ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԵԿՆՈՒՄԻՑ ԱՌԱՋ Երեկ ՀՀ սպորտվարչության նիստերի դահլիճում հանդիպում էր կազմակերպվել ձմեռային օլիմպիական խաղեր՝ Սոլթ Լեյք Սիթի, մեկնող Հայաստանի մարզական պատվիրակության եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչների միջեւ։ Խոսելով սպիտակ օլիմպիադային հայաստանցի մարզիկների մասնակցության մասին, ՀԱՕԿ-ի նախագահ Իշխան Զաքարյանն ասաց. «Այսօր արդեն մենք վերջնական կարող ենք ասել, որ Հայաստանը ձմեռային օլիմպիական խաղերին կմասնակցի 4 մարզաձեւից (լեռնադահուկային սպորտ, դահուկավազք, գեղասահք եւ բոբսլեյ)։ Սոլթ Լեյք Սիթիում ասպարեզ կմտնեն մեր հանրապետության ութ ներկայացուցիչներ՝ գյումրեցի դահուկավազորդներ Մարգարիտա Նիկոլյանն ու Արամ Հաջիյանը, ծաղկաձորցի լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանը, ինչպես նաեւ Վանեսսա Ռաքեդջյանը (Փարիզ)՝ հսկա եւ սովորական ոլորավայրէջք, գեղասահորդուհի Յուլյա Լեբեդեւան եւ ամերիկաբնակ բոբսլեյիստներ Դանիել Ջանջիկյանն ու Ալեքսանդրա Ալեքսանդրուն։ Այս երկյակի հետ որպես պահեստային մարզիկ լինելու է նաեւ Փոլ Վարադյանը։ Ուրախությամբ պետք է նշել, որ մեր բոլոր մարզիկներն էլ մասնակցության իրավունք ստացել են վարկանիշային մրցումներում։ Այսինքն, մերոնցից ոչ մեկին ՄՕԿ-ը, այսպես կոչված, «սպիտակ քարտ» չի տվել»։ Շարունակելով տեղեկատվությունը, ՀԱՕԿ-ի նախագահը հայտարարեց, որ համաձայն ՄՕԿ-ի սահմանած քվոտաների, ութ մարզիկ ունենալու դեպքում պիտի լինի պատվիրակություն՝ ղեկավարով, մարզիչներով, առանձին մարզաձեւերի պատասխանատուներով։ Պատվիրակության կազմում ընդգրկված են նաեւ ՀՄԼՖ նախագահ, ՀԱՕԿ-ի լրատվական բաժնի ղեկավար Յուրի Ալեքսանյանը, Ծաղկաձորի օլիմպիական բազայի տնօրեն Մխիթար Հարությունյանը, ՀՀ ֆինանսների եւ էկոնոմիկայի առաջին փոխնախարար Պավել Սաֆարյանը, դահուկային սպորտի ֆեդերացիայի նախագահ Արմեն Երիցյանը։ Ընդհանուր առմամբ Սոլթ Լեյք Սիթիում Հայաստանի պատվիրակությունը բաղկացած կլինի 22 հոգուց։ Այնուհետեւ Ի. Զաքարյանն ասաց, որ ձմեռային օլիմպիական խաղերում հայաստանցի մարզիկներից շատ բարձր արդյունքներ չեն ակնկալվում, թեեւ նրանք մեկնում են հնարավորինս հաջող հանդես գալու նպատակով։ Այստեղ, թերեւս, ամենակարեւորը օլիմպիական «Գլխավորը մասնակցությունն է» նշանաբանն է։ Կապված սեպտեմբերի 11-ի ահաբեկչական գործողությունների հետ, օլիմպիական խաղերի կազմակերպիչներն ու ՄՕԿ-ը անվտանգության ապահովման աննախադեպ միջոցառումներ են ձեռնարկել, որոնց անվերապահ կատարումը, սկսած տվյալ երկրից դուրս գալուց, մինչեւ մրցավայր հասնելն ու խաղերի ամբողջ ընթացքում, պարտադիր են բոլորի համար, ովքեր պետք է ժամանեն Սոլթ Լեյք Սիթի։ Այդ ամենի մասին ամենայն մանրամասնությամբ տեղեկացրեց ՀԱՕԿ-ի աշխատակազմի ղեկավար, Սոլթ Լեյք Սիթիում շեֆ-միսիա Հարություն Յավրյանը։ Վերջում Ի. Զաքարյանը օլիմպիական խաղերի մեկնող պատվիրակության անդամներին հանձնեց համապատասխան փաստաթղթեր, որոնք ըստ էության ԱՄՆ մուտքի վիզայի նշանակություն ունեն։ Հանդիպման ավարտին ՀԱՕԿ-ի ու հավաքական թիմերի ղեկավարներն ու պատասխանատու անձինք պատասխանեցին լրագրողների հարցերին։ «Առավոտի» այն հարցին, թե Սոլթ Լեյք Սիթիում բացման հանդիսավոր շքերթում ո՞վ է տանելու Հայաստանի դրոշը եւ վերջերս հայ մարզիկների անվան հետ կապված դոպինգային պատմությունների ֆոնի վրա ԱՄՆ-ում նման բաներից զերծ մնալու երաշխիքներ կա՞ն, ՀԱՕԿ-ի նախագահը պատասխանեց. «Բացման հանդիսավոր շքերթում մեր երկրի պետական դրոշը տանելու պատիվը վստահվել է լեռնադահուկորդ Արսեն Հարությունյանին։ Ի դեպ, սա արդեն երրորդ անգամն է, որ Արսենին է վստահվում այդ պատիվը։ Ինչ վերաբերում է դոպինգային ստուգումներին, մեր մարզիկները, ինչպես միշտ, ստուգվել ու ստուգվում են Հայաստանում, մեր ունեցած հնարավորությունների սահմաններում (ի դեպ, հանդիպմանը ներկա էր նաեւ Հայաստանում հակադոպինգային ծառայության պետ Արեգ Հովհաննիսյանը)։ Իսկ ինչ վերաբերում է տեղում ստուգումներին, մարզիկները օլիմպիական ավան մտնելուն պես կրկին ստուգվելու են (դա ՄՕԿ-ի պահանջն է)։ Իսկ յուրաքանչյուր մարզաձեւում մրցանակային տեղեր զբաղեցնողները եւ մեկ մարզիկ՝ ընտրությամբ, անցնելու են կրկնակի ստուգում։ Հուսանք ու հավատանք, որ որեւէ բարդություն մենք օլիմպիական խաղերում չենք ունենա»։ Վերջում ասենք, որ Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը Սոլթ Լեյք Սիթի է մեկնելու երկու փուլով։ Առաջին խումբը մրցավայր կմեկնի փետրվարի 4-ին, երկրորդը՝ փետրվարի 6-ին։ Ա. ՀԱԿՈԲՅԱՆ