ՄԱՆՐԱԾԱԽ ԳՆՈՎ՝«ՆԱՂԴ» ՎԿԱ Իշխանական քարոզչամիջոցները հաստատում են իրենց ընդդիմախոսների այն տեսակետը, թե Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի դեմ հարուցված քրգործը պայմանավորված է վերջինիս՝ երկրի բարձրագույն իշխանություններին ուղղված ծանր հանցանքների մեջ մեղադրելու փաստով: Այդ է վկայում նույն քարոզչամիջոցներից մեկի այն խոստովանությունը, թե 95-ին գնդապետներին ծեծելու փաստը, որի մեջ մեղադրվում է Մ.Սաղաթելյանը, ամենայն մանրամասնությամբ նկարագրել է ծեծվողներից մեկը՝ գնդապետ Գառնիկ Մարգարյանը, որն այս օրերին հրաժարվել է նույն գործով վկայություն տալ եւ ծեծողների անուններ նշել: Իրոք, հարց է առաջանում. եթե կարելի էր հրապարակման հիման վրա քրգործ հարուցել, ինչո՞ւ այդ չի արվել երկու տարի առաջ, երբ Գ.Մարգարյանն այդ մասին հայտարարել էր հրապարակայնորեն: Անկասկած, այն պատճառով, որ այն ժամանակ Մ.Սաղաթելյանը «27»-ի մասին իր իմացածը հրապարակելու ցանկություն չէր հայտնել: Ինչեւէ: Նախկին գնդապետն այսօր մեղադրվում է բազմաթիվ հոդվածներով ու դրվագներով, որոնցից մեկն էլ վերաբերում է 99-ի նոյեմբերի 5-ին,երբ «չարաշահելով պաշտոնական դիրքը» մուտք է գործել ԱԱՆ քննչական մեկուսարան ու «թույլ տալով իշխանազանցություն, նախաքննությամբ դեռեւս չպարզված /՞/ մեկ այլ անձնավորության հետ ֆիզիկական բռնություն գործադրել եւ ծեծի ենթարկել» «27»-ի գործով նախկին մեղադրյալ Միսակ Մկրտչյանին: Նկատենք, որ սույն նկարագրության մեջ խոսքը գնում է այն ԱԱՆ մեկուսարանի մասին, որտեղ նախարար Կ.Պետրոսյանի եւ այլոց պնդմամբ՝ առանց համապատասխան գրության, պահանջագրի, գրանցման, մուտք գործելն անհնարին է, իսկ այնտեղ պահվողների նկատմամբ բռնությունները՝ բացառված: Համենայնդեպս, այդ հիմնավորմամբ էր, որ ՀՀ իշխանությունները, ՆԳ եւ ԱԱ նախարարները պնդում էին ամբաստանյալ Ն.Հունանյանին ԱԱՆ-ից ՆԳՆ տեղափոխելու աննպատակահարմարությունը: Մնում է զարմանալ ԱԱ նախարար պարոն Պետրոսյանի՝ իր գլխավորած գերատեսչության մեկուսարանում տեղի ունեցած «ծեծուջարդին» անտեղյակ /՞/ լինելու վրա: Իսկ գուցե, պարզապես, դա տեղի է ունեցել ի՞ր հովանավորությամբ կամ թողտվությամբ: Ինչպե՞ս է պատահել, որ Մ.Սաղաթելյանը՝ ԱԱՆ համակարգի հետ ուղղակի կապ չունենալով, կարողացել է թափանցել այդ հիմնարկի մեկուսարանում պահվող կալանավորի խուց: Այդ դեպքում ի՞նչ երաշխիք կա, որ նույն կերպ այլք, ասենք՝ այսօրվա իշխանական բանակից, չեն այցելել Ն.Հունանյանին եւ ուղղորդել նրա ցուցմունքները, երաշխիքներ տվել նրան, եւ այլն: Այդ դեպքում՝ երաշխիք չկա: Վերադառնանք Մ.Մկրտչյանին:Թեեւ նա ցուցմունք է տվել Մ.Սաղաթելյանի դեմ, բայց, ամեն դեպքում, «27»-ի գործում չկա գրություն, փաստաթուղթ, դատաբժշկական փորձաքննություն կամ դրա նշանակման պահանջ, չկա հայտարարություն այն մասին, որ նրան՝ Մ.Մկրտչյանին, ծեծել են: Միակ վկայությունը, որ նման փաստ է առկա եղել, Մ.Մկրտչյանինն է ու դարձյալ տխրահռչակ Հրանտ Պապիկյանինը, որն այդ ժամանակահատվածում Մ.Մկրտչյանի հետ եղել է նույն խցում: Հիշեցնենք, որ սույն անձնավորությունը՝ որպես կանոն, ճիշտ «Շտապ օգնության», նման հայտնվում է իշխանություններին պետք եղած վայրում: Այդպես հանկարծակի նա հայտնվեց, երբ խիստ անհրաժեշտ էր ՆԳՆ փոխնախարար, գեներալ-մայոր Արծրուն Մարգարյանի սպանությունը ձեւակերպել իբրեւ ինքնասպանություն: Ճիշտ այդպես նա դարձյալ որպես վկա հայտնվեց Վահան Հարությունյանի գործի դատաքննության ժամանակ, երբ անհրաժեշտ էր ամբաստանել զոհված Արծրուն Մարգարյանին եւ Վանո Սիրադեղյանին: Հիմա ասպարեզ նետված ու բազմաթիվ անգամ «հաջող» փորձություն բռնած թաշկինակը հերթական օգտագործման փուլում է: Ու թեեւ սույն Պապիկյանն անձամբ Մ.Սաղաթելյանի կողմից Մ.Մկրտչյանի ծեծին, բնականաբար, ականատես չի եղել, նրա վկայությամբ՝ Մ.Մկրտչյանն, այո, ծեծված է եղել, եւ նա, իբրեւ երկրորդ անձ, ամրապնդել է Մ.Մկրտչյանին ծեծելու մեջ Սաղաթելյանի մեղսակցության վարկածը: Բնականաբար, եթե Մ.Մկրտչյանի գործում ծեծվելու որեւէ փաստ չկա, եթե նրան հարցաքննող քննիչն էլ այդ մասին տեղյակ չի եղել, քանզի Մ.Մկրտչյանը նման հայտարարություն չի արել, հարկ էր մեղադրանքն ապացուցող առնվազն երկու վկայություն: Երկրորդն, ահա, Հ.Պապիկյանն էր ապահովել, ինչն, ի դեպ, եւս մեկ անգամ գալիս է վկայելու, որ նա պարզապես նման գործերում իշխանությունների ու իր անցյալի, թերեւս, մութ էջերին քաջատեղյակ բարձրաստիճան պաշտոնյաների ձեռքին պետք եղած դեպքում «նաղդ» վկայություն տվող «պիտուշ» է: Իսկ այդ ամենն արդեն եւս մեկ անգամ լրջորեն խորհելու առիթ է տալիս թե՛ Ա.Մարգարյանի սպանության, թե՛ Վ.Հարությունյանի դատավարության ու Վ.Սիրադեղյանի ամբաստանության, թե՛ Մ.Սաղաթելյանին բանտում հնարավորինս երկար փակելու եւ, ի վերջո, նաեւ «27»-ի կազմակերպիչների կոծկման հարցում իշխանությունների ակնհայտ շահագրգռության շուրջ: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ