Լրահոս
Օրվա լրահոսը

ՍՈՒՊԵՐՄԱՐԴՈՒ ԱՐԿԱԾՆԵՐԸ

Հունվար 31,2002 00:00

ՍՈՒՊԵՐՄԱՐԴՈՒ ԱՐԿԱԾՆԵՐԸ Տեսնես ինչո՞ւ էր Պարույր Հայրիկյանն իր վիպակը վերնագրել «Լուսինե» եւ ոչ թե «Ես՝ միակս, անկրկնելիս, հրաշքս ու հրաշափայլս»։ Ըստ երեւույթին՝ զուտ մարքեթինգային պատճառներով։ Եթե վերնագրեր գրքի իմաստն ամբողջապես ընդգրկող «Ես՝ միակս…», ամենայն հավանականությամբ 5000 օրինակով հրատարակված վիպակը կգնեին միայն հոգեբույժները, կարծելով, թե գործ ունեն նարցիսիզմի վտանգավոր չափերի հասած եւ այլեւս բուժման ոչ ենթակա դեպքի նկարագրության հետ։ 45 էջանոց վիպակում Լուսինեին՝ 24-ամյա Հայրիկյանի սերերից մեկին, նվիրված է ընդամենը 19 էջ։ Մնացած ամբողջ գիրքը ձոն է, գովք՝ ուղղված սեփական անձին։ Այդ շնորհքը դարիս մեծագույն քաղաքական գործիչ, անկախական, բանաստեղծ, երգիչ, կոմպոզիտոր, հիմա նաեւ՝ վիպասաց Պ. Հայրիկյանին տրված է ի վերուստ եւ ի ծնե։ Սակայն կոնկրետ մարդուն նվիրված վիպակում տվյալ մարդու նկարագրությանը ընդամենը 4 բառ՝ «բարակիրան, խոշոր աչքերով օրիորդ», տրամադրելն ու փոխարենը՝ առիթ-անառիթ սեփական «ես»-ին հիացական տրամադրվածությամբ անդրադառնալը «ի ծնե, ի բնե» տրվածի զարգացման մասին է վկայում։ Վիպակում հիշատակված են այսօրվա հանրությանը քաջ հայտնի մարդիկ՝ Աշոտ Նավասարդյանը, Ազատ Արշակյանը, Ռազմիկ Մարկոսյանը, Անդրանիկ Մարգարյանը, Կարեն Դեմիրճյանը, Վազգեն Ա կաթողիկոսը եւ այլք։ Ա. Նավասարդյանին եւ Ազատ Արշակյանին վիպակում վերապահվել է ընդամենը մեծն Հայրիկյանի հանձնակատարների դերը, իսկ Ռ. Մարկոսյանին եւ Ա. Մարգարյանին «վիպասացը» այնքան քիչ է կարեւորել, որ գրել է. «Դեռ չգիտեի, որ մի քանի ամսից կալանավորելու են նաեւ Վազգեն Կարախանյանին, ավելի ուշ՝ Ռազմիկ Մարկոսյանին ու Անդրանիկ Մարգարյանին։ Այս անուններն, իհարկե, քեզ ոչինչ չեն ասում…»։ Պարզաբանման կարգով նշենք, որ վիպակը գրվել է 2001թ. վերջին, երբ Ա. Մարգարյանը վաղուց ՀՀ վարչապետ էր եւ Լուսինեն (սա, ի դեպ, այդ իրական անձնավորության ոչ իրական անունն է) որքան էլ աշխարհից անտեղյակ մեկը լիներ (ինչը, դատելով վիպակից, այդպես չէր), դժվար թե չիմանար ՀՀ վարչապետին։ Սակայն կարդալով Կ. Դեմիրճյանին եւ Վազգեն Ա-ին առնչվող հատվածները, հասկանում ես, որ… չէ, հասկանալը դժվար է։ Կ. Դեմիրճյանի մասին գրել է. «Օգտվողը եղան այլ դրածոներ. Քոչինյանի փոխարեն նշանակվեց անկախականների դեմ հետեւողական պայքարի խոստումնալից ներկայացուցիչ, տարիներ անց որպես զավեշտ՝ անկախ Հայաստանի ազգային հերոս հռչակված Կարեն Դեմիրճյանը»։ Մի այլ հատվածում գրում է, թե Դեմիրճյանի միակ գերխնդիրը անձնական իշխանությունը պահպանելն էր։ Վազգեն Ա-ի մասին անհարկի մեկնաբանություններ, թվում է, չկան, բայց պարզորոշ զգացվում է անբարյացակամությունը։ Շատ ավելի «փոքր տրամաչափի» դեմքերի մասին խոսելիս պրն Հայրիկյանը չի խորշել «ստահակ», «լկտի», «արգահատելի» որակումներից։ Իսկ իրեն առնչվող հատվածները… Մեջբերենք՝ «Երիտասարդությանը խանդավառում էր այն, որ ժամանակակիցներից մեկը՝ 17 տարուց ավելի բանտերում անցկացնելուց հետո վերադառնալով հայրենիք՝ առանց վարանումի շարունակում է պայքարել անկախ Հայաստանի համար։ Դա վստահություն ու պայքարի լիցք էր հաղորդում»։ Խոսքը վերաբերում է 88-ին համաժողովրդական շարժման բուռն շրջանին։ Այդ տարիներին առավոտից իրիկուն Ազատության հրապարակում «Ղարաբաղ» պահանջող երիտասարդների մի մասից հետաքրքրվեցի՝ արդյո՞ք իրենց խանդավառել, պայքարի լիցք է հաղորդել մեծն Հայրիկյանի անվարան պայքարը։ Համոթ նախկին երիտասարդների՝ նրանցից ընդամենը երկուսը (բայց բավական կարկառուն դեմքեր) խոստովանեցին սույն փաստը, հավելելով, որ դա իրենց գիտակցական կյանքի ամենամեծ ու դաժան սխալն է եղել, որին հետեւել է նույնքան դառը հիասթափություն։ Մեջբերում երկրորդ. «Բազմաթիվ հանդիպումներ ունեցա Ազատ աշխարհի խորհրդարանականների ու ղեկավարների հետ, տարբեր ազգերի քաղաքական վտարանդիներին միավորող անձը դարձա, ընտրվեցի գերյալ ազգերի «Ժողովրդավարություն եւ անկախություն» միջազգային ներդաշնակող կենտրոնի նախագահ, միջազգայնորեն ճանաչում ստացա որպես «Սովետական Միություն» կոչվող կոմունիստական կայսրության ժողովրդավարական շարժումների հիմնադիր եւ առաջնորդ»։ Մեջբերում երրորդ. «Ես ճակատագրից բողոքելու իրավունք չունեմ։ Հայ իրականության մեջ կա՞ մեկը, ով այսքան հաջողությունների հասած լինի։ Ժողովուրդն ընդհանուր առմամբ գնաց այն ճանապարհով, որի մունետիկն ու ճարտարապետը լինելու շնորհին Տերն ինձ՝ նվաստիս էր արժանացրել»։ Ժողովո՛ւրդ, իսկ դու տեղյա՞կ ես, որ գնացել ես ճարտարապետ Հայրիկյանի նախագծած ճանապարհով։ Մեջբերում չորրորդ. «Հայ ժողովուրդը Անկախության հանրաքվեում իմ գաղափարին տվեց իր ձայների 97%-ից ավելին»։ Հայ ժողովուրդ, դու գիտեի՞ր, որ ձայնդ տալիս ես Հայրիկյանի գաղափարին։ Եվ, ի վերջո, մեջբերում հինգերորդ. «Ինչ վերաբերում է այս կամ այն ընթացիկ ընտրություններում առաջին տեղ չգրավելուն, նշեմ, որ ցավել եմ, սակայն դա արդեն իմ խնդիրը չէ։ Սերնդակիցներս թող մտածեն, թե ինչ են պատասխանելու մեզնից հետո եկողներին»։ Շատ մեղմ է ասված «առաջին տեղ չգրավելը», իհարկե, բայց գալիք սերունդների առաջ պատասխանատվությունն, անշուշտ, լուրջ գործոն է։ Չմոռանանք նշել նաեւ պրն Հայրիկյանի կյանքին առնչվող եւս մի դրվագ, որի մասին շատ քչերն են երեւի տեղյակ։ Պարզվում է, եղել է ժամանակ, երբ նա ցանկացել է դառնալ կուսակրոն քահանա։ Բայց ոչ սովորական քահանա, այլ՝ ազգային ընդհատակյա եւ կրոնական գործունեությունը համատեղող։ Ու մարդը, որ իրեն քրիստոնեությանը նվիրելու ցանկություն է ունեցել, հետո խոստովանում է, թե քանիցս ցանկացել է ինքնասպան լինել՝ «էությամբ դեռ քրիստոնյա չէի ու չգիտեի, որ սպանելը, նաեւ՝ ինքնասպանությունը, մեղք է»։ Ինչեւէ։ «Լուսինեն» կարդալուց հետո, ինչպես շատ դիպուկ նկատեց գործընկերներիցս մեկը, սկսում ես անկեղծորեն կարեկցել խեղճ Լուսինեին, որի ճանապարհին հայտնվել էր «ազգային ու քաղաքական» այս գործիչը, ու հերթական անգամ հիասթափվել հայ իրականության քաղաքական ներկապնակից։ ՄԵԼԱՆՅԱ ԲԵՔԱՐՅԱՆ Հ. Գ. Չգիտենք, ի՞նչ ժանրի կպատկանի Պ. Հայրիկյանի հաջորդ գրական ստեղծագործությունը, բայց որ անկախ վերնագրից ու ձեւից, բովանդակությունը նույնը կլինի՝ «Ես, էլի ես, միշտ ես ու միային ես», գրեթե կասկած չունենք։ Վերնագիրն էլ առաջարկենք՝ «Ասք մեծն Հայրիկյանի եւ նրա շուրջ պտտվող Արեգակի, Արեգակնային համակարգի եւ, ընդհանրապես՝ Տիեզերքի մասին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել