ՄԱՏԱՂ ՍԵՐՆԴԻ «ՔԱՂԱՔԱԿԱՆ» ԴԻՐՔՈՐՈՇՈՒՄԸ Երեւանի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն կառավարող իտալական «Էյ-Յութիլիթի» ընկերության ղեկավար Ռիչարդ Վոլքլինգը լրատվամիջոցների ներկայացուցիչներին ոչ միայն պատմեց մեր երկրի ջրային հարուստ պաշարների ու Սեւանին հասցված վնասների մասին, այլեւ բոլորիս խորհուրդ տվեց զգույշ օգտագործել ջուրը՝ խնդրելով այդ խորհուրդը փոխանցել մեր ընտանիքներին ու ընկերներին։ «Էյ-Յութիլիթին», մայրաքաղաքի կրթության վարչության հետ համատեղ, մի շարք դպրոցների 4, 5, 6-րդ դասարաններում անց էր կացրել «Ջուրը մեր կյանքում» թեմայով երկօրյա դասընթաց ու շարադրությունների մրցույթ։ Մրցույթի նպատակն էր՝ երեխաներին մատչելի ներկայացնել ջրի կարեւորությունը եւ շեշտել այն հանգամանքը, որ ջուրը, ինչպես յուրաքանչյուր բնական ռեսուրս, անսահմանափակ չէ։ «Էյ-Յութիլիթիի» աշխատակցի համոզմամբ, դպրոցականները ըմբռնող ու շահագրգիռ մոտեցում են դրսեւորել խնդրո առարկայի շուրջ՝ այն արտահայտելով իրենց աշխատանքներում։ Քաղաքապետարանի կրթության վարչության պետի փոխարեն ասուլիսին ներկա էր վարչության գլխավոր մասնագետ Նաիրա Հարությունյանը, որի արտահայտած կարծիքը շարադրությունների վերաբերյալ՝ առավել քան ցնցող էր։ Ըստ նրա՝ մատաղ սերունդը «քաղաքական ճիշտ դիրքորոշում ունի ջրի նկատմամբ»։ Իսկ թե քաղաքական ասելով ինչ էր հասկանում նա, այդպես էլ անհայտ մնաց։ «Ջուրը մեր կյանքում» շարադրությունների մրցույթի մասնակիցները (Նարեկացու անվան թիվ 137, Նժդեհի անվան թիվ 161, Դեմիրճյանի անվան թիվ 27, Աճառյանի անվան թիվ 72 եւ այլ դպրոցների աշակերտներ) պարգեւատրվեցին պատվոգրերով։ Իսկ Դ. Դեմիրճյանի անվան դպրոցի տնօրեն Անահիտ Բախշյանը, կարեւորելով զրույցների ու շարադրությունների ձեւով երեխաների մեջ տնտեսվարության զգացում դաստիարակելը, նաեւ նկատեց, որ անհրաժեշտ է ունենալ համապատասխան տեխնիկական միջոցներ, թեկուզ պարզ ծորակներ, որոնցից զուրկ են դպրոցները։ Իսկ այս պայմաններում «հաստատ կգտնվի մեկը, որ կմոռանա փակել ջուրը»։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ