Լրահոս
Օրվա լրահոսը

Արհամարհված հարկատուներ

Հունվար 31,2002 00:00

Արհամարհված հարկատուներ 2001թ. դեկտեմբերին խորհրդարանը հաստատեց կառավարության կողմից ԱԺ ներկայացված «Հարկային բարեփոխումների մասին» օրենքի նախագիծը, նախօրոք հայտարարելով՝ իբր հարկատուների բեռի ծանրացում եւ 2001թ. պետական բյուջեով հաստատված եկամուտների եւ ծախսերի փոփոխություն չի նախատեսվում, այլ նպաստում է փոքր եւ միջին ձեռներեցության զարգացմանը, ցուցաբերելով հովանավորություն, օգնություն, որի չափը նշել էինք 12.01.2002թ. «Առավոտում» (20 միլիոն դրամ)։ Պատգամավորներին մոլորեցնելով ներկայացված «բարեփոխումների» օրենքի նախագծի խառնաշփոթի մեջ, համոզելով իբր հարկային վարչարարությունն է ուժեղացվում ի դեմս ստվերի բացահայտման եւ հարկային դաշտ դուրսբերման։ Պատգամավորների գերակշռող մասին չէին էլ հետաքրքրում հարկային բարեփոխումները եւ դրա բացասական հետեւանքները տնտեսության վերականգնման եւ զարգացման ճակատագրում, ուստի առանց ծանոթանալու եւ քննարկելու՝ ԱԺ-ն հաստատեց ներկայացված նախագիծը, որտեղ չեղյալ էր համարվում 20-րդ հոդվածում հաստատագրված վճարի մասին գործող 0,7% գործակցի կիրառումը մինչեւ 7 քմ տարածքի գործունեության վերաբերյալ, որով հարկային բեռը ավելացվեց 43%-ի չափով։ Սրանով արդյոք վիրավորանք չի՞ հասցվել ԱԺ պատգամավորներին, որոնք հավատացել են կառավարության ներկայացուցիչներին, իսկ թե ինչ կմտածի ժողովուրդը տեղյակ լինելուց հետո, թողնում ենք իրենց… 2002թ. Երեւանում ՀԴՄ պարտադրվեց տեղադրել 7 քմ-ից ավելի տարածք ունեցող օբյեկտներում, իսկ մարզերում 10 քմ-ից ավելի առեւտրական տարածք ունեցող օբյեկտներում։ Սակայն հարկային տեսչություններում ոտնահարվում է օրենքը, ստիպելով նոր բացվող օբյեկտներում տեղադրել ՀԴՄ-ներ՝ պատճառաբանելով իբր օրենքը վերաբերում է միայն այն օբյեկտներին, որոնք գործել են մինչեւ 2002թ.։ Խախտելով ՀՀ օրենսդիր մարմնի 698 որոշման մեջ կատարված փոփոխությունը, նրանք չարաշահում են պաշտոնեական դիրքը, պարտադրելով տեղադրել ՀԴՄ նաեւ մինչեւ 7 քմ տարածք ունեցող օբյեկտներում։ Հսկիչ դրամարկղային մեքենաներով աշխատող տնտեսվարողներին պարտադրվում է եռամսյակային հաշվետվություն ներկայացնել 1,5 միլիոն դրամի չափով, անկախ նրանից, ունեցե՞լ են այդ գումարի շրջանառություն, թե՞ ոչ, հակառակ դեպքում պարտադրում են լուծարվել։ Հարց է ծագում, չէ՞ որ աշխատում են ՀԴՄ-ով, գոյություն ունի եւ գործում է օրենք պատժամիջոցների կիրառման համար, ապա ինչո՞ւ են առաջարկում լուծարում, երբ տնտեսվարողը համաձայն է ամբողջությամբ գործարքները կատարել ՀԴՄ-ով եւ հաշվետվությունը ներկայացնել ըստ ցուցմունքի, իսկ օրենքի խախտման դեպքում պատասխանատու են առաջարկվող պատժաչափին։ Տնտեսվարողները համոզվելով, որ ի վիճակի չեն զբաղեցրած ամբողջ տարածքում ծավալել գործունեություն՝ դիմում են տարածքային հարկային տեսչություն՝ խնդրելով փոքրացնելու թույլտվություն մինչեւ 7 քմ, սակայն մերժվում են եւ նույնպես առաջարկում լուծարում։ Մի՞թե խնդրի լուծման ամենաարդյունավետ ձեւը լուծարումն է, որով վախեցնում եւ մերժում են տնտեսվարողին, որոնք կարող են հարկատուից վերածվել նպաստառուի։ Տնտեսվարողների նկատմամբ հարկային գործակալների վերաբերմունքի գնահատականը կստանաք՝ հաճախելով ցանկացած հարկային տեսչություն, դուք ականատես կլինեք հարկատուների փաստաթղթերի լրացման համար հատկացված «հարմարավետ տարածքների առկայության»՝ պատուհանագոգերին, աստիճանների ճաղաշարերին (Շահումյանի շրջան) եւ պարզ կդառնա բյուջեն լցնող մարդկանց վիճակն ու տրամադրությունը, որոնք արհամարհվում եւ հալածվում են իրենց քրտինքով սնվող մարդկանց կողմից։ ԳիԱրՔՄի սոցիալ-տնտեսական հանձնաժողով

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել