Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈՓՈԽ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ

Փետրվար 05,2002 00:00

ԱՆՀԱՆԴՈՒՐԺՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԱՆՓՈՓՈԽ ՄԹՆՈԼՈՐՏՈՒՄ ԱԺ պատգամավոր Աղասի Արշակյանը, որը Մուշեղ Սաղաթելյանի գործով տուժող է ճանաչված, սկզբնապես հրաժարվել էր ցուցմունք տալ։ Հոկտեմբերի 8-ի հարցաքննության ընթացքում նա այսպես էր պատճառաբանել իր քայլը, որ մինչ օրս ընթացք տրված չեն դեռ 1996-ի սեպտեմբերի 29-ին մեկուսարանից գրված իր դիմում-բողոքներին։ Իսկ իր նկատմամբ գործված բռնությունների մասին Աղասի Արշակյանը նշել էր դեռ 1996-ի սեպտեմբերի 26-ին՝ ձերբակալման արձանագրության մեջ, հետո էլ՝ ԱԺ նախագահ Բաբկեն Արարքցյանին ուղղված դիմումում էր վկայել իրեն խմբակային ծեծի ենթարկելու մասին։ Այդ դիմումի պատճեններն ԱԺ նախագահն ուղարկել էր ԱԱ նախարար Սերժ Սարգսյանին եւ գլխավոր դատախազ Արտավազդ Գեւորգյանին, բայց ոչ մեկը, ոչ մյուսն օրինական ընթացք չէին տվել այդ բողոքին։ Թեեւ Բաբկեն Արարքցյանն Աղասի Արշակյանին ուղղված պատասխան նամակում գրել էր. «Եթե գտնում եք, որ Ձեր նկատմամբ թույլ են տրվել օրենքի խախտումներ, ապա դրանք պետք է արձանագրվեն օրենքով սահմանված կարգով, որոնց համապատասխան օրինական ընթացք կտրվի»։ 5 տարի անց Աղասի Արշակյանի բողոքները վերջապես ուշադրության արժանացան, բայց էլի ոչ ամբողջությամբ, այլ միայն այնքանով, որքանով վերաբերում էին նախագահ Քոչարյանի քաղաքական հակառակորդներին։ Այլապես քննությունը կպարզեր, թե Մուշեղ Սաղաթելյանից եւ Ռոմեն Ղազարյանից բացի ովքեր էին այն 2-3 հոգին, որոնք սեպտեմբերի 26-ի գիշերը բռնություն էին գործադրել Աղասի Արշակյանի նկատմամբ։ Վերջինս, ի դեպ, հոկտեմբերի 18-ի իր ցուցմունքում նկարագրել է իրեն մահակներով ու ոտքերով ծեծած այդ մյուս անձանց եւս՝ նրանց հասակը, հագուստը, տարիքը։ Սակայն ոչ նրանք են պարզվել եւ պատժվել, ոչ էլ ՆԳՆ Կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության պետ Արմեն Երիցյանը, որը, պետական գույքի կառավարման նախարար Դավիթ Վարդանյանի ցուցմունքի համաձայն, ծեծողներից մեկն էր։ Դավիթ Վարդանյանը նաեւ նշել էր, թե Աղասի Արշակյանն էլ է իրեն պատմել, որ ծեծի ենթարկողներից մեկը հենց Երիցյանն էր։ «Բարեբախտաբար, թե դժբախտաբար՝ ես Արմեն Երիցյանին մինչեւ հիմա էլ դեմքով չեմ ճանաչում։ Եվ երբեւէ ես նրա անունը չեմ տվել այդ ջարդարարների շարքում։ Որտեղի՞ց այդ տպավորությունը կամ տեղեկությունը պրն Վարդանյանին՝ ինքը կարող է պատասխանել,- ասաց Աղասի Արշակյանը։- Քննիչին զրույցի ժամանակ խնդրել էի՝ եթե կա Արմեն Երիցյանի նկարը՝ ցույց տալ, տեսնեմ դա ո՞վ է։ Ցավոք սրտի, այդ նկարն էլ ինձ բան չհուշեց։ Եթե դեմքը տպավորված լիներ… Հետո բավականին ժամանակ է անցել։ Չգիտեմ, եթե նման հնարավորություն ինձ ընձեռվեր 1996-ի վերջերին կամ 1997-ի ընթացքում՝ գուցե եւ հիշեի։ Եվ այժմ էլ՝ եթե մազաչափ անգամ համոզվեի, որ նա էլ է եղել նրանց թվում՝ ինչի մասին է խոսքը, իհարկե կասեի»։ Աղասի Արշակյանը պնդեց իր այն տեսակետը, որն «Առավոտում» հրապարակվել էր դեռ այն ժամանակ, երբ իրեն առաջին անգամ էին հրավիրել Գլխավոր դատախազություն՝ այս գործով հարցաքննության։ Այն է, որ Մուշեղ Սաղաթելյանը պատժվում է ընտրովի. «Ես այդ կարծիքին էլ մնացել եմ մինչեւ հիմա եւ չեմ փոխել տեսակետս»։ Իր ցուցմունքներից մեկում եւս պրն Արշակյանը գրել էր, թե պահանջում է, որ այս գործով բոլո՛ր օրինազանցները կանչվեն պատասխանատվության. «Սա ավելի շատ կարեւոր է նաեւ հասարակության համար։ Բոլորը պետք է իմանան, որ թեկուզ ուշացումով, բայց մեղավորները պետք է պատժվեն։ Իմ ցանկությունն է, որ հանցագործները, սակայն, ընտրովի չպետք է պատժվեն»։ Արդյոք իր նշած մի քանի անձանցից միայն 1-2-ի նկատմամբ քրեական հետապնդում սկսե՞լն էր իր ակնկալած գործընթացը։ «Մասնակիորեն,- պատասխանեց պրն Արշակյանը,- սրտիս առանձնապես բալզամ չի նստել, որ այդ շղթայից ընդամենը մեկն է դատվում։ Բայց դե, դա չի նշանակում, որ նա պետք է անպատիժ մնար՝ մեկ։ Երկրորդը, դա էլ չի նշանակում, որ հենց այդ մեկին պիտի դատեն, որովհետեւ նա իրենց թարս աչքով է նայել կամ ինչ-որ բան է ասել։ Ես, իհարկե, հասկանում եմ, որ դատավարության ընթացքում ամենահիմնավոր մեղադրանքներից մեկը կարող է մնալ իմ նմանների նկատմամբ գործված բռնությունները, որոնք 5-6 տարվա վաղեմություն ունեն։ Հիմա կարող է ասեն՝ այ, եթե դուք այս անգամ լռեիք՝ քաղաքական նկատառումներով, այս մարդը չէր դատվի։ Ես նրան էլի կարող էի ներել՝ բայց նա անցած տարիների ընթացքում առնվազն 50 անգամ ներողություն խնդրելու եւ ներվելու հնարավորություն է ունեցել եւ չի օգտագործել»։ Սակայն արդյոք ինքը վստա՞հ է, որ այդ ամենն իշխանությունների համար Մուշեղ Սաղաթելյանին դատելու ոչ թե ընդամենը առիթն էր, այլ պատճառը՝ մեր այս հարցին պրն Արշակյանն այսպես պատասխանեց. «Չնայած այսօր նրան դատելու այլ մղումներ ունեն դատողները, բայց դա չի նշանակում, որ ես պիտի լռեմ, ինչպես խորհուրդ էին տալիս որոշ նախկին գործընկերներս՝ ասելով, թե դրա ժամանակը չէր։ Իմ արդար պահանջը՝ ինձ հասցված վիրավորանքը քաղաքական առեւտրի առարկա չի կարող դառնալ»։ … Դեռեւս մեկուսարանում գտնվող Աղասի Արշակյանը Բաբկեն Արարքցյանին գրում էր. «Ամենաահավորն այն է, որ վերագնահատելով վերջին օրերին կատարվածը եւ հեռուն նայելով (այստեղ, մեկուսարանում դրա հնարավորությունները մեծ են), տեսնում ես, որ այս պահին ունենք երկփեղկված ժողովուրդ, միմյանց նկատմամբ ատելությամբ լցված ու թշնամանք տածող երկու մեծ զանգված։ Չլինելով ո՛չ Լեւոն Տեր-Պետրոսյանի եւ ո՛չ էլ Վազգեն Մանուկյանի ընդգծված կողմնակիցը, ես ահաբեկվում եմ ատելությունն արագորեն թշնամանքի վերափոխվելու գործընթացի վտանգից, որը վաղը կարող է վերաճել քաղաքական անհանդուրժողականության ու փոխանցվել մեր երեխաներին»։ Կարելի՞ է ասել, որ այս կանխատեսումը լիովին իրականացավ եւ այժմ էլ շարունակվում է քաղաքական անհանդուրժողականության հաղթարշավը, մեր այս հարցին ի պատասխան Աղասի Արշակյանն ասաց. «Մենք հիմա այդ մեր ստեղծած իրավիճակի գերիներն ենք, դրա ճիրաններում ենք։ Այո՛, այդպես է։ Եթե այդպես չլիներ, այդքան մարդիկ, որ փախել էին մինչեւ 1996-ը, մի այդքան էլ դրանից հետո չէին փախչի։ Եվ այդ գործընթացները շարունակվում են ու խորանում։ Հիմա էլ նորերն են իրենց գործողություններով ու անգործունեությամբ խորացնում հակասությունները եւ այդ նույն վիճակը ժողովրդի տարբեր հատվածների միջեւ»։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել