ԵՐԵՔ ՄԱՏԻ ԿՈՄԲԻՆԱՑԻԱ ԵՎ… Վ. Բրյուսովի անվան պետական լեզվաբանական համալսարանում քննության ընթացքում արտառոց դեպք է տեղի ունեցել։ Դրանից հետո համալսարանի ռեկտոր Սուրեն Զոլյանի հունվարի 10-ի հրամանով 35 տարի այդ բուհում աշխատած դոկտոր-պրոֆեսոր Սերգեյ Մանուկյանը, ինչպես ինքն է գրում՝ «Հեռացվել եմ աշխատանքից անբարոյական արարք կատարելու եւ աշխատանքից բացակայելու ձեւակերպումներով»։ Նման ձեւակերպումներ Ս. Զոլյանի հրամանում չկան եւ ըստ ռեկտորի՝ իրենք առաջնորդվել են ՀՀ աշխատանքային օրենսգրքի 280-րդ եւ 36-րդ հոդվածներով եւ մանկավարժության ամբիոնի դասախոս Ս. Մանուկյանին աշխատանքից ազատել մանկավարժին ոչ վայել արարքի եւ առանց հարգելի պատճառի աշխատանքից բացակայելու համար։ Իսկ արարքը կողմերը տարբեր կերպ են ներկայացնում եւ գնահատում։ «Առավոտին» ուղղած բողոքում Ս. Մանուկյանը պատմում է, որ 2001թ. դեկտեմբերի 19-ին մանկավարժության կաբինետում քննություն ընդունելու ժամանակ ամբիոնի լաբորանտներին առաջարկել է դադարեցնել աշխատանքը համակարգչի վրա եւ դուրս գալ քննասենյակից։ Լաբորանտները հաշվի չեն առել այդ պահանջները եւ Ս. Մանուկյանը նրանց արարքը լկտիություն է կոչել, իսկ երբ ամբիոնի վարիչ Մելանյա Աստվածատրյանը նրանից պահանջել է ներողություն խնդրել այդ երիտասարդ աղջիկներից, պրոֆեսորը, ինչպես ինքն է գրում, «երեք մատի կոմբինացիայով արտահայտել է իր վերաբերմունքը նման անարդար պահանջի նկատմամբ»։ «Ճիշտ է, տգեղ երեւույթ էր, բայց դե մարդը հո ռոբոտ չէ՞, երբեմն էլ սայթաքում է,- խոստովանում է պարոն Մանուկյանը, բայց նաեւ դժգոհում,- ամբիոնի նիստում բոլորը միայն ինձ մեղադրեցին, բայց չէ՞ որ լաբորանտները եւս մեղք ունեին։ Այդ դեպքը չէր լինի, եթե օրիորդները, հարգելով պրոֆեսորի գոնե տարիքը, գնային եւ ամբիոնի վարիչին հայտնեին, որ իրենց թույլ չեն տալիս մնալ քննասենյակում»։ Ս. Զոլյանը մեզ տրամադրեց դեկտեմբերի 22-ին կայացած ամբիոնի այդ նիստի արձանագրությունը, նաեւ այլ փաստաթղթեր։ Նիստի արձանագրությունից երեւում է, որ նիստին ներկա մանկավարժության ամբիոնի դասախոսները միաձայն մեղադրել են պարոն Մանուկյանին, արձանագրել, որ նման դեպքեր, երբ Ս. Մանուկյանը ափերից դուրս է գալիս եւ տեսարաններ սարքում, էլի են եղել։ Իսկ լաբորանտների վկայությամբ, իրենք խնդրել են Ս. Մանուկյանի հանձնարարությամբ ինչ-որ տեքստ հավաքող ուսանողուհուն ազատել համակարգիչը, քանի որ այն իրենց անհրաժեշտ էր, ինչը վրդովեցրել է Ս. Մանուկյանին։ Լաբորանտները նաեւ ասել են, որ քննությունը 40 րոպե ուշ է սկսվել. «Ս. Մանուկյանի կողմից իր գրքի առեւտրային գովազդի պատճառով, երբ ուսանողներին առաջարկվել է կամ պարտադրվել գնել 400 դրամ արժողությամբ գրքերը»։ Այս մեջբերումն արդեն դեպքը քննելու նպատակով ստեղծված հանձնաժողովի եզրակացությունից է։ Դրանում նաեւ շեշտվում է, որ այդ օրը քննություն հանձնող ուսանողուհին «Ս. Մանուկյանին հետաքրքրող նյութեր էր հավաքում կոմպյուտերի վրա, որի արդյունքում ձախողվել է ամբիոնի վարիչի՝ լաբորանտներին հանձնարարված աշխատանքը»։ Ի վերջո, հանձնաժողովը դատապարտել է պարոն Մանուկյանի՝ «մանկավարժին ոչ հարիր արարքն ու վարքագիծը եւ հարցը ներկայացրել ռեկտորատի քննարկմանը»։ Սերգեյ Մանուկյանը իր զեկուցագրում չի ժխտում, որ ուսանողը իր խնդրանքով համակարգչի վրա շարելիս է եղել հրապարակման պատրաստվող իր զեկուցումը եւ պնդում է, որ լաբորանտներին խնդրել է մի տասը րոպե սպասել, իսկ նրանք իրենց հարգալից չեն պահել պրոֆեսորի հանդեպ։ Իսկ իր դասագիրքը վաճառելու մեղադրանքը ժխտում է։ Ինչ վերաբերում է աշխատանքից անհարգելի բացակայություններին, ապա ըստ Ս. Մանուկյանի՝ ինքը 2001թ. դեկտեմբերի 28-ից մինչեւ 2002թ. հունվարի 15-ը Մոսկվայի Կ. Ուշինսկու անվան գրադարանում աշխատել է իր նոր գիտական աշխատության վրա, քանի որ իրենց բուհում չկա աշխատասենյակ եւ գրականություն եւ նա հիմնականում գրադարաններում է աշխատում, ու այդպես է գրել իր բազմաթիվ գիտական աշխատությունները։ Սակայն Սուրեն Զոլյանի պատճառաբանությամբ՝ Ս. Մանուկյանը չի դիմել ռեկտորատ եւ չի ստացել աշխատանքից բացակայելու որեւէ թույլտվություն՝ ինչպես կարգն է եւ նրա բացակայությունները փաստորեն անօրինական են։ Հենց այս արդարացմամբ էլ պարոն Զոլյանը մերժեց Ս. Մանուկյանի այն մեղադրանքը, որ առանց վերջինիս ներկայության են հանձնաժողովում եւ արհկոմի նիստում քննարկել նրա հարցը եւ ազատել աշխատանքից՝ չընձեռելով բացատրություններ տալու հնարավորություն։ Ռեկտորը նաեւ նշեց, որ այդ բացատրությունները տրվել են ամբիոնի նիստում եւ Ս. Մանուկյանի զեկուցագրում։ Իսկ ի պատասխան այն մեղադրանքի, թե ռեկտորն իր հրամանում հղում է անում արհկոմի, հանձնաժողովի, ամբիոնի վարիչի զեկուցագրերին, սակայն դրանցում Ս. Մանուկյանին աշխատանքից ազատելու պահանջ չկա, Ս. Զոլյանը տեղեկացրեց, որ որոշումը ընդունում է ռեկտորը, իսկ վերոնշյալ զեկուցագրերը բավարար հիմք էին աշխատանքից ազատելու որոշում կայացնելու համար, մանավանդ որ, ըստ ռեկտորի՝ դա առաջին նման դեպքը չէր եւ ահազանգեր էլի են եղել։ Հարցին՝ մի՞թե հնարավոր չէր ներողամիտ լինել իր կյանքի 35 տարիները մանկավարժությանն ու գիտությանը նվիրած դոկտոր-պրոֆեսորի հանդեպ, ռեկտորը նկատեց, որ «այլեւս հանդուրժել հնարավոր չէր». Ս. Մանուկյանը բոլորին անպատվել է, հրաժարվել գոնե մեկ անգամ ներողություն խնդրել եւ դրանից հետո էլ ցուցադրական, առանց տեղեկացնելու բացակայել է աշխատանքից։ Պարոն Զոլյանը նաեւ նշեց, որ Ս. Մանուկյանը քննությունների եւ դասերի ժամանակ միշտ շեղվել է ծրագրային պահանջներից՝ առաջնորդվելով իր գրած ծրագրերով։ Դատելով վերը նշված զեկուցագրերից եւ Ս. Մանուկյանի պարզաբանումներից՝ այս խնդիրը հաճախ է տարաձայնությունների ու ընդհարումների պատճառ դարձել։ Քննության հարցաշարը Ս. Մանուկյանը կազմել է իր հայեցողությամբ՝ մերժելով ամբիոնի հաստատած միասնական հարցաշարը։ Իր զեկուցագրում պրոֆեսոր Մանուկյանը այս առթիվ արդարանում է, թե՝ «խախտել եմ կարգը հանուն գործի շահերի»՝ նկատի ունենալով, որ ուսանողների համար կարդացած իր դասընթացից դուրս հարցեր կային ամբիոնի տված հարցաշարում եւ ուսանողների համար դժվար պիտի լիներ։ Նաեւ բողոքում է, որ իր կողմից արդեն երեք տարի ներկայացված առարկայական ծրագրերը անտեսվում են եւ չեն քննարկվում։ Ու նկատում է՝ «Ինչո՞ւ պիտի Ա. Կուզմինսկայան Յու. Բաբանսկու խմբագրած մանկավարժության դասագրքի ծրագիր կազմի, երբ ամբիոնի անդամ դոկտորը կազմել է ծրագիր՝ հաշվի առնելով հայոց դպրոցի հոգսերը եւս»։ Ս. Մանուկյանի պնդմամբ՝ իրեն աշխատանքից ազատելու «պատճառներ կոչվածները միայն առիթ են, իսկ պատճառն ուրիշ տեղ է»։ Նրա կարծիքով՝ բուհի պրոռեկտոր Արշակյանը եւ ռեկտոր Սուրեն Զոլյանն իր հետ անձնական խնդիրներ ունեն եւ վրեժ են լուծում։ Ընդ որում՝ ռեկտորը վրեժ է լուծում 1999թ. «Առավոտում» իր դեմ եղած քննադատական հրապարակման համար, որի հեղինակը Ս. Մանուկյանն է։ Ս. Զոլյանի հավաստմամբ՝ եթե ինքն անձնավորված վերաբերմունք ունենար Ս. Մանուկյանի հանդեպ, վերջինս չէր վերընտրվի իր պաշտոնում, ինչը դժվար չէր անել՝ հաշվի առնելով Ս. Մանուկյանի վարքագիծը։ Սուրեն Զոլյանի վկայությամբ՝ պրոֆեսոր Մանուկյանը պարզապես չէր ընդգրկվում պետական քննությունների հանձնաժողովում, քանի որ «այդ քննությունները դարձնում էր բալագան»։ Իսկ պրոֆեսոր Մանուկյանը պատրաստվում է դատարանում վիճարկել իր արդարացիությունը։ ՆԱԻՐԱ ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ