ շատ լավն են։ Հովհ. Սարոյանը նաեւ ասաց, որ մինչեւ այս կրճատումներն էլ Օ. Վաթյանը մի քանի անգամ ակնարկել է, որ ուզում է Հովհ. Սարոյանին ազատել աշխատանքից եւ նաեւ ասել է, թե նրա դեմ բողոքներ կան։ Հովհ. Սարոյանը մինչեւ երեկ այդպես էլ չէր կարողացել պարզել, թե այդ ի՞նչ բողոքներ են։ Դատավորը մի քանի անգամ ստիպված էր այս հարցն ուղղել Օ. Վաթյանին՝ հարցի պատասխանը լսելու համար։ Ըստ Օ. Վաթյանի՝ Հովհ. Սարոյանից բողոքել են այն տնօրենները, որոնց դպրոցներում ի պաշտոնե ուսումնասիրություններ է անցկացրել նրա ղեկավարած տեսչությունը։ Դատավորի հարցին՝ օբյեկտի՞վ են եղել այդ բողոքները, Օ. Վաթյանը, մասամբ համաձայնեց։ Դատավորը պահանջեց հաջորդ նիստին նաեւ այդ գրավոր բողոքները ներկայացնել՝ թեեւ Օ. Վաթյանը, ի պատասխան դատավորի հարցի, ասաց, որ այդ բողոքների եւ Հովհ. Սարոյանի աշխատանքից ազատման միջեւ «բացարձակապես որեւէ կապ չկա»։ Օ. Վաթյանը մի քանի անգամ շեշտեց, որ լավ կլիներ, եթե կրճատումներ չլինեին, բայց եթե հարկադրված էին դրան գնալ, աշխատել են այնպիսի հաստիքներից ազատվել, որ «բացի բարոյականից, այլ ցնցումներ չլինեն»։ Դատական նիստի ընթացքը ցույց կտա, թե իսկ օրենքի՛ առումով ինչ ցնցումներ կան։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել