ԼՈՒՅՍԻ ԶՈՐՈՒԹՅԱՄԲ ՍՆՎԱԾ Կենտրոնական Եվրոպայի մի քանի երկրներում անցկացված ուսումնասիրությունները ցույց են տվել, որ խրոնիկ հիվանդությունների 60%-ը հնարավոր չէ բուժել սովորական՝ բոլորիս ծանոթ մեթոդներով եւ դեղամիջոցներով։ Այդ մեթոդներն ու դեղամիջոցները թեեւ կարող են երբեմն նույնիսկ շատ արդյունավետ լինել, սակայն «շնորհիվ» իրենց ագրեսիվության, դրանք միաժամանակ կարող են կողմնակի ազդեցություն ունենալ։ Իսկ երբեմն էլ հիվանդությունը կամ մղում են օրգանիզմի շատ ավելի խորքային շերտեր, կամ մի տեղում այն ճնշելով՝ ստիպում են դրան արտահայտվել մեկ ուրիշ տեղում, երբեմն շատ ավելի սուր կերպով։ Գուցե այս ամենը գիտակցելով է, որ հարցված հիվանդների 84%-ը ցանկություն է հայտնել բուժվելու բիոլոգիական եղանակներով։ Վերջիններս ռիսկի շատ ցածր տոկոս են պարունակում, նույնիսկ եթե հիվանդը բիոլոգիական դեղահաբերի ազդեցությանը բազմաթիվ անգամներ է ենթարկվում։ Դրանք կողմնակի ազդեցություն չեն թողնում (միակ հնարավոր «կողմնակի» ազդեցությունը այս դեպքում տվյալ բուժման թիրախում չգտնվող, երբեմն նույնիսկ չհայտնաբերված հիվանդության կանխարգելումն ու բուժումը կարող են լինել)։ Բավական պարզունակ եւ կոպիտ սխեմայով վերը նկարագրված բուժման եղանակներն ու միջոցները հայտնի են հոմեոպատիա եւ հոմոտոքսիկոլոգիա անուններով։ Հայաստանում դրանք այնքան էլ վաղուցվա պատմություն չունեն։ Դեռեւս։ Էրեբունի բժշկական կենտրոնում կազմակերպված սեմինարի նպատակն էր այս մեթոդով բուժմամբ հետաքրքրված եւ առաջին քայլերն անող բուժաշխատողների գիտելիքները խորացնել, ինչը կնպաստի մեթոդի ավելի լայն կիրառմանը եւ տարածմանը։ Հոմոտոքսիկոլոգիայի միջազգային կենտրոնը Գերմանիայում է՝ Բադեն-Բադեն քաղաքում, ուր վերապատրաստման են մեկնում ԱՊՀ, նաեւ հայ բժիշկները։ Թեեւ այս հարցը ֆինանսական խնդիրներով է պայմանավորված։ Դարձյալ ֆինանսների սղությունն է պատճառը, որ Հայաստանում դեռեւս հնարավոր չէ հիմնել մեր սեփական կենտրոնը, ինչը մեծապես կնպաստեր մեթոդի զարգացմանը Հայաստանում։ Հայ հոմոտոքսիկոլոգներն այժմ համագործակցում են Անդրկովկասի եւ հատկապես Վրաստանի իրենց գործընկերների հետ։ Տարածաշրջանային կենտրոնն էլ Վրաստանում է։ Իսկ որ մեթոդն իր ճանապարհը Հայաստանում եւս կհարթի, դրանում չի կասկածում կենտրոնի ոչ ավանդական մեթոդների ինտեգրալ բժշկության բաժանմունքի վարիչ Խաչիկ Խաչիկյանը։ Հոմոտոքսիկոլոգիային բժիշկն անցել է տրադիցիոն բժշկությունից եւ որպես հոմոտոքսիկոլոգ իր գործունեության 8-9 տարիների ընթացքում այլեւս չի դիմել տրադիցիոն որեւէ դեղորայքի։ Իսկ սա խոսում է արդեն այդ դեղամիջոցների արդյունավետության մասին։ Ի տարբերություն դասական հոմոպատիայի, որն օգտագործում է մոնոպրեպարատներ (առանձին դեղամիջոցներ), հոմոտոքսիկոլոգիան (որ թարգմանվում է իբրեւ գիտություն մարդկային թույների մասին) արդեն 50-60 տարի օգտագործում է բնական ծագում ունեցող բազմաբաղադրիչ՝ կոմպլեքս դեղամիջոցներ։ Դրանց արդյունավետության տեսական դատողությունները այդպիսով ապացուցվում են նաեւ կլինիկապես, նույնիսկ դասական բժշկության տվյալներով։ Այս դեղամիջոցներում քիմիական տարրերի բացահայտությամբ է բացատրվում այն, որ դրանք օրգանիզմում կարիք չունեն չեզոքացվելու լյարդի, երիկամների կամ այլ օրգանների միջոցով, ինչը բնորոշ է դասական դեղորայքներին։ Բացի այդ, շնորհիվ բացառապես էներգետիկ մակարդակում իրենց ազդեցության, դրանց դոզայից գերազանցումը օրգանիզմին վնաս չի հասցնում։ 1-2 օրում օրգանիզմը դրանք դուրս է վանում։ Պրն Խաչիկյանը պնդում է, որ դրանց կիրառության 50 տարվա ընթացքում որեւէ արտառոց դեպք չի եղել։ Ամենածանր համարվող հիվանդություններից չարորակ ուռուցքների դեպքում անգամ հիվանդության 1-2-րդ փուլերում կարելի է խոսել բուժման մասին, իսկ 3-4-րդի դեպքում հոմոտոքսիկոլոգիան ի վիճակի է բավական թեթեւացնել հիվանդի վիճակը, երկարացնել կյանքը։ Այս մեթոդից, ինչպես Խ. Խաչիկյանն է հավաստիացնում, կարող են օգտվել նաեւ դասական մեթոդներով բուժող մասնագետները։ Այլ կերպ պրն Խաչիկյանը հոմոտոքսիկոլոգիան անվանեց կապող օղակ տրադիցիոն եւ ոչ տրադիցիոն բժշկությունների միջեւ։ Բիոլոգիական դեղամիջոցների (հաբեր, քսուքներ, կաթիլներ) արտադրության առաջին եւ ամենախոշոր գործարաններից է գերմանական «Heel» ֆիրման։ Ի դեպ, «Heel»-ը հապավում է՝ կազմված լատիներեն «Բույսերը սնվում են լույսի զորությամբ» ասացվածքի բառերի առաջին տառերից։ Ֆիրման ներկայացուցչություն ունի Վրաստանում եւ Հայաստանում։ Իսկ նման սեմինարները ոչ միայն մասնագետներին են պետք, այլեւ լայն հասարակությանը՝ տեղեկանալու, որ նման մեթոդ գոյություն ունի, որը հետաքրքիր է, արդյունավետ եւ ուշադրության արժանի։ ԱՐԵՎՀԱՏ ԳՐԻԳՈՐՅԱՆ