ՀՀԿ-Ն ՊԱՇՏՊԱՆԵԼՈ՞Ւ Է ՔՈՉԱՐՅԱՆԻՆ Էլեկտրոնային իշխանամետ լրատվամիջոցները ոգեւորությամբ հաղորդեցին այն լուրը, որ փետրվարի 1-ին տարածել էր «Արմինֆոն», այն է՝ այդ գործակալության թղթակցի հետ զրույցում ՀՀԿ խորհրդի փոխնախագահ Տիգրան Թորոսյանը հայտարարել է, թե իրենց կուսակցությունը 2003 թ. նախագահական ընտրություններում պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը, քանի որ մինչ օրս ՀՀԿ-ի եւ պետության ղեկավարի միջեւ սկզբունքային հակասություններ չեն եղել։ «Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ խորհրդի անդամ Գալուստ Սահակյանն ավելի վաղ՝ վերստին իր թեկնածությունն առաջադրելու մտադրության վերաբերյալ Ռոբերտ Քոչարյանի հայտարարությունից հետո լրագրողներին ասել էր, թե մինչեւ նախագահական ընտրություններ դեռ բավական ժամանակ կա, եւ իրենք կհասցնեն կողմնորոշվել՝ ում պաշտպանել։ Ուստի «Առավոտն» այժմ փորձեց պարզել, թե ի՞նչ է տեղի ունեցել անցած ամիսների ընթացքում, որ ստիպեց արագ կողմնորոշվել։ Սակայն Գալուստ Սահակյանն անակնկալ պատասխան տվեց. «Չեմ կարծում, թե Տիգրան Թորոսյանը նման բան ասած լինի։ Բացի այդ՝ ասեմ, որ սկզբունքը մեզանից շատերի համար օտար չէ։ Համենայն դեպս, Հանրապետական կուսակցությունը դեռեւս նման հարց չի քննարկել։ Կարծում եմ, որ դրա քննարկման կարիքն էլ առայժմ չկա։ Երբ կունենանք համագումար՝ կորոշենք, թե ում ենք պաշտպանելու»։ Գալուստ Սահակյանի պատասխանը ստիպեց դարձյալ Տիգրան Թորոսյանին դիմել՝ պարզելու, թե ուրեմն ինչի՞ հիման վրա է նա հայտարարել, որ ՀՀԿ-ն պաշտպանելու է Ռոբերտ Քոչարյանին։ «Ես նման բան չեմ ասել»,- հերքեց ԱԺ փոխնախագահը։ Ի դեպ, բոլորովին չենք կասկածում, որ եթե Անդրանիկ Մարգարյանը մինչեւ նախագահական ընտրություններ մնա վարչապետ՝ ՀՀԿ-ն անպայման կպաշտպանի Ռոբերտ Քոչարյանի թեկնածությունը։ Ա. Ի.