«ԾԱԿՎԱԾ» ԳՈՐԾԱԿԱԼԸ Անպայման արժե, որ «Հոկտեմբերի 27»-ի գործով խորհրդարանական հանձնաժողովը իր նիստերից մեկում լսի Հարություն Գրիգորյանին, որին ՆԳ մարմինները գիտեն իր «Շեյթան» գործակալական ծածկանունով, իսկ իր հայրենի Աշտարակում՝ «Բփիկ» մականունով։ Ընդհանրապես, օպերատիվ գործունեություն իրականացնող մարմինների հետ գաղտնի հիմունքներով համագործակցող կամ համագործակցած անձանց վերաբերյալ տեղեկությունները, կառավարության 1998 թ. մարտի 13-ի թիվ 173 որոշման համաձայն, դասվում են ՀՀ պետական գաղտնիքների շարքը։ Եվ ուղղակի անպատկերացնելի է, որ այս գործակալի հետ, ընդսմին՝ նրա ծածկանվան բացահայտմամբ, հարցազրույց հրապարակվեց իշխանամետ մամուլում եւ որեւէ մեկը չենթարկվեց պատասխանատվության պետական գաղտնիք հրապարակելու համար։ Թեեւ համանման մեկ այլ դեպքում, երբ մեր թերթը հրապարակում էր պատրաստել «Գոշ» ծածկանունով գործակալի մասին՝ անմիջապես նախազգուշացվեցինք համապատասխան մարմինների կողմից, որ նրա անունը բացահայտելու պարագայում կենթարկվենք քրեական պատասխանատվության։ Սակայն 50-ամյա Հարություն Գրիգորյանը, որը 7 անգամ դատվել է հիմնականում բնակարանային գողությունների համար, եւ ՆԳ մարմինների հետ համագործակցում է 1972-ից սկսյալ, արդեն իսկ բացահայտված գործակալ է։ Եվ նրան բացահայտել է ոչ այլ ոք, քան ԱԺ պատգամավոր, «Հոկտեմբերի 27»-ի գործով նախկին մեղադրյալ Մուշեղ Մովսիսյանը։ Ավելի ստույգ, պատճառն անզգույշ քննիչն է եղել, որը Մուշեղ Մովսիսյանին տվել է նույն հարցը, որը խիստ հետաքրքրել էր նաեւ խցիկում իր «ընկերոջը»։ Եվ Հարություն Գրիգորյանը դժգոհ է հեռացել ՆԳ համակարգից՝ ինչպես իրեն բացահայտելու եւ վտանգելու, այնպես էլ՝ «Հոկտեմբերի 27»-ի գործով իր կատարած աշխատանքը «չգնահատելու» համար։ Իսկ Մուշեղ Մովսիսյանն ընդամենը մեկն էր «Հոկտեմբերի 27»-ի գործով անցնողներից, որոնց հետ ՆԳ մարմինների հանձնարարությամբ աշխատանքներ է տարել Հարություն Գրիգորյանը։ Նա նստել է նաեւ Միսակ Մկրտչյանի, Էդիկ Գրիգորյանի եւ, վերջապես, Նորայր Եղիազարյանի հետ, որի մահվան հանգամանքներն այդքան հետաքրքրում են մեր խորհրդարանական հանձնաժողովին։ Եվ Հարություն Գրիգորյանը նրանց շատ ուշագրավ մանրամասներ կարող էր պատմել, եթե հանկարծ ու որոշեր չստել, հանձնարարություն չկատարել, խոսքը չփոխել… Սակայն խիստ կասկածում ենք, որ նա այդպես կվարվի՝ ոչ միայն, որ բոլորովին նպաստավոր կարծիքի չենք նման «ծառայություններ» մատուցող անձանց մարդկային նկարագրի վերաբերյալ, այլ քանի որ նրա պահվածքի վկայությունը կա՝ Մուշեղ Սաղաթելյանի նկատմամբ հարուցված գործն է, որի «շնորհիվ» Հարություն Գրիգորյանը դարձավ հայտնի գործակալ։ Այսպես. իրավապահ մարմիններին դեռ իր սկզբնական բացատրություններում Հարություն Գրիգորյանը պատմել էր, թե Մուշեղ Սաղաթելյանից իմացել է, որ Այգեկ գյուղում նրա տանը հավաքների ընթացքում, որոնց ներկա են եղել Նաիրի եւ Կարեն Հունանյանները, Միսակ Մկրտչյանը եւ Էդիկ Գրիգորյանը, վերջինս գաղտնի ձայնագրել է բոլոր խոսակցությունները, որոնք վերաբերել են Վազգեն Սարգսյանին եւ կառավարությանը հրաժարական պարտադրելուն։ Ըստ Հարություն Գրիգորյանի պատմածի, ինքն Էդիկ Գրիգորյանից լսել էր, թե նա ունի ապացույցներ, որոնք հետագայում կարող էր ներկայացնել այս գործով որոշ անձանց որպես օժանդակողներ ներգրավելու համար։ Սրանից էլ, թերեւս, բխում է այն հարցի պատասխանը, որը փնտրում է փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը. այն է թե, ինչո՞ւ էր Հարություն Գրիգորյանը գնացել Էդիկ Գրիգորյանի եղբոր տուն՝ մտացածին պատճառաբանությամբ։ Ենթադրելով, թե այդ ձայներիզը թաքցրել է Աշոտ Գրիգորյանը, ուղղակի ցանկացել էր որեւէ պատրվակով ծանոթանալ նրա հետ, վստահություն ձեռք բերել եւ վերցնել այդ ձայներիզը. «Այդ ամենը ես արել եմ անձնական նախաձեռնությամբ»։ Ավելին, ըստ Մուշեղ Սաղաթելյանի ցուցմունքի, Հարություն Գրիգորյանն իրեն հայտնել էր եւս մի ձայներիզի մասին, որի վրա Նաիրի Հունանյանը ձայնագրել էր իր եւ Ռոբերտ Քոչարյանի խոսակցությունը՝ դեպքից հետո ԱԺ-ում կայացած հանդիպման ժամանակ։ Այդ ձայներիզը նա խոստացել էր տրամադրել իրեն՝ Մուշեղ Մովսիսյանի «օրագրի» հետ։ Ճիշտ է, ավելի ուշ տված իր ցուցմունքներում Հարություն Գրիգորյանը այս ամենը շրջել էր Մուշեղ Սաղաթելյանի դեմ՝ նշելով, որ առաջին անգամ նրանից էր լսել այդ ձայներիզների մասին եւ պարտադրվել ձեռք բերել դրանք, «գլուխ պրծացնելու» համար էր գնացել Էդիկ Գրիգորյանի եղբոր տուն, Սաղաթելյանն է իրեն թելադրել Մուշեղ Մովսիսյանի «օրագիրը», եւ այլն։ Հենց միայն այդ «օրագրի» գրառումները լսելու եւ մի կուշտ ծիծաղելու համար արժե խորհրդարան հրավիրել այս գործակալին։ Ցանկացած մեկը, որը երբեւէ լսել է Մուշեղ Սաղաթելյանի խոսքը, անմիջապես կըմբռնի, թե ինչ առանձնապես խոշոր չափերի կեղծիք է այդ, այսպես կոչված՝ օրագիրը։ Դա արագ հասկացել էր նաեւ Մուշեղ Սաղաթելյանը եւ հենց ինքն էլ «օրագիրը» ներկայացրել էր նախաքննության մարմնին։ Ահա որոշ հատվածներ սեւ ֆլոմաստերով, աղջկական ձեռագրով այդ գրառումներից. «18.08.1999 թ. Ն.Կ.Է.-ն (թերեւս նկատի ունի՝ Նաիրի, Կարեն, Էդիկ-ն- Ա. Ի.) մեր տունն են, լրիվ համաձայն եմ նրանց հետ։ 18.09.1999 թ. Վովան ինձ նախատում է, որ պարզամիտ կերպով եւ մի քիչ կոպիտ Վազգենին հայհոյում եմ։ Ես չեմ քաշվում, ծնողներս գաղթական են, դառը օրեր են տեսել, չեմ ցանկանում, որ ապագան հետ գնա։ Ն. Հունանյանի հետ լրիվ համամիտ եմ։ Իմ զգացմունքներն ավելի խորացան, երբ Դուբայում հանդիպեցի Նաղդալյանին։ Նրա մեջ տեսա հայրենասիրությունը։ 29.09.1999 թ. Ն. Հ.-ին հանդիպեցի «Պապլավոկում», 800 դոլար տվի նրան։ Համաձայն եմ եւ վստահ եմ։ 2.10.1999 թ. Իմ վստահությունը հուսախաբ չեղավ, կան մարդիկ, որոնք մեր կողմն են եւ հավատում եմ, որ կլինի այնպես, ինչպես մենք ենք ցանկանում»։ Եվ այսպես շարունակ։ Նախապես նշենք, որ մեր պատգամավորական հանձնաժողովի անդամները մեկ այլ պատճառով էլ չպետք է առանձնապես ակնկալիքներ ունենան Հարություն Գրիգորյանի հետ հանդիպումից։ Վերջինիս ցուցմունքների համաձայն, հենց որ հայտնի է դարձել, թե այս հանձնաժողովը հետաքրքրվում է այն անձանցով, ովքեր նստել են «Հոկտեմբերի 27»-ի գործով մեղադրյալների հետ, մեկուսարանի ղեկավարությունը եւ ՆԳՆ Քրեական հետախուզության վարչությունն իրեն նախազգուշացրել են՝ մասնավորապես քաղաքական խաղերի մեջ չմտնել եւ կուսակցությունների ձեռքին խաղալիք չդառնալ։ Եվ այս բացահայտված գործակալը ընդամենը մեկն է այն 150-200 կալանավորներից, որոնց հետ հանդիպումներից «Հոկտեմբերի 27»-ի հանձնաժողովի անդամներն ինչ-ինչ բացահայտումների ակնկալիքներ ունեն։ Դե՞ռ։ ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆ