Լրահոս
Օրվա լրահոսը

ՄԱՀԱՊԱՏԻԺ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ

Փետրվար 05,2002 00:00

ՄԱՀԱՊԱՏԻԺ. ԿՈՂՄ ԵՎ ԴԵՄ Սահմանադրական բարեփոխումների տվայտանքներից բացի, խորհրդարանը ստիպված կլինի մահապատժի վերացման հետ կապված խնդիրների շուրջ եւս վիճաբանությունների մեջ մտնել։ Ակնհայտ է, որ Ազգային ժողովը, ժամանակին ստորագրելով Եվրախորհրդի պայմանների տակ, ինքն իրեն դժվարին կացության մեջ է դրել։ Կպահպանվի՞ մահապատիժը Հայաստանում եւ կիրականացվի՞ մասնավորապես «27»-ի ամբաստանյալների նկատմամբ։ Սրանք հարցեր են, որոնց խորհրդարանը ստիպված կլինի անդրադառնալ։ Ըստ էության, ԱԺ-ն արդեն բաժանված է երկու թեւի՝ մի թեւը անվերապահորեն պնդում է, որ ԵԽ-ի պահանջը պետք է կատարվի, մյուս թեւը պնդում է, որ «27»-ի մասով պարտադիր է բացառություն անել եւ դեռ մտածել՝ պատրա՞ստ է մեր հասարակությունը մահապատժի վերացմանը։ ԱԺ փոխխոսնակ Տիգրան Թորոսյանը ժամանակին բավականին կտրուկ հայտարարություն արեց մահապատժի մասին։ Այսօր էլ Տիգրան Թորոսյանը նույն կարծիքին է, բայց գտնում է, որ «մենք պարտավորություն ենք ստանձնել եւ դա պիտի կատարենք»։ Սակայն՝ «պետք է լրջորեն քննարկվի հարցը եւ մակերեսային հայտարարություններ, թե մեր ժողովուրդը պատրաստ չի, կարծում եմ, վիրավորական է մեր ժողովրդի համար»։ Պրն Թորոսյանը շեշտեց, որ «27»-ի մասին չէ խոսքը։ Եվ եթե մահապատիժը դեռ չեն վերացրել Թուրքիան, Ռուսաստանը եւ Ադրբեջանը. «Ես կարծում եմ, եթե խոսքը ինչ-ինչ պատժամիջոցներին պիտի վերաբերի, ապա դրանք պետք է առաջին հերթին կիրառվեն այդ երկրների նկատմամբ եւ հետո միայն Հայաստանի։ Ես համոզված եմ, որ անհրաժեշտ արդյունավետությամբ աշխատանքի դեպքում մենք կկարողանանք ե՛ւ մեր պարտավորությունները կատարել, ե՛ւ «27»-ի հետ կապված խնդիրը դուրս բերել օրակարգից»։ «Միասնություն» խմբակցության ղեկավար, ՀՀԿ անդամ Գալուստ Սահակյանը շարունակում է պնդել, որ մահապատիժը պետք է պահպանվի։ Առայժմ «Միասնությունում» հարցը չի քննարկվել, սակայն Գ. Սահակյանը գտնում է, որ «Խմբակցության շատ անդամներ կողմնակից են իմ տեսակետին, որ «Հոկտեմբերի 27»-ը առանձին պիտի նայել, մահապատժի խնդիրը՝ լրիվ առանձին։ Ես սրա մեջ ոչ միայն քաղաքական գործոն եմ տեսնում, նաեւ՝ ազգային գործոն եմ տեսնում»։ Սակայն չմոռանանք, որ մահապատժի վերացմանը կողմ են ոչ միայն ՀՀ նախագահը, որը դեռեւս ամիսներ առաջ շտապեց հայտարարել այդ մասին, այլեւ՝ ՀՅԴ-ն եւ մի քանի մանր-մունր քաղաքական ուժեր ու գործիչներ։ Արդյո՞ք այս հարցը լուրջ առճակատման առիթ կդառնա, թե՞ խորհրդարանը այլեւս որեւէ լուրջ բանի ի վիճակի չէ։ Գալուստ Սահակյանը չի կարծում, թե առճակատում կլինի. «Այսօր ես հակված եմ մտածել, որ «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործներին մահապատժի ենթարկելու խնդիրը պիտի նպաստի պետության հետագա զարգացմանը»։ Բոլորովին ուրիշ կարծիքի են պատգամավորներ Սեմյոն Բաղդասարյանը եւ Հակոբ Հակոբյանը (Էջմիածին)։ Սեմյոն Բաղդասարյանը շարունակում է պնդել, որ մահապատիժը պետք է վերացվի, թեպետ ինքը կուզեր, որ «27»-ի մասով բացառություն լիներ, բայց եւ գիտի, որ դա հնարավոր չէ։ Հակոբ Հակոբյանը (Էջմիածին) գտնում է, որ «Մահապատիժը պետք է վերացվի, իսկ «27»-ի մասով ի՞նչ տարբերություն կա, թե ինչ տուժողներ են դրանք։ Ենթադրենք, եթե մեկի եղբորն են սպանել, նա էլ կցանկանա, որ մահապատիժ լինի։ Սակայն, ինձ թվում է, որ օրենքը բոլորի համար պետք է հավասար լինի»։ ՀԿԿ խմբակցության անդամ Գագիկ Թադեւոսյանին հավատ չի ներշնչում այն միտքը, թե մահապատժի վերացումը Եվրախորհրդի կողմից պարտադիր պայման է. «որովհետեւ հենց նույն ԵԽ-ի անդամ շատ երկրներ կան, որոնք չեն վերացրել մահապատիժը։ Ինչո՞ւ է Հայաստանին պարտադրվում, մանավանդ, Հայաստանում տեղի է ունեցել «27»-ի ողբերգությունը։ Դա անհասկանալի է, նաեւ անհասկանալի է՝ լսել Ստրասբուրգյան պատվիրակության մեջ գտնվող պատգամավորների շուրթերից»։ Իսկ եթե իսկապես պարտադիր պայման դրվի, ապա Գ. Թադեւոսյանը կողմնակից է Եվրախորհրդին հրաժեշտ տալուն. «Ի՞նչ տարբերություն, ղեկավարվում ես Տիզբոնի՞ց, Մոսկվայի՞ց, թե՞ Ստրասբուրգից։ Մենք միանշանակ գտնում ենք, որ խորհրդարանում կատարված ոճրագործությունն ուղղված է ոչ միայն օրենսդիր մարմնին, կառավարությանը, այլ մեր ամբողջ երկրին, ժողովրդին, մեր ապագային եւ հավատին. եւ պիտի անպայման մահապատիժը կիրառվի, որպեսզի ժողովուրդը հասկանա, որ այդպիսի ոճրին հատուցում եւ պատիժ է սպասվում»։ Մանուկ Գասպարյանի անձնական կարծիքը հետեւյալն է. ծանր հանցագործությունների, սպանությունների դեպքում մահապատիժը պարտադիր պետք է կիրառվի. «Իսկ «27»-ի մասով, ասեմ՝ եթե մենք համոզված ենք, որ կան պատվիրատուներ, մենք իրավունք չունենք այդ պատվիրատուներին չհայտնաբերած, կատարողներին գնդակահարել։ Հետքը կորելու է»։ ՀԺԿ անդամ Արամայիս Բարսեղյանը ԵԽ-ից վերադարձած պատգամավորներին (ովքեր կողմ են մահապատժի վերացմանը) որակեց որպես «անսկզբունքային»։ Ըստ Ա. Բարսեղյանի. «Մենք դեռ չենք կերտել այն հասարակությունը, որտեղ կարելի է բացառել մահապատիժը։ Այսօր մենք դատապարտում ենք այն պատգամավորներին, ովքեր կողմ կլինեն մահապատժի վերացմանը։ Նրանք ամենամեծ դավաճաններն են։ «Հոկտեմբերի 27» տեսած խորհրդարանի պատգամավորները իրավունք չունեն վերացնել մահապատիժը։ Դրանով նրանք կխրախուսեն ահաբեկչությունը»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել