Ո՞րն է չարյաց փոքրագույնը ԵԽ-ին անդամակցությո՞ւնն է կարեւոր, թե՞ այն նախադեպի հաստատումը, որ պետության վրա ձեռք բարձրացրած ցանկացած ոք պիտի արժանանա առավելագույն պատժաչափի՝ այս հարցին է անդրադառնում ԱԺ պատգամավոր, ՀԺԿ քաղխորհրդի անգամ Էմմա Խուդաբաշյանը։ -ԵԽ ԽՎ-ում Հայաստանի պատվիրակության անդամները հայտարարեցին, թե Եվրախորհուրդը չի պատրաստվում որեւէ բացառություն անել մահապատժի վերաբերյալ, եւ վստահություն հայտնեցին, թե քաղաքական կուսակցությունները ուժ կգտնեն վերացնել մահապատիժը։ Համաձա՞յն եք այս գնահատականներին։ – Ո՛չ։ Եթե մենք վերացնենք մահապատիժը, մտավախություն ունեմ, որ տաքարյուն մեր հայրենակիցները օրենքի ողջ խստությամբ պատժելուց հույսը կտրելով՝ կապավինեն միայն անձնական հաշվեհարդարի, վրիժառության օրենքներին։ Կգտնվեն էլի մարդիկ, խմբեր, որոնք այլեւայլ դրդապատճառներով իրենց բողոքը կարտահայտեն ահաբեկչության ձեւով։ Սակայն ամբողջ աշխարհը դատապարտում է ահաբեկչությունը եւ ահաբեկիչներին ու նրանց դեմ պայքարի համար ընդունելի է համարում ամենածայրահեղ միջոցները։ (CNN-ի քաղաքական մեկնաբան Թաքլեր Կարլսոնը վերջերս ասել էր. «Խոշտանգումը վատ բան է, իսկ ահաբեկչությունը՝ էլ ավելի վատ։ Հետեւաբար, որոշ հանգամանքներում խոշտանգումը չարյաց փոքրագույնն է»։ Այս ձեւակերպումը կարելի՞ է տարածել նաեւ մահապատժի վրա- Ա. Ի.)։ Մենք ի՛նչ է, խրախուսո՞ւմ ենք ահաբեկչությունը՝ հրաժարվելով «Հոկտեմբերի 27»-ի ահաբեկիչներին առավելագույն պատժաչափի արժանացնելու հաստատակամությունից։ Սա արդեն միայն տուժածների եւ նրանց հարազատների գործը չէ, սա՝ ողջ հայ ժողովրդի խնդիրն է։ Եթե այսօր անտեսենք «Հոկտեմբերի 27»-ի գործոնը, մեծահոգաբար հրաժարվենք մահապատժից, վաղը էլի կգտնվեն հունանյաններ։ Մի՞թե այս պարզ ճշմարտությունը չեն հասկանում մահապատիժը վերացնելու կողմնակիցները։ Ո՛չ ոք պաշտպանված չի լինելու։ – Սակայն մտավախություն չունե՞ք, որ մահապատիժը չվերացնելու պարագայում դուրս կմնանք ԵԽ-ից, որին անդամակցությունը մեզ բոլորովին էլ հեշտ չի տրվել։ – Իսկ ի՞նչ է տվել մեզ այդ անդամակցությունը։ Առայժմ միայն այն, որ Եվրախորհուրդը մեր ներքին կյանքում փորձում է տեր ու տիրական դառնալ, թելադրել, թե ինչպես պիտի վարվենք մեր հանցագործների հետ։ Երկրորդ տերն է՝ Համաշխարհային բանկն էլ այնտեղից է կանոններ թելադրում։ Սոցիալական բեւեռացումը այնքան է խորացել այժմ, որ, կրկնում եմ, կգտնվեն էլի մարդիկ, խմբեր, որոնք տեսնելով այս կամ այն նախարարի հարստությունը, օբյեկտները՝ գուցե փորձեն նրա ֆիզիկական ոչնչացմամբ հարցեր լուծել։ Սա՛ պիտի մեզ առավել մտահոգի, մեր քաղաքացիների՛, պետությա՛ն ապահովության հարցը եւ ոչ թե՝ կանդամակցե՞նք այս կամ այն կազմակերպությանը կամ ոչ։ – Ամռանը Սյունիք կատարած իր այցելության ժամանակ ՀՀԿ խորհրդի նախագահ, վարչապետ Անդրանիկ Մարգարյանը միանշանակ ասաց, թե «Հոկտեմբերի 27»-ի ոճրագործների նկատմամբ պիտի՛ մահապատիժ կիրառվի, քանի որ նրանք ձեռք են բարձրացրել պետության վրա։ Ձեր կարծիքով, այժմ ԵԽ-ի այս անզիջում պահվածքից հետո ՀՀԿ-ն ե՞ւս կփոխի իր դիրքորոշումը։ – Ես համոզված եմ, որ նրանց դիրքորոշումը չի փոխվելու եւ չեն նահանջելու։ Նրանք պիտի մերժեն Եվրախորհրդի այս պահանջը։ Ես չեմ կասկածում, որ մեր յուրաքանչյուր պետական այր չի կարող չմտահոգվել վաղվա օրվա մասին, մաքուր չթողնել իր ոտնահետքերը։ Ես կարծում եմ, որ հասարակական կազմակերպությունները, ամբողջ ժողովուրդը չպիտի համաձայնեն այս պահանջին։ Ես համոզված եմ, որ յուրաքանչյուր իրեն հարգող պատգամավոր, որ հոկտեմբերի 27-ին արյան ծովի վերածված խորհրդարանի դահլիճում էր՝ հնարավոր չէ, որ «կողմ» քվեարկի մահապատժի վերացմանը։ Հարցազրույցը վարեց Ա. ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ