ԱՌԱՋԱՏԱՐՆԵՐՆ ԱՆԿՅՈՒՆՆԵՐՈՒՄ ՄՆԱՑԻՆ Պրոֆեսիոնալ թենիսիստների միջազգային ասոցիացիան հրապարակեց համաշխարհային դասակարգման վարկանիշային նոր ցուցակը։ Եւ որքան էլ զարմանալի է, Ավստրալիայի բաց առաջնությունն ըստ արժանվույն չբաշխեց մեծ ռակետի առաջատար վարպետներին եւ միջակություններին։ Հիշեցնենք, որ անցած տարի Կանաչ աշխարհամասում անցկացված մրցաշարից հետո ցուցակը գլխավորում էր Անդրե Աղասին, իսկ առաջին տասնյակում տեղ էին գտել այնպիսի հանրահայտ անուններ, ինչպիսիք են Սեբաստիան Գրոսժանը, Եվգենի Կաֆելնիկովը, Լեյթոն Հյուիթը։ Այս անգամ այնպիսի տպավորություն է ստեղծվում, թե ցուցակը կազմողներն օգտվել են մեկ այլ աշխարհից եւ անցած տարվա արդյունքների մասին գաղափար իսկ չեն ունեցել։ Այսպես, անցած տարվա լավագույններից 20 առաջատարների մեջ հայտնվել են միայն Մարատ Սաֆինը, Թիմ Հենմենը, Թոմի Հաասը եւ Ռոժե Ֆեդերերը։ Միանգամայն անսովոր է, որ տղամարդկանց ցուցակը գլխավորում է շվեդ Թոմաս Յուհանսոնը, որը դեռ երբեք այդքան վեր չէր բարձրացել։ Առավել զարմանալի է չեխ Իրժի Նովակի երրորդ տեղում հայտնվելը կամ այն, որ 5-րդը ճանաչվել է մարոկկացի Յունես Էլ Այնաուին։ Անվիճելի է, որ անցած տարվա հերոսները ջանք չեն խնայի «ինքնակոչերին» պատժելու համար։ Դժվար թե երկար ժամանակ հարյուր ուժեղագույններից այն կողմ մնան Աղասին, Հյուիթը, Գուստավո Կուերտենը։ Անկասկած, նրանք սրընթաց վեր կսլանան ցուցակում։ Բացառված չէ, որ նրանք առաջին տասնյակում իրենց արժանի տեղերը կնվաճեն դեռ Ֆրանսիայի բաց առաջնությունից առաջ, որն այս մրցաշրջանում թենիսի երկրորդ խոշորագույն մրցաշարն է։ Ինչ վերաբերում է կանանց, այստեղ ամեն բան կարգին է ու որեւէ այլ մեկնաբանության կարիք չկա։ Ահա թե ինչպիսի տեսք ունեն նոր վարկանիշային ցուցակների առաջին տասնյակները։ Տղամարդիկ. 1. Թոմաս Յուհանսոն (Շվեդիա), 2. Մարատ Սաֆին (Ռուսաստան), 3. Իրժի Նովակ (Չեխիա), 4. Թոմի Հաաս (Գերմանիա), 5-7. Յունես Էլ Այնաուի (Մարոկկո), Ռոժե Ֆեդերեր (Շվեյցարիա), Թիմ Հենմեն (Մեծ Բրիտանիա), 8. Յոնաս Բյորկման (Շվեդիա), 9. Մարսելո Ռիոս (Չիլի), 10. Գրեգ Ռուսեդսկի (Մեծ Բրիտանիա)։ Կանայք. 1. Ջենիֆեր Կապրիատի (ԱՄՆ), 2. Լինդսեյ Դեւենփորթ (ԱՄՆ), 3. Վինուս Ուիլյամս (ԱՄՆ), 4. Մարթինա Հինգիս (Շվեյցարիա), 5. Կիմ Կլիյստերս (Բելգիա), 6. Սերենա Ուիլյամս (ԱՄՆ), 7. Ժյուստին Էնին (Բելգիա), 8. Ամելի Մորեսմո (Ֆրանսիա), 9. Ելենա Դոկիչ (Հարավսլավիա), 10. Մոնիկա Սելեշ (ԱՄՆ)։ Ք. Հ.