ՇԱՐՈՒՆԱԿԵՑ ՊԱՏԱՍԽԱՆԵԼ ՀԱՐՑԵՐԻՆ «Հոկտեմբերի 27» քրգործի երեկվա դատաքննությանը ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանին հարցեր տվեց տուժող Յուրի Բախշյանի եւ Լեոնարդ Պետրոսյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Էդուարդ Աղաջանյանը։ Ամբաստանյալը իրեն ինքնավստահ էր պահում, որոշ հարցեր կրկնվելու դեպքում դիմելով փաստաբանին զգուշացնում էր, թե հարցերին չի պատասխանի։ Այնուամենայնիվ, երեկվա հարցուպատասխանի ժամանակ Է. Գրիգորյանը մեկ անգամ եւս հաստատեց, որ ԱԺ մտնելու ծրագիրը ներկայացրել է Նաիրի Հունանյանը։ Իսկ երբ փաստաբանը հարցրեց, թե այդ ծրագիրը Նաիրի Հունանյանը մշակել էր անձա՞մբ, թե՞ որեւէ մեկի մասնակցությամբ, բժիշկ ամբաստանյալը պատասխանեց՝ «անձամբ» եւ որպես հավաստում իր ասածի հայտնեց, որ ինքը «բջջային մակարդակով» է ճանաչում ամբաստանյալին (մինչ վերջերս գիտեինք, որ բջջային միայն հեռախոսն է լինում, իսկ ամբաստանյալը…)։ Եթե Հունանյան եղբայրները «27»-ը համարում էին ապստամբություն եւ հեղափոխություն, Էդիկ Գրիգորյանը այն համարեց զինված ապստամբություն եւ դրանով էլ բացատրեց զենքը իրենց հետ վերցնելու հանգամանքը։ «Ձեռնափայտով չէինք գնա եւ այն լուրջ չէր ընդունվի»,- արդարացավ նա։ Ինչ վերաբերում է հրահանգավորմանը, նա հայտնեց, որ հրահանգավորում անցել են մի քանի օր առաջ՝ ինքը, Հունանյան եղբայրները եւ Վռամը։ Ինչպես նախապես հայտարարվել էր, երեկ դատարան պետք է ներկայանային տուժող ԱԺ պատգամավորները եւ կառավարության անդամները։ Նրանց ստվերն անգամ չերեւաց դատարանում։ Ռ. Մ.