ՍՈՑԻԱԼԻՍՏՆԵՐԸ ՀԱՆԴԻՊԵՑԻՆ ՉԻՆԱՍՏԱՆԻ ԴԵՍՊԱՆԻՆ Հունվարի 29-ին տեղի ունեցավ ՀՀ-ում ՉԺՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Չժու Չժաոշունի հանդիպումը «Սոցիալիստական Հայաստան» միավորման քաղխորհրդի հետ: Հանդիպման ընթացքում խորհրդի անդամները նշեցին, որ ընդունելով հասարակական արդարության եւ համերաշխության բարձրագույն արժեքների գերակայությունը, իրենք հանրապետությունում ստեղծված ճգնաժամային իրավիճակից ելքի այլընտրանք չունեցող ուղի են համարում սոցիալիստական համակարգային փոփոխությունների իրականացումը, որին հասնելու համար «Սոցիալիստական Հայաստանի» մեջ միավորվել են ձախ քաղաքական դաշտի գրեթե բոլոր ուժերը: Պրն Չժաոշունի ուշադրությունը հրավիրվեց այն հանգամանքի վրա, որ գլխավոր ուղենիշերից մեկը միավորման անդամների համար հանդիսանում է ոգով եւ մշակույթով մեծ Չինաստանի փորձը, որը տնտեսության մեջ վիթխարի հաջողությունների հասավ շուկայական մոդելների եւ ազգային առանձնահատկությունների համատեղությամբ՝ դրանով աշխարհին ներկայացնելով սոցիալիզմի իրական հնարավորությունները: Միավորման ներկայացուցիչները, անմիտ ունիֆիկացիան համարելով պոտենցիալ լարվածության աղբյուր, որպես այլընտրանք դիտում են դեպի ներդաշնակություն տանող քաղաքական երկխոսության ուղին եւ այդ առումով մտահոգված են աշխարհաքաղաքական հավասարակշռության փոփոխություններին տանող որոշ միտումներով, ինչը կարող է հանգեցնել տարածաշրջանի ապակայունացմանը: Նշվեց, որ ներկաները խիստ կարեւորում են սոցիալիզմի կառուցման չինական փորձը եւ գտնում են, որ չափազանց օգտակար կլինեն ՉԺՀ-ի եւ մասնավորապես ՉԿԿ-ի ներկայացուցիչների հետ հանդիպումներն ու մտքերի փոխանակումը, ինչը արժանացավ պրն Չժաոշունի հավանությանը: «Սոցիալիստական Հայաստան» միավորման լրատվական կենտրոն