Կյանքի խորհուրդը Մեր սիրելիները հեռանում են, մեր կյանքի՝ իրենցով լցված տարածությունն ամայացնելով… Անապատի մողեսը տեղավորվեց ինչ-որ մեկից մնացած հետքի մեջ ու սկսեց տաքանալ։ Արեւը դեռ նոր էր բարձրացել։ Երկինքը պարզ ու անամպ էր՝ նախորդ օրերի երկինքների պես, ու հենց դրանով էլ ձանձրալի ու չկարոտվող։ Դիմացի ավազաբլուրները անթարթ հայացքով առաջներն ընկած տարածությունը աչքաչափող՝ փոփոխության ոչ մի հույս չտալով։ Ահա կյանքը՝ անվերջ թվացող տիեզերք, ամա, ձանձրալի ու կրկնվող առօրյա եւ անակնկալի ոչ մի ակնկալություն։ Ահա՞ կյանքը… Մողեսն անհանգիստ շարժվեց, նայեց մնացած հետքերին, որ ձգվում էին առաջ, շրջանցում իր աչքերից միայնակ դիմացը, ի անիմաց այն կողմ։ Եթե սա կարելի է հուսո պես մի չգիտակցված զգացողություն համարել, ուրեմն թող մողեսահույս լինի, որ նրան հանեց արդեն հոգնած հետքից ու մղեց ի մյուսը, հետո հաջորդը… Հետքն ի՞նչ է, ինչի՞ համար… Ահա առաջ է գնում հետեւից մողեսահետքեր թողնելով ու ստեպ-ստեպ ետ շրջվելով՝ գուցե թե մեկն իր հետքի ետեւից ընկած գալիս է՝ թող որ անճանաչելի ու վտանգավոր մեկը։ Թե չէ, թե այդպիսի բան չի լինելու երբեւէ, իր հետքն ո՞ւմ է հարկավոր ու անհրաժեշտ։ Բայց չէ որ այդպես ահա, անապատի այդ մասում, հորիզոնը փակված ամեն օր զարթնել է նա ու ավազների վրա տաքացել մինչեւ այրվելու աստիճան, մտել նրանց խորքը՝ մի օր, մի ամիս, մի տարի առաջ եկած անձրեւի հիշողություն-խոնավությունը որոնելու-հովանալու նրանով։ Եվ ոչ ոք չի եկել… Ուրեմն հիմա ինչո՞ւ պիտի գա… Գուցե ավազաբլուրներից այն կողմ ուրի՞շ է, որ կհասնի նաեւ այստեղ, բայց թե դա շատ տեւի, երկա՜ր, երկա՜ր… Ի՞նչ է երկարը, ի՞նչ է նշանակում երկար… Չէ՞ որ օրերը միշտ նույնն են ու անվերջ։ Ճիշտ է, մի ժամանակ նա փոքրիկ է եղել, բայց դա արդեն նույնիսկ հիշողություն չէ, այլ ենթագիտակցության ծալքերում թաքնված մողեսաերազ, որ մշուշոտ է ու չբռնվող… Մեկ է, երկարը հետո է, իսկ հետոն տանջալի է… Ու մողեսահույսերով տարված, նա փոքրիկ իր թաթերով մողեսախազեր էր թողնում ավազների մարմիններին՝ առաջ մղվելով ավազաբլուրներից այն կողմ, անիմաց այն կողմը, ուր երկինքը թխպոտ էր, առաջին պահի համար ուրախալի թխպոտ, բայց հետո էլի ու էլի ու դրանով ունայն, ուր հետքերն էլի ձգվում են առաջ՝ ուրիշ ավազաբլուրներ շրջանցելով, այս անգամ չգիտես ինչ գույնի երկինք խոստանալով։ Այդ նույն կյանքը. անվերջ թվացող տիեզերք, ամա մի հսկայական, ձանձրալի ու կրկնվող առօրյա ու անակնկալի ոչ մի ակնկալություն… ՎԱՀԵ ԳԵՎՈՐԳՅԱՆ