Ո՞ր լեզվով հպարտանանք հայկական կոնյակով Վերջերս Երեւանի կոնյակի գործարանը հանդես էր եկել լավ նախաձեռնությամբ. բոլորս հրավիրվում էինք գործարան՝ էքսկուրսիայի։ Ո՞ր մի հայը կզրկի իրեն հայ ժողովրդի հպարտության խորհրդանիշ հանդիսացող կոնյակի գործարան այցելելու հաճույքից։ Մոտենալով գործարանին՝ մտածեցի. «Վատ չէր լինի, որ նորոգեին գործարան տանող ճանապարհը»։ Չէ՞ որ եթե գործարանը գտնվեր Ֆրանսիայում, այդպես էլ կլիներ։ Սակայն այդ միտքը շուտ մոռացվեց։ Գործարանի տարածքում ամեն ինչ բարվոք էր։ Հաջորդ հիասթափությունն ամենուրեք եւ ամեն ինչում ռուսերենի եւ ֆրանսերենի գերիշխանությունից էր։ Դժվար էր նույնիսկ պատկերացնել, որ հայկական հողի վրա հայաստանցիների համար նախատեսված էքսկուրսիայի ժամանակ մեր կոնյակի մասին պատմությունը կարող էր ասվել ոչ թե հայերեն, այլ ռուսերեն։ Իսկ երբ որոշ այցելուներ բողոքեցին, թե ռուսերեն չգիտեն, դա մեծագույն զարմանք հարուցեց։ Ինչպե՞ս կարելի է ռուսերեն չիմանալ։ Պարզվեց, որ հայերենով էքսկուրսիաներ չկան։ Կա միայն թարգմանիչ, որը հայկական կոնյակի պատմությունը կարող է ռուսերենից թարգմանել հայերեն։ Այդ կապակցությամբ ես հիշեցի գերմանացիների հպարտությունը հանդիսացող «Մերսեդես» ընկերության թանգարանը Ֆրանկֆուրտում։ Մակագրություններն այնտեղ հիմնականում գերմաներեն էին եւ միայն որոշ տեղերում՝ նաեւ անգլերեն։ Էքսկուրսանտներին, սակայն, տրվում էր հատուկ սարք, որի օգնությամբ, մոտենալով ցուցանմուշին, նրանք կարող էին լսել դրա պատմությունը իրենց նախընտրած լեզվով։ Կոնյակի գործարանում մեզ հայտնեցին, որ Հայաստանի կոնյակի արտադրությունը հիմնել է ռուսական կապիտալի ներկայացուցիչ Շուստովը։ Այսինքն՝ պետք է կարծել, որ մինչ այդ Հայաստանում գաղափար չեն ունեցել կոնյակի մասին։ Մինչդեռ գաղտնիք չէ, որ Հայաստանում կոնյակի արտադրությունը հիմնել է հայտնի վաճառական Ներսես Թաիրյանը, որի մասին միայն հպանցիկ հիշատակություն եղավ։ Սակայն ամենազավեշտականն այն էր, որ այդ աշխարհահռչակ խմիչքի (չէ՞ որ Ուինսթոն Չերչիլը գերադասում էր հայկական կոնյակը) պիտակի վրա հայատառ եւ ոչ մի բառ չկար, կարծես թե հայերը դրա հետ ոչ մի կապ չունեն։ Եվ այժմ ես չեմ հասկանում, թե ինչ լեզվով պետք է հպարտանամ մեր հայրենի կոնյակով՝ ռուսերենո՞վ, ֆրանսերենո՞վ, թե՞ մեկ այլ լեզվով։ Ոմանց թվում է, որ հայերենը հռչակելով որպես պետական լեզու՝ Հայաստանի Հանրապետությունը ոտնահարում է ռուսների կամ նրանց լեզվի արժանապատվությունը: Սակայն խոսքն ընդամենը Հայաստանում հայերենի հաստատման եւ ամրապնդման մասին է: Եվ դժվար է հասկանալ նրանց, ովքեր Ազգային ժողովում աջակցում են ռուսերենը որպես երկրորդ պետական լեզու հռչակելու գաղափարին։ Մի՞թե հայերենն արդեն այնքան է ամրապնդվել, որ կարողացել է նվաճել երկրի կյանքի բոլոր ոլորտները։ Թե՞ այս տարիների ընթացքում ռուս բնակչության քանակն է այնքան մեծացել, որ անհրաժեշտություն է ծագել հաշվի առնելու նրանց ցանկությունը: Իհարկե՝ ոչ։ Սակայն արդեն իսկ չսպասելով ԱԺ որոշմանը՝ որոշ տեղերում ռուսերենը դարձրել են Հայաստանի միակ պետական լեզուն։ ՍՈՒՍԱՆՆԱ ՇԻՐԻՆՅԱՆ