Լրահոս
Օրվա լրահոսը

«27»-ի քաղաքական հետեւանքները

Փետրվար 05,2002 00:00

«27»-ի քաղաքական հետեւանքները 2002-ի հունվարի 16-ին ՌԴ-ում հրապարակվող «Խորհրդարանական թերթն» անդրադարձել է «27»-ից առաջ եւ հետո ռուս-հայկական հարաբերություններին: «Ելցինի օրոք Հայաստանի հետ հարաբերությունները կառուցված էին բարոյաէթիկական, բարեկամական հիմքերի վրա: Պետք է ասել, որ քանի դեռ ՀՀ նախագահը Լ.Տեր-Պետրոսյանն էր, այդ մոտեցումը, կարծես, արդարացնում էր իրեն: Թերեւս, դրանով էր բացատրվում նաեւ այն, որ ղարաբաղյան հակամարտության խնդրում Մոսկվան ոչ ակնհայտորեն, բայց պաշտպանում էր հայկական կողմին: Բայց ահա Տեր-Պետրոսյանին ստիպում են հրաժարական տալ: Հայաստանում մեծ հեղինակություն եւ ժողովրդականություն վայելող Վազգեն Սարգսյանը, որ Լեռնային Ղարաբաղի ազատագրման ակտիվ մասնակիցն էր, պետության ղեկավարի պաշտոնին բերում է Ռոբերտ Քոչարյանին՝ ինքը դառնալով Հայաստանի վարչապետ: Հանրապետության խորհրդարանի նախագահ է դառնում Կարեն Դեմիրճյանը՝ Հայաստանի Կոմկուսի նախկին ղեկավարը: Այդ երկու առաջնորդների ռուսամետ կողմնորոշումն ակնհայտ էր, ուստիեւ Հայաստանի եւ Ռուսաստանի «բարեկամության» ձեւակերպումն անարգել էր գործում: Բայց 99-ի հոկտեմբերի 27-ին հայկական խորհրդարանի դահլիճում հենց ընթացող նիստի ժամանակ ահաբեկիչների կազմակերպված խումբը Նաիրի Հունանյանի գլխավորությամբ ինքնաձիգից դիմահար կրակահերթով գնդակահարեց, այսպես կոչված, «ռուսական կուսակցության» ութ առաջնորդների՝ վարչապետի եւ ԱԺ նախագահի գլխավորությամբ»,- գրում է հոդվածի հեղինակը: Անդրադառնալով «Հոկտեմբերի 27»-ի գործի դատաքննությանը, վերջինս նկատում է, որ Հունանյանն անընդհատ փոխում է իր ցուցմունքները. մեկ խոստովանում է, որ եղել է ահաբեկչության կազմակերպիչը, մեկ՝ հերքում դա՝ ակնարկելով, որ «քննության հարցերին կպատասխանի «երբ ժամանակը գա»՝ ըստ երեւույթին, հանցագործության հնարավոր կազմակերպիչին հասկացնել տալով, որ եթե դատաքննության ընթացքն իրեն ձեռք չտա, ապա ինքն ավելին կպատմի»: «Ավելի կարեւոր է այն, որ խորհրդարանի գնդակահարությունից անմիջապես հետո սկսեց փոխվել Երեւանի եւ Մոսկվայի փոխհարաբերությունների բանաձեւը: Երբ ահաբեկչության ցնցումը հաղթահարվեց, ՀՀ նախագահը հանկարծ հանրապետության արտաքին քաղաքականության մեջ նորարարություն արեց՝ հրապարակելով Ռուսաստանի եւ Արեւմուտքի նկատմամբ «Հայաստանի հավասարաչափ հարաբերությունների» մասին թեզը: Մոսկվան դրան համարժեքորեն արձագանքեց»: Ըստ հրապարակման հեղինակի, այդ քաղաքականության արձագանքը եղավ այն, որ Քոչարյանի հետ հանդիպման ժամանակ Վ.Պուտինը հայտարարեց, թե «տնտեսական համագործակցության համատեքստում ԱՊՀ մյուս երկրների համեմատ Երեւանը չի կարող «ավելի արտոնյալ պայմանների» հույսեր փայփայել»: «99-ի հոկտեմբերի 27-ից հետո մոտավորապես նույն գործընթացներն են տեղի ունենում նաեւ տնտեսական համագործակցության ոլորտում: ՀՀ նախագահը այդ հարցում ակնհայտորեն կողմնորոշվեց դեպի ԱՄՆ, որտեղ սկսեց ավելի հաճախ լինել, քան Ռուսաստանում»: Միաժամանակ թերթը նշում է, որ այլ է հայ-ռուսական ռազմական համագործակցությունը, որի կարեւորությունը Հայաստանն, անշուշտ, գիտակցում է՝ հաշվի առնելով իր հարեւան երկրների հետ, մեղմ ասած, ոչ բարիդրացիական հարաբերությունները. «Միաժամանակ ՀՀ քաղաքական դաշտում ոչ բոլոր ուժերն են համաձայն, որ Հայաստանը քաղաքական եւ տնտեսական համագործակցություն ծավալի Արեւմուտքի, իսկ ռազմական ոլորտում՝ Ռուսաստանի հետ: Հայաստանում ձեւավորվել է ազդեցիկ եւ նախագահին ընդդիմադիր միավորում, որը բաղկացած է ՀԺԿ-ից, «Հանրապետություն» եւ «Ազգային միաբանություն» կուսակցություններից: Փաստորեն այդ դեպքում խոսքը գնում է Հայաստանում հոկտեմբերի 27-ին գնդակահարված «ռուսական կուսակցության» վերածննդի մասին: Ըստ ամենայնի, այդ հանգամանքը շատ ուժեղ վախեցրել է գործող նախագահին»: Ռուս հրապարակախոսը չի շրջանցել նաեւ հայկական մամուլում արդեն 4 տարի հնչող այն պնդումները, թե 98-ի նախագահական ընտրությունների արդյունքները կեղծվել են հօգուտ Քոչարյանի: «Դա նման է իրականությանը»,- եզրակացնում է նա՝ վկայակոչելով վարչապետ Վ.Սարգսյանին մոտ կանգնած այն գործիչներին, ովքեր խոստովանել են, թե որքան ջանք են գործադրել «ճիշտ» քվեարկություն անցկացնելու համար: «Վազգենը հոգեբանորեն պատրաստ չէր առաջադրել իր թեկնածությունը: Բացի այդ, նա կարծում էր, որ Քոչարյանը ժամանակավոր ֆիգուր է, քանի որ իր թիկունքում սոցիալական բազա չունի: «Կգա ժամանակը եւ ժողովուրդը կառաջադրի այլ մարդու, որն իսկապես ժողովրդականություն է վայելում»,- ասել էր նա: Ըստ էության, արդեն 99-ի վերջին ամեն ինչ հենց այդ ուղղությամբ էր գնում եւ կարող էր այնպես ստացվել, որ Հայաստանի հաջորդ նախագահը լիներ Կարեն Դեմիրճյանը: Բայց այստեղ խորհրդարանի դահլիճ մտավ Հունանյանն, ու պատմությունն այլ ընթացք ստացավ»,- գրում է հեղինակը: Վերադանալով հայ-ռուսական հարաբերություններին, վերջինս նկատել է, թե «այսօր կարելի է ասել, որ ռուսական կողմնորոշումը ամերիկյանով փոխարինելու Քոչարյանի հաշվարկներն առայժմ նրան դիվիդենտներ չեն բերում», փոխարենը Մոսկվան է համարժեք քայլերի դիմում. «Արդեն 2000-ին նախագահ Քոչարյանի Մոսկվա կատարած պաշտոնական այցի ժամանակ ՌԴ նախագահը հասկացնել է տվել, որ ղարաբաղյան խնդրի առնչությամբ Մինսկի խմբի գործունեությունը փակուղի է մտել հատկապես այն պատճառով», որ Հայաստանը փորձում է միաժամանակ դուր գալ բոլոր երեք կողմերին: «ՌԴ նախագահը, փաստորեն բաց տեքստով հասկացնել է տվել, որ Ռուսաստանի համար այնքան էլ կարեւոր չէ, թե ով է ԱՊՀ այս կամ այն պետության ղեկավարը: Կարեւոր է մեկ այլ բան՝ Ռուսաստանը կայուն եւ կանխատեսելի հարաբերություններ կձեւավորի որեւէ պետության հետ՝ ելնելով առաջին հերթին իր ազգային եւ պետական շահերից»: Պատրաստեց Ն.ՄԱՄԻԿՈՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել