Շատերն աղքատացան կամ հարստացան Լոտո խաղալը, ժողովրդի լեզվով ասած, «ղումար» խաղալ է։ Իրավաբանական լեզվով՝՝ մոլեխաղ է։ Ինչպես հայտնի է, գործող ՀՀ քրօրի 227 հոդվածի համաձայն, դրամով, իրերով եւ այլ արժեքներով մոլեխաղեր (թղթախաղ, զառախաղ, պտուտախաղ, մատնոց եւ այլն) կազմակերպելը պատժվում է ազատազրկման մինչեւ մեկ տարի ժամկետով՝ գույքի բռնագրավումով կամ առանց դրա։ Այսպիսով, օրենսդիրը մոլեխաղերի սպառիչ ցանկ չի սահմանել։ Լոտո խաղալու գովազդը շատ ընտանիքների համար չարիք է դարձել այն առումով, որ երիտասարդ տղաներն ու աղջիկները, անտեսելով իրենց ընտանիքի սուղ պայմանները, լոտոյի տոմս են գնում, որի հետեւանքով նման շատ ընտանիքներ զրկվում են օրվա հաց գնելու հնարավորությունից։ Հեռուստատեսության գրեթե բոլոր ալիքներով գիշեր ու ցերեկ, անընդհատ ու անընդմեջ, սեւեռուն կերպով լոտոյի տխրահռչակ գովազդն են անում, որը ազդում է մարդկանց նյարդային համակարգի վրա։ Լոտոյի մասին գովազդ անելիս պետք է ասել ճշմարտությունը, այն է՝ լոտո խաղացողը կարող է շահել, կարող է տուժել, որ մեկը շահում է, իսկ հազարավորները՝ տուժում։ Գործող քաղաքացիական օրենսգրքով նախատեսված է մի ամբողջ իրավական ինստիտուտ՝ անհիմն հարստացման հետեւանքով ծագած պարտավորությունների վերաբերյալ։ Քաղաքացիական օրենսգրքի 1092 հոդվածով սահմանված է, որ այն անձը, ով ուրիշ անձի հաշվին ձեռք է բերել գույք (դրամն էլ գույք է), պարտավոր է տուժողին վերադարձնել անհիմն ձեռք բերած գույքը (անհիմն հարստացումը)։ Հարց է ծագում, եթե լոտոյի տոմսով, ինչպես գովազդում է ասվում, անձը շահում է 25 հազար դոլար կամ մի պարկ ոսկի եւ այլ թանկարժեք գույք, ապա մի՞թե դա անհիմն հարստացում կամ, այլ կերպ ասած, անհիմն շահառություն չէ։ Լոտոյի տոմսով մինչեւ 25 հազար դոլար շահել նշանակում է՝ հազարավոր լոտոյի տոմս ձեռք բերողները պետք է տուժեն, որ մեկը շահի։ Ընդ որում, եթե այդ շահում կոչվածը իմիտացիա կամ պատրանք չէ։ Դյուրահավատ մարդկանց մոլորության մեջ գցելը բարոյական չէ։ Ինչպես գովազդը, այնպես էլ սուտը, չափ ու սահման պետք է ունենան։ Եթե, այնուամենայնիվ, լոտո խաղալը ժողովրդի համար կենսական նշանակություն ունի, ապա շահումի առավելագույն չափը կարելի է սահմանել մինչեւ 100 դոլար կամ դրան համարժեք իր եւ ոչ թե մի պարկ ոսկի, ինչպես հեքիաթներում է ասվում։ ՇԱԼԻԿՈ ԴԱՐԲԻՆՅԱՆ փաստաբան