Ո՞Վ Է ՀՈՎԱՆԱՎՈՐԸ… «Աշխատանքի դիմաց՝ նպաստ» զբաղվածության պետական ծրագիրը 2001թ. նոյեմբեր, դեկտեմբեր ամիսներին ՀՀ մարզերում, ինչպես նաեւ մայրաքաղաքում շատ գործազուրկների ապահովեց ժամանակավոր աշխատանքով։ Այս ծրագրի շրջանակներում նախատեսվում էր իրականացնել մասնագիտական որակավորում չպահանջող եւ սոցիալական ուղղվածություն ունեցող աշխատանքային գործունեություն (շրջակա տարածքների կանաչապատում, բակերի բարեկարգում եւ այլն)։ Ծրագրով նախատեսվածի համար 2001թ. պետբյուջեն հատկացրել էր 500 մլն դրամ։ Տարին ավարտվեց, սակայն գործազուրկներն իրենց կատարած աշխատանքի դիմաց նպաստներն այդպես էլ չստացան։ Խնդրի առնչությամբ «Առավոտը» բազմաթիվ հեռախոսազանգեր է ստանում։ Խնդրում են պարզել, թե այդ գումարները ե՞րբ են տրվելու։ Խմբագրություն զանգահարած մի կին էլ վիրավորված պատմում էր, թե իր կարծիքով, զբաղվածության կենտրոնի կողմից իրեն առաջարկված երկամսյա աշխատանքներն արտասահմանցիներն են հովանավորում։ Եվ հավատալով, որ խաբեություն չի լինի, համաձայնել էր աշխատել։ ՀՀ սոցապնախարարության զբաղվածության հանրապետական ծառայության պետ Գ. Բլեյանը չժխտեց նպաստներն ուշացնելու փաստը, բայց նաեւ հավաստեց. «Բոլորս շահագրգռված ենք, որ գումարները տրվեն։ Սոցապ նախարարությունը հաշվետվություն է տվել, ամենուշը մինչեւ փետրվարի 10-ը վճարումները կիրականացվեն»։ ԼՈՒՍԻՆԵ ԲՈՒԴԱՂՅԱՆ