Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Մեղադրենք, բայցեւ ազնիվ լինենք

Հունվար 31,2002 00:00

Մեղադրենք, բայցեւ ազնիվ լինենք Կալանավայրերի վարչության նախկին պետ եւ նախագահ Քոչարյանին ու նախարար Սարգսյանին «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպման մեջ մեղադրած Մուշեղ Սաղաթելյանին մեղսագրված մեղադրանքներից մեկն էլ վերաբերում է 94-ին Երեւանի թիվ 1 մեկուսարանից Գորիսի բանտ տեղափոխելու ժամանակ փախուստի դիմած, զենք հափշտակած ու ոստիկան սպանած, իրավապահներին դիմադրություն ցույց տված «Խելառ Ռաֆոյին» եւ մեկ այլ քրեականի՝ Վալերի Դորոգանովին դաժանորեն ծեծի ենթարկելուն: Ըստ այդմ, Մ.Սաղաթելյանը վերջիններիս ծեծի էր ենթարկել եւ մարմնական ծանր վնասվածքներ էր հասցրել արդեն հանցանքի վայրում բռնված հանցագործներին տեղափոխող ավտոմեքենայի մեջ: Սույն դեպքի մանրամասնությունների հրապարակմանը վերջերս անդրադարձավ Մ.Սաղաթելյանի պաշտպան, փաստաբան Ռ.Գրիգորյանը: Նա հստակեցրեց, որ ժամանակին այդ փաստի առնչությամբ հարուցված քրգործի նախաքննությամբ կալանավորներին ծեծի ենթարկելու մեջ ոչ ոք չի մեղադրվել: Բացի այդ հանձնաժողով է կազմվել, եղել է ծառայողական քննություն, որը ղեկավարել է այսօր՝ ՆԳ նախարար Հայկ Հարությունյանի եղբայրը՝ Հակոբ Հարությունյանը, որը վարչության պետ Մ.Սաղաթելյանի տեղակալն է եղել: Վերջինս փորձել է հարցաքննել «Խելառ Ռաֆոյին», բայց հարցաքննությունն ընդհատվել է վերջինիս վատառողջ լինելու պատճառով: Մեկ այլ հարցաքննության ժամանակ Հ.Հարությունյանին հայտնել են, որ Ռաֆոն մահացել է: Ու եթե այն ժամանակ փաստի առիթով հարուցված քրգործով ոչ ոք, այդ թվում՝ Մ.Սաղաթելյանը, չի մեղադրվել, պետք է ենթադրել, որ կամ բավարար ապացույցներ եւ վկայություններ չեն եղել, կամ այսօր՝ ՆԳ նախարար եւ այն ժամանակ՝ սույն օպերացիայի ղեկավար Հ.Հարությունյանն ու հիշյալ հանձնաժողովի ղեկավար իր եղբայրն այդ տեղեկությունները «տակով են արել» ու պարտակել են հանցագործությունը: Ի դեպ, պարզվում է, որ սույն գործի հետ կապված առկա է եղել բժշկի փորձաքննության ակտ, ըստ որի, «Խելառ Ռաֆոն», իբր Սաղաթելյանի կողմից հասցված մարմնական վնասվածքները իրականում ստացել էր դեռեւս մինչեւ փախուստը եւ Գորիսի բանտ տեղափոխվելը՝ Արթիկի գաղութում: Մյուս կողմից՝ եղել է նաեւ Վ.Դորոգանովի ցուցմունքն այն մասին, որ արդեն փախուստից հետո, Գորիսի բանտում, իր հարեւան խցում, որտեղ պահվել է «Խելառ Ռաֆոն» ինքը նրա ձայներն է լսել եւ հասկացել, որ նրան ծեծում են: Մինչդեռ ՆԳ ներկայիս նախարար Հայկ Հարությունյանի գլխավորությամբ իրականացված այդ օպերացիայից եւ կալանավորներին բռնելուց հետո ինքը՝ Մ.Սաղաթելյանը՝ վերջիններիս Գորիս տանելու հրահանգ տալով, վերադարձել էր Երեւան: Հարկ է եւս մեկ անգամ մեջբերել Մ.Սաղաթելյանի փաստաբանի այն պնդումը, թե 8 տարի անց դժվար է ճշգրտորեն վերականգնել 94-ին կատարված դեպքի բոլոր դրվագները: Մի բան, որ ժամանակին «տաք հետքերով» անգամ չէր բացահայտվել: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել