Մոծակները ունեին թույլտվություն Բնապահպանության նախարարության կենսաբազմազանության վարչության փաստաթղթերից մեկում արձանագրված է, որ ԳԱԱ մի աշխատակցի թույլատրվել է 365 մոծակ արտահանել հանրապետությունից։ Իհարկե, գովելի է, որ բնութնախարարությունը մտահոգված է մեր ամեն մի մոծակով ու պատրաստ է արգելել մաքսանենգ ճանապարհով դրանց հանրապետությունից դուրս տանելը։ Սակայն հարց է ծագում, նույն սրտացավությա՞մբ են աշխատում մաքսային ծառայության աշխատակիցները, որոնց ձեռքի տակ չկա արտահանման տեսանկյունից հետաքրքրություն ներկայացնող բույսերի ու կենդանիների ցուցակը։ Եվ ինչպե՞ս կվարվեին նրանք, եթե, օրինակ, հայտնաբերեին, որ գիտնականը ոչ թե 365, այլ 366 մոծակ է դուրս տանում հանրապետությունից։ Մանավանդ, ըստ կենսաբազմազանության վարչության պետի տեղակալ Սերգեյ Շաշիկյանի՝ «մաքսային վարչությունը արտահանողից կարող է պահանջել կամ չպահանջել բնապահպանության նախարարության կողմից տրված արտահանման թույլտվությունը, քանի որ դա պարտադիր նորմ չէ»։ Դրա պատճառը Ա. Շաշիկյանը համարում է վայրի բույսերի եւ կենդանիների ՀՀ-ից արտահանման եւ հանրապետություն ներմուծման կարգի բացակայությունը։ Նա հայտարարեց, որ նման կարգ չի եղել նաեւ խորհրդային տարիներին։ Եվ իրավական դաշտը «մնացել է բաց ու չկարգավորված մինչեւ բուսական ու կենդանական աշխարհի մասին 1999 եւ 2000թթ. օրենքների ընդունումը»։ Ս. Շաշիկյանից տեղեկացանք, որ մաքսային վարչությունները, չգիտես ինչու, չունեն համապատասխան մասնագետներ, ուստի իրենց աշխատանքի ընթացքում «պարտավոր են հավատ ընծայել» արտահանվող եւ ներմուծվող ապրանքի տեսակի եւ բնութագրի մասին բնապահպանության նախարարության կողմից տրված փաստաթղթին»։ Իսկ որքանով է այն հավատընծա, բնականաբար, դժվար է ապացուցել։ Ի դեպ, վերը նշված օրենքների համաձայն՝ վայրի բույսերի ու կենդանիների արտահանման պատասխանատուն պետական լիազորված մարմինն է՝ այսինքն բնապահպանության նախարարությունը։ Իսկ նախարարության տեսակետն այն է, որ «եթե մի ձնծաղիկ էլ դուրս է բերվում հանրապետությունից, նախարարությունը պետք է տեղյակ լինի»։ Ըստ Շաշիկյանի՝ «յուրաքանչյուր երկիր իր գենետիկ ռեսուրսների տերը պետք է լինի, որոնք ազգային եւ ռազմավարական նշանակություն ունեն»։ Նա գտնում է, որ նախկին տարիներին Հայաստանից անխնա կերպով դուրս են տարվել բազմաթիվ բուսատեսակներ ու տարածվել տարբեր երկրներում։ «Նույնիսկ աֆրիկյան երկրները լատինամերիկյան խոշոր կազմակերպություններին իրենց երկրներից տարված գենետիկ ռեսուրսների (կակաո, սուրճ) ահռելի շահույթներից մասնաբաժին ունենալու պահանջ են դնում»,- հայտնեց կենսաբազմազանության վարչության պետի տեղակալը։ Կենսաբազմազանության վարչության պետի տեղակալը հավաստիացրեց, որ ներկայիս տնտեսական բարդ իրավիճակից կախված (շրջափակում, զրկվելը տրադիցիոն շուկաներից եւ այլն)՝ կրճատվել է վայրի բույսերի ու կենդանիների արտահանումը։ Եթե 98-99-ին տարբեր երկրներ (այդ թվում՝ Ուկրաինա, Հարավսլավիա) դեղաբույսերի (մասնավորապես անթառամ ծաղկի, սրոհունդի) արտահանման ուղղությամբ մեծ աշխուժություն էր նկատվում, ապա 2001-ից սկսած այն նվազել է։ Նա նկատեց, որ նախարարությունը մտադիր է վերջապես 2002-ի երրորդ եռամսյակում վայրի բույսերի արտահանման ու ներմուծման, ինչպես նաեւ բուսական ու կենդանական պաշարների օգտագործման կարգերը ներկայացնել ՀՀ կառավարության հաստատմանը, որը ձգձգվում է շուրջ 2 տարի։ Իսկ մինչ այդ, կոնկրետ 2001թ., ըստ նախարարության տվյալների՝ գրանցվել են բույսերի ու կենդանիների ներմուծման ու արտահանման հատուկենտ դեպքեր։ Այդ թվում՝ իրականացվել է 1-2 գործառույթ կենդանաբանական այգու հավաքածուն թարմացնելու նպատակով, ամերիկացի մի պրոֆեսոր բնութնախարարության թույլտվությամբ արտահանել է միջատների թրթուրներ, Հայաստանում գործող առեւտրային մի կազմակերպություն Ֆրանսիա է արտահանել գայլաձկան ձկնկիթ։ Անցյալ տարի մաքսային վարչության աշխատակիցները բռնագրավել են 6 բազե ու հանձնել կենդանաբանական այգի։ Թեւավոր «ապրանքը» մաքսանենգ ճանապարհով փորձ էր արվում տանել արաբական երկրներ։ Այսպիսով՝ ստացվում է, որ ըստ փաստաթղթերի՝ բնապահպանության նախարարության հրաշալի աշխատանքի շնորհիվ հանրապետությունից համարյա ոչինչ դուրս չի տարվում, քանի որ մաքսային վարչությունների աշխատակիցները եւս նրան չեն զիջում իրենց օրինակելի աշխատանքով։ Մնաց հավատալը։ ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆ