Զվարճաբան լրջմտություն Գայլը ոչխարին սիրելուց ասում է նրան՝ ուտեմ քեզ։ Եվ ակնկալում է, որ ոչխարը նրան սիրելուց ասի՝ բարի ախորժակ։ Ձուկը կերար, գինին խմեցիր՝ վայ ձկան գլխին… Ձուկն իր գլխին քացախ շաղ տվեց եւ գինուն ասաց՝ «իշտահիդ քացախ»։ Բայց դարձյալ չկարողացավ գլուխը փրկել։ Միջակությունը լավ է զգում ուրիշի տաղանդի ուժը, որը նրանից քամում է արվեստի մեջ իր միջանկյալ գոյության խոստովանությունն ինքն իր առաջ։ Երբ մարդը մարդուն գայլ է, ժողովուրդն ինչպե՞ս կարող է ոչխար համարվել, մինչ ամենամեղմ լուտանքը լինում է այն, որ մեկը մյուսին ոչխար է ասում։ Մարդը մարդուն որսորդ է, հատկապես նախընտրական կամպանիայի ժամանակ։ Արդի հասարակության մեջ ամենաազատ մարդուց կատարյալ բռնակալ կստացվի, քանի որ ընտելացած լինելով առավելագույն ազատության, միայն իր համար այն պիտի կիրառվի վերեւից։ Մի մեղադրեք հեղափոխականների դիկտատորական հակումները։ Քանի որ ժողովուրդների բարեկամությունն առավելապես հաջողվում է, երբ նրանք աշխարհագրականորեն հեռու են լինում իրարից, ապա այդ վիճակը հարեւանների միջեւ մասնակիորեն իրականացնելու համար հարկավոր է նրանց արանքում ստեղծել ընդլայնված չեզոք գոտի՝ հաշվի առնելով տվյալ երկրների տարածքի չափն ու բնակչության խտությունը։ Եվ այդ չեզոք գոտիները հարկավոր է դարձնել աքսորավայր երկու կողմերի կատաղի նացիոնալիստների համար։ Սույն ծրագիրը գործնականում իրականացնողը ամեն տարի կարժանանա Խաղաղության նոբելյան մրցանակի։ Վերոհիշյալ առաջարկի մտահղացման համար խնդրում եմ թոշակի թեթեւակի բարձրացում, ինչպես եւ գործուղում՝ ՄԱԿ-ում իմ ծրագիրն ավելի մանրամասն ներկայացնելու համար։ Կեցցե ընկեր Ստալինը, որին հարկավոր էին Գոգոլներ եւ Շչեդրիններ եւ որի կոչի շնորհիվ «Հայպետհրատը» լույս ընծայեց նրանց երկերի թարգմանությունների լիակատար ժողովածուները՝ մեծ տպաքանակով։ Ու դրանով իսկ նա իր նպաստը ցուցաբերեց մերօրյա մայթեզրային բուկինիստների կենսամակարդակի բարձրացմանը, թեպետ այսօր ոչ ոքի ոչինչ պետք չէ։ Լավագույնս ընթերցվում են երկրից դուրս գնալու փաստաթղթերը։ Դժգոհում են, որ խելքիդ զոռ ես տալիս. որքան հոգ են տանում քո խելքի հանգստության մասին։ Նրա մասին ասում են՝ մի ծալը պակաս է, կարծես հաշված լինեն նրա ուղեղի ծալքերը։ Նա ասում է՝ «ջանիդ մեռնեմ, բոյիդ մեռնեմ, խելքիդ մեռնեմ…»։ Պարզվում է՝ թաղման գրասենյակի աշխատակցի ազգականն է։ Բժշկությունը միակ ասպարեզն է, որի մասնագետները չեն ասում՝ թաղեմ քեզ… միայն գործում են։ Եվրախորհրդի մի շարք նոր անդամներ չեն տարբերվում գյուղից քաղաք տեղափոխված ընտանիքներից։ Ոչխարին ինչո՞ւ չեն տեղափոխում կենդանաբանական այգի։ ՎԱՐՈՒԺԱՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ