Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ…»

Փետրվար 01,2002 00:00

«ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈ՛ՒՆ, ԺՈՂՈՎՈՒՐԴ…» Չպետք է կարծել, որ տոնավաճառները անհետացել են անցած դարի գրկում, դրանք մեր նորօրյա ժամանակներում նոր դեմք են առել եւ կազմակերպվում են տրանսպորտում, ուղեւորներին չզրկելով քաղցր օրերի հուշից եւ, ինչու չէ, էժան սակագներով առեւտուր անելու հաճույքից։ Երբ բոլորը կազմ ու պատրաստ, անհամբեր սպասում են «վերջին ուղեւորին» փնտրող վարորդին, ծանրաբեռ ուսապայուսակներով եւ զամբյուղներով ավտոբուս է բարձրանում շրջիկ-վաճառողը եւ սառած ձեռքերը բերանի գոլորշիով տաքացնելով ու տնտղելով, կանխավ որոշում է ուղեւորների վճարունակության եւ հետաքրքրության չափը ու սկսում է «օպերացիան»։ – Ուշադրությո՛ւն, ժողովուրդ, ես եկել եմ Իտալիայից, Ձեզ համար բերել եմ տարբեր ձեւի ու գույնի գրիչներ եւ ուզում եմ նվիրել բոլորիդ, փոխարենը դրամ վերցնելով։ Հումորով սկսած առեւտրի ընթացքում, 1 գրիչ ավելի վերցնող հաճախորդի վարմունքից վիրավորված գրչավաճառն ասում է. – Ա՛յ մարդ, ես Իտալիայից քեզ համար գրիչ բերեմ, դու էլ քո շահադիտական ձեռնարկումով ինձ ու էս ազգին խայտառակե՞ս իտալացիների մոտ, ամո՛թ է, ամո՛թ։ Ամոթանք տալով, վաճառողը տեղը զիջում է իր հերթին սպասող գործընկերոջը եւ հաշվելով առեւտրից գոյացած գումարը՝ շտապում կողքի ավտոբուս։ – Ուշադրությո՛ւն, ժողովուրդ,- հայտնվում է բոլորի կողմից արդեն հայտնի հաջորդ մանրավաճառը՝ Աշոտ ձյաձյան,- ծամոններ, ասեղներ, «լեզվի», խաղաթղթեր 36 եւ 54 հատով,- տեսնելով, որ ուղեւորները հեռուստադիտողի պահանջկոտությամբ են դիտում ցուցադրվող ապրանքների գովքը, անհանգստանում է,- ա՛յ ժողովուրդ, հո քնա՞ծ չեք, գրիչներ էլ ունեմ… – Դու ուշ եկար Իտալիայից, գրիչ արդեն առանք,- ճչում է մեկը։ – Գրիչ առար, հո արաղի «գրադուսնիկ» էլ չառա՞ր, հետո կփոշմանեք, չեք ճարի։ «Չճարելուց» վախեցած՝ սկսվում է առեւտուրը… – Ա՛յ մարդ, արագացրու, իջիր, որ «շոֆերը» բարձրանա՝ գնանք,- ասում են բոլորը։ Վերջապես Աշոտին էլ ենք հրաժեշտ տալիս եւ դիմավորում… հերթական առեւտրականին։ Կնոջը կարելի՞ է կոպտել, հիմա էլ ստիպված սրա ապրանքի գովքն ենք լսում, որը մի ողջ գրախանութ կարող է ապահովել։ – Ուշադրությո՛ւն, ժողովուրդ, ես նախկինում լավ գործերի եմ աշխատել, բայց կյանքը ստիպեց վերադառնալ ժողովրդի գիրկը, ուստի հիմա չարաշահում եմ ձեր համբերությունը,- նախաբանից հետո գործի է անցնում կինը,- գիտեմ, որ մեծն Թումանյանի հայրենիքից եք, բայց խնդրում եմ ուշադրություն դարձնել իմ հայրենի Ապարանից մի նորահայտ, բայց Թումանյանին տաղանդով չզիջող բանաստեղծի նոր ժողովածուին,- ոչ մի գովք չխնայելով, տարերքի մեջ շաղակրատում է կինը։ – Մայրիկ, էդքան լա՞վ գրող է,- հարցնում են այսուայնտեղից։ Համոզելու համար կինը սկսում է նորահայտ գրողի ստեղծագործություններից կազմված ասմունքի բաժինը, ինչը կատարվում է արտիստիկ ու ճոխ առոգանությամբ, որից, ցավոք, զուրկ են մեր ժամանակակից ասմունքողներից շատերը։ Գրողի գիրքը, որի մասին բոլորս առաջին անգամ էինք լսում, չվաճառվեց։ Կինը շարունակեց. – Ուշադրությո՛ւն, ժողովուրդ, ձեր հիվանդությունները բուժելի են։ Այս գիրքը աղիների, հոդատապի, երիկամների, ստամոքսի խոցի…,- յուրաքանչյուր օրգանը թվարկելով, կինը ձեռքը դնում է սեփական մարմնի համապատասխան տեղը։ – Ժողովուրդ, իսկ այս մյուս գիրքը սեռական հիվանդությունների մասին է,- ի տարբերություն նախորդի, բարեբախտաբար այս գրքում նկարագրվող օրգանները չի թվարկվում ու չի ցուցադրվում։ Եվ, այ զարմանք, ռադիոունկնդիրների պես համրացած ուղեւորները միանգամից ակտիվանում են՝ ի հայտ բերելով իրենց ներսում բուն դրած վերոհիշյալ հիվանդությամբ տառապողների հսկայական հանրագումարը։ Կինը տարերքի մեջ սկսում է իր բուժած հիվանդների թվարկումը, որ մեկին փրկել է անպտղությունից, մյուսին վերադարձրել է արդեն քայքայված ընտանիքի գիրկը եւ այսպես շարունակ… Ավտոբուսը որտեղ «հանգրվանեց»՝ ուղեւորասրահը լցվեց տվյալ շրջանի բարբառով, մրգերով, ադաթով։ Ճամփաբաժան-հանգստարանում գնիր՝ ինչ սիրտդ կուզի, էլ խորոված, էլ քյաբաբ ու խաշ, լավաշ ու չիր, հոնի օղի.. ո՞րը թվարկես։ Հանրակառքում՝ բոլորի մթագնած ախորժակը գրգռված, համեղ հոտերը քթներում, աննկատ հասանք Վանաձոր։ Դեռ ուղեւորները չիջած, իրար հրմշտելով ավտոբուս են լցվում ավտոկայանում թխվածքաբլիթները սկուտեղներով «պտտող» շրջիկները։ – Ա՛յ քույրիկ,- նեղանում է վարորդը,- սպասիր մարդիկ գոնե իջնեն։ Իսկ ավտոբուս դեռ չբարձրացած թխվածքավաճառները գոռում են բախտավոր կոլեգային. «Ախչի՜, ճամփա տուր մենք էլ առաջ գանք»։ – Խի՞, ես ձեզանից վա՞տ եմ առաջ գնում, ա՛յ անշնորհքներ,- եռուզեռով առեւտուր անելով նետում է հաջողակը։ Պիտի խոստովանել, որ մասնագիտությանը նվիրված ամենաթունդ առեւտրականներին միայն Լոռիում կարելի է հանդիպել։ «Թխվածք պարածողները» շռայլորեն գովելով գնորդներին, հետկրնկին շշպռում են իրար, ուղեւորասրահում թվարկելով միմյանց ֆիզիկական արատները, տարիների խորքում նիրհող վատ հուշերը… Կռվողներին «հրաժեշտ տալով» Վանաձորում, շարունակում ենք ճանապարհը։ Փամբակում, Շահալիում, Քոբերում առեւտրականները ավտոբուս չեն բարձրանում։ Չէ, կուլտուրական վերաբերմունքից չէ, ապրանքը ավտոբուս չմտնելու անհարմարությունից է, այստեղ վաճառվողը «փետն» է։ Հասանք Ալավերդի։ – Էկա՜վ, ավտոբուսն էկա՜վ,- ճչացին այսուայնտեղից, մեր ու մանուկ, կին ու տղամարդ իրար անցան։ Ցավոք, անկարող եմ նկարագրել ալավերդցի առեւտրականների ապրանքների տեսականին, քանզի ուղեւորությանս ավարտին հասնելով եւ դեպի ավտոբուս վազող բազմությունից խույս տալով՝ շտապ դուրս ելա տրանսպորտից։ ԱՐՄԵՆ ՏԵՐ-ՔԱՌՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել