Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՎԱՐԱԿՎՈՒՄ Է ՍԿԼԵՐՈԶՈՎ»

Հունվար 31,2002 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԸ «ՎԱՐԱԿՎՈՒՄ Է ՍԿԼԵՐՈԶՈՎ» Թեպետ բավականին երկարաշունչ է, սակայն ստիպված ենք հիշեցնել հանձնաժողովի ամբողջական անվանումը. 1999 թ. «27»-ի գործի քննության ընթացքում մեղադրյալների, ինչպես նաեւ ամբաստանյալների պահպանությունն իրականացնող մարմինների գործունեության օրինականությունն ուսումնասիրող ժամանակավոր հանձնաժողով։ Առաջին վեցամսյա աշխատանքից հետո, ԱԺ որոշմամբ հանձնաժողովի աշխատանքները երկարաձգվեցին եւս վեց ամսով։ Սակայն դատելով երեկվա նիստի օրակարգից, ընդունած որոշումներից, նաեւ՝ նիստի ընթացքից, կարող ենք արձանագրել, որ համենայն դեպս այս պահին հանձնաժողովը պարզապես չգիտի անելիքը։ Իհարկե, հանձնաժողովի փոխնախագահը իրավասու է նախագահի բացակայությամբ նիստեր հրավիրել, բայց գոնե հստակեցվի, թե ինչի համար։ Նիստի օրակարգին հանձնաժողովի անդամները ծանոթացան հենց նիստի ժամանակ։ Ֆիլարետ Բերիկյանն արդարացիորեն նկատեց, որ լավ կլիներ օրակարգը նախօրոք իմանային։ Իսկ օրակարգը, բացի երկրորդ կետից՝ Նորայր Եղիազարյանի մահվան կապակցությամբ հարուցված գործի, դրա կարճման եւ վերանայման մասին, ամբողջությամբ «նվիրված էր» Գագիկ Ջհանգիրյանին։ Գագիկ Կոստանդյանը նույնիսկ հատուկ հարց էր գրել՝ «Ժամանակավոր հանձնաժողովի վերաբերմունքը զինդատախազ Ջհանգիրյանի ելույթին մամուլում», որը հանձնաժողովի անդամները ողջամտորեն որոշեցին օրակարգից հանել՝ համարելով, որ նման հարցը քննելը իրենց լիազորությունների շրջանակում չի տեղավորվում։ Օրակարգի առաջին հարցը՝ Նաիրի Բադալյանի նկատմամբ նախաքննության ընթացքում կատարված անօրինականությունների վերաբերյալ, ենթադրում էր (ինչպես նախորդ օրը հարցազրույցում հայտարարել էր Գ. Կոստանդյանը), որ հանձնաժողովը առաջարկություն կներկայացնի փաստերը Գլխավոր դատախազությանը հանձնելու մասին։ Հանձնաժողովը որոշեց, որ իրենք մեկ անգամ արդեն դիմել են դատախազությանը Նաիրի Բադալյանի վերոհիշյալ հարցի կապակցությամբ եւ հարկ չկա երկրորդ անգամ դիմել։ Ի վերջո, հարցը կարելի է կարգավորել նաեւ աշխատանքային կարգով։ Գրիգոր Հարությունյանը, նաեւ՝ Կիմ Բալայանը եւ մյուսները, որոշեցին, որ լրացուցիչ նամակի կարիք չկա։ Կրկին, ինչպես նախորդ մի քանի նիստերում, խոսվեց այն 200 մարդկանց մասին, որոնք «27»-ի գործով անցնում են, անօրինական ձերբակալվել են եւ այլն։ Ֆ. Բերիկյանը առաջարկեց այդ մարդկանց հրավիրել, քանի որ իրենց տրված լրացուցիչ ժամանակից արդեն երկու ամիս անցել է, եւ ժամանակն է այս հարցով զբաղվել։ Գ. Կոստանդյանը հայտնեց, որ թեպետ իրենք ունեն 200 հոգու ցուցակ, սակայն խցիկային քարտերով 65 մարդ կա, որոնց վերաբերյալ գրություն է ուղարկվել Կալանավայրերի վարչություն։ Նպատակն էր պարզել՝ որտե՞ղ են հիմա այդ մարդիկ։ Նույն Բերիկյանն էր, որ հիշեցրեց նախորդ նիստի մասին, որի ժամանակ առաջարկ եղավ պարզել ԱԺ-ի բժշկի եւ բուժքրոջ (1999 թ. հոկտեմբերի 27-ի դրությամբ) ցուցմունքների մանրամասները, թե ինչպես եւ ինչու են վերջիններս մեկնել Հայաստանից։ Խորեն Թռչունիչը եւս կրկնեց նախորդ նիստի իր վերոհիշյալ առաջարկը, եւ հանձնաժողովը կրկին որոշում կայացրեց քրգործում առկա վերոհիշյալ նյութերը հանել եւ հաջորդ նիստում քննել։ Մոռացկոտ հանձնաժողովին ստիպված ենք հիշեցնել, որ նոյեմբերի 29-ի նիստում ճիշտ նույն որոշումն արդեն կայացվել էր, ի՞նչ կարիք կա նույն որոշումը երկու անգամ կայացնելու։ Արդյո՞ք սա չի նշանակում, թե հանձնաժողովը պարզապես անելիք չունի։ Փոխնախագահ Գագիկ Կոստանդյանը սկզբում չուզեց ընդունել, թե իրենք նույն որոշումը կայացրին, հետո պարզապես ստիպված էր համաձայնել. «Ես բան չունեմ ասելու, ճիշտ եք ասում, բայց հարցը դրված է այն առումով, որ այդ անձինք (խոսքը բժշկուհու եւ բուժքրոջ մասին է.- Մ. Ե.) ցուցմունք են տվել, որ ինչ-որ զինված մարդիկ եւ այլն… Իմիջիայլոց, ձեր միջոցով նախաքննական մարմինները պետք է սրան ուշադրություն դարձնեին, ոչ թե հանձնաժողովը»։ Հանձնաժողովը պատրաստակամ է հրավիրել, ասենք, Նաիրի Բադալյանին, Հարություն Հարությունյանին ու մյուսներին եւ լսել նրանց ցուցմունքները, սակայն վերոհիշյալ բժշկուհու եւ բուժքրոջ պատմածները արձանագրված են ՀԺԿ Լրատվական ծառայության ղեկավար Ռուզան Խաչատրյանի կողմից նկարահանված տեսաերիզում, որը հանձնաժողովը, ցանկության դեպքում, կարող էր պարզապես դիտել։ Նման ցանկություն հանձնաժողովը չի հայտնել, իսկ փոխնախագահի պնդմամբ՝ դա նախաքննության իրավասությունն է, որից նախաքննության մարմինը չի օգտվել։ Գ. Կոստանդյանը պնդեց, որ դա նախաքննության գործն է, եւ հանձնաժողովը չի կարող միջամտել. «Դա արդեն նախաքննություն է, մեր ֆունկցիաների մեջ չի մտնում։ Չարած բանում, քրեորեն հետապնդելի արարքներում են արդեն մեզ մեղադրում, բա որ անե՞նք ինչ պիտի ասեն»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել