Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԻՍԿ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՉՀՆՉԵՑ

Հունվար 30,2002 00:00

ԻՍԿ ՄԵՂԱԴՐՎՈՂՆԵՐԻ ԽՈՍՔԸ ՉՀՆՉԵՑ Վանաձորում վերջերս հայտնաբերված հանցագործ խմբի առնչությամբ հեռուստալրատվական որոշ ԶԼՄ-ներում հնչում էր այն միտքը, թե քաղաքը, ի վերջո, հանգիստ շունչ քաշեց։ Նշենք, որ բացահայտումները վերաբերել են հիմնականում վերջին կես տարում կատարված հանցագործությունների մի մասին։ Ինչպե՞ս կարող է քաղաքը հանգիստ շունչ քաշել, եթե նախկինում՝ ավելի վաղ կատարված ծանր հանցագործություններ առայսօր չեն բացահայտվել։ Նշենք, որ դեռեւս 2000թ. դեկտեմբերին մեծամասշտաբ ձերբակալություններ եղան Վանաձորում (այդ մասին տեղեկատվություններ եղան «Առավոտ» եւ «Հայկական ժամանակ» թերթերում)։ Կարծիքներ կային, թե այդ ձերբակալությունները եղել էին հենց նախկինում կատարված ծանր հանցագործությունների առնչությամբ, սակայն այդ առթիվ պաշտոնական որեւէ մեկնաբանություն չեղավ։ Հատկանշական է, որ վանաձորյան բանդայի վերաբերյալ 2.01.202թ. «02»-ի ռեպորտաժի ժամանակ եթերից չհնչեց հանցագործության մեջ մեղադրվողների խոսքը (մինչդեռ, հակառակ պարագայում, թերեւս դա կարող էր առավել համոզիչ եւ անաչառ դարձնել ռեպորտաժը)։ Ինչպես հաճախ, ներկայացվեցին միայն մեկնաբանություններ, իսկ այդ պայմաններում, բնականաբար, խոսք լինել չի կարող անկողմնակալության մասին։ Հենց այդ պատճառով էլ վանաձորցիների մի մասը կասկածներ ունի, թե արդյո՞ք հենց այդ երիտասարդներն են իրական հանցագործները։ Ի դեպ, նույն ռեպորտաժի ժամանակ օրինապահների աշխատանքի վերաբերյալ դրական գնահատականով հանդես եկավ Լոռու մարզպետը եւ միաժամանակ կարծիք հայտնեց, թե նման հանցագործների (սպանությունների եւ մահափորձի մեջ մեղադրվող) նկատմամբ պետք է մահապատիժ կիրառվի։ Կարծում ենք, բավականին համարձակ քայլ է, որ մարզպետն իր կարծիքը չի փորձել համապատասխանեցնել Եվրախորհրդի պահանջներին։ Նշենք, որ Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության Եվրոպական կոնվենցիային կից թիվ 6 Արձանագրության (մահապատժի վերացման վերաբերյալ) 2-րդ հոդվածն ասում է. «Պետությունը կարող է իր օրենսդրության մեջ մահապատիժ նախատեսել պատերազմի ժամանակ կամ պատերազմի անխուսափելի սպառնալիքի դեպքում կատարված գործողությունների համար. նմանօրինակ պատիժը կիրառվում է միայն օրենքով սահմանված դեպքերում եւ նրա դրույթներին համապատասխան»։ ԳԱՅԱՆԵ ՀՈՎՍԵՓՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել