ԱՆՆՅՈՒԹ, ԱՆՄԱՐՄԻՆ, ԳՐԵԹԵ՝ ՈԳԵՂԵՆ Դաշնակցական լիդերների սկսած հակակոռուպցիոն պայքարի ֆոնի վրա, ԱԺ վերահսկիչ պալատի նախագահ Աշոտ Թավադյանին խնդրեցինք իր տեսակետները ներկայացնել՝ Հայաստանում տնտեսական չարաշահումների մասին։ Սկսենք ՀՀ պետական բյուջեից. օրենքով ԱԺ-ին վերապահված է բյուջեի կատարման ընթացքին հետեւելու իրավունք։ Վերահսկիչ պալատի նախագահը հատկապես կարեւորում է «տարվա ընթացքում բյուջեն բալանսի բերելը, որպեսզի չառաջանա փողի դեֆիցիտ»։ Իր ողջ գոյության ընթացքում Ազգային ժողովը միայն անցյալ տարի է օգտվել օրենքով իրեն վերապահված իրավունքից, այն էլ ֆինանսաբյուջետային հանձնաժողովի մակարդակով։ Օրենսդիր մարմնին վերապահված է նաեւ որեւէ հարցի մասին լսումներ կազմակերպելու իրավունք։ Ա. Թավադյանի կարծիքով, այդ շրջանակներում, տնտեսական ոլորտի նախարարները պետք է հաշվետվություն ներկայացնեն, որի հիման վրա ԱԺ-ի որոշմամբ վերահսկիչ պալատին կոնկրետ հանձնարարություններ տրվեն՝ օպերատիվ աշխատելու իրավունքով։ Վերահսկիչ պալատի ղեկավարը գտնում է, որ «դրամավարկային, բյուջետային եւ հարկային քաղաքականությունները պետք է ուղղվեն պետական խնդիրներին՝ 7 տարվա ընթացքում կրկնապատկել համախառն ներքին արդյունքը եւ տարեկան 25%-ով մեծացնել էքսպորտը»։ Հաջորդը ապառքներն են. անցյալ տարվա համեմատ կրճատում է եղել՝ 140 միլիարդից մոտ 130 միլիարդի։ Սակայն, միեւնույն է, հարկային քաղաքականությունում խնդիրներ կան։ Ի դեպ, ոլորտի անընդհատ փոփոխվող օրենքները հնարավոր կոռուպցիոն սողանցքների առումով որեւէ փորձաքննության չեն ենթարկվում։ Հետո տոկոսավճարների հարցն է առաջ գալիս։ Ներքին պարտքը մեկ կարգ ցածր է արտաքին պարտքից, մինչդեռ տոկոսավճարները հավասար են։ Իսկ կայուն դրամի դեպքում, ինչպես նկատեց Ա. Թավադյանը, դա անթույլատրելի է։ Ինչ վերաբերում է չարչրկված ՍԱԿ վարկին, Ա. Թավադյանը միանգամայն համամիտ է Համաշխարհային բանկի հետ. «ՀԲ-ն հարկատու չէ»։ Նա գտնում է, որ բյուջեում դա առանձին տողով պետք է արտահայտվի եւ ուղղվի բացառապես տնտեսության զարգացմանը՝ կապիտալ ներդրումներին։ Միայն այս դեպքում, ըստ Ա. Թավադյանի, ՀԲ-ն գումարները կտրամադրի։ Հայաստանի արտաքին պարտքը 97 մլն դոլար է կազմում։ Դա չի գերազանցում ՀՆԱ-ի 50%-ի սահմանը (սովորաբար այդ թիվը չպետք է գերազանցի 10%-ը, սակայն Հայաստանի իրավիճակում 50%-ը համարվում է նորմալ։ Ն. Գ.)։ Ի դեպ, այդտեղ ներառված է նաեւ 35 մլն դոլար չստացված ՍԱԿ-ը։ Եթե գրագետ գործելով հանենք այդ 35 մլն-ը, գտնում է Ա. Թավադյանը, եւ 93 մլն դոլար ռուսական պարտքը, կունենաք 83,3 մլն ԱՄՆ դոլար արտաքին պարտք (ՀՆԱ-ի 40%)։ – Ինչ վերաբերում է վարկերին առհասարակ,- ասում է Ա. Թավադյանը,- դրանց նպատակները հիմնականում լղոզված են, իսկ կառուցվածքը՝ ոչ արդյունավետ։ Վերահսկիչ պալատի արած շարունակական քննադատություններից հետո, վարկերում խորհրդատվությունը 50%-ից իջեցվել է 7%-ի։ Ի դեպ, ԾԻԳ-երի եւ աշխատանքային հանձնաժողովների սուբյեկտիվ ձեւավորումը Ա. Թավադյանը պայմանավորում է դրանք մեկ անձի որոշմամբ ձեւավորելով։ Մրցույթների սուբյեկտիվիզմն են ապացուցում նաեւ ներկայացվող գները, երբ հաղթելուց հետո դրանք ըստ հարմարության մեծացվում կամ փոքրացվում են։ Կոռուպցիայի լավ առիթ են ստեղծում նաեւ վարձատրման մեխանիզմները, երբ նույն համակարգում աշխատող բարձրաստիճան պաշտոնյան (խոսքը վարկային ծրագրերում աշխատելու մասին է) շատ ավելի քիչ է վարձատրվում ցածրաստիճան պաշտոնյայից, այն դեպքում, երբ վերջինս առօրյա աշխատանքում նրա ստորադասն է։ Ի լրումն ՀՀ կառավարության թերացումների, վերահսկիչ պալատի նախագահը նշեց նաեւ մասնավորապես Համաշխարհային բանկի թերացումներ էլ՝ թափանցիկության պակաս, գումարների ուշացում եւ այլն։ Այս ամենի համատեքստում, վերահսկիչ պալատի դերն ու նշանակությունը արդյունավետ դարձնելու նպատակով՝ «Վերահսկիչ պալատի մասին» ՀՀ օրենքում Ա. Թավադյանը եւ մի քանի պատգամավորներ առաջարկում են միջնորդագրի ինստիտուտի ներմուծումը։ Դա ենթադրում է, որ ուսումնասիրված որեւէ հարցի վերաբերյալ վերահսկիչ պալատը միջնորդագիր է ուղարկում ՀՀ կառավարություն, դրանից հետո քրեական պատասխանատվության է ենթարկվում համապատասխան պաշտոնյան, զրպարտության դեպքում՝ վերահսկիչ պալատը։ Ի դեպ, հզոր վերահսկիչ պալատները կարողանում են կասեցնել անգամ տարբեր վարկերի ոչ արդյունավետ օգտագործումը, իհարկե, համապատասխան պատասխանատվությամբ։ Մեր պարագայում վերահսկիչ պալատի հաշվետվությունների հիման վրա կառավարության համապատասխան օղակներում պատրաստում են անվերջ շարանով եզրակացություններ (հիմնականում ինքնարդարացման բնույթի)։ Որոնց հիման վրա պալատը կարող է նոր եզրակացություններ կատարել։ Եվ այսպես շարունակ։ Ստացվում է, որ ՀՀ պետբյուջեից կլորիկ գումար է հատկացվում չնյութականացված ֆունկցիաներով վերահսկիչ պալատ ունենալու համար։ ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ