ԾԱՆՈԹ ՈՒ ԱՆԾԱՆՈԹ ԻՍԱՀԱԿՅԱՆԸ Ներկայացնում ենք հայ գրականության մեծերից մեկի՝ Ավ. Իսահակյանի անտիպ ստեղծագործություններից, ուր Վարպետին զբաղեցնող հարցերն առնչվում են գրողի ստեղծագործական վարպետությանն ու գեղեցիկի հիմնահարցին, հայրենիքի ազատության ուղիների շուրջ խորհրդածություններին։ Շնորհակալություն ենք հայտնում Ե. Չարենցի անվան գրականության եւ արվեստի թանգարանի տնօրինությանը՝ նյութերը սիրով տրամադրելու համար։ Գեղեցիկ աղջիկը Երկու ընկեր կռվում են նրա համար, նրան տիրելու համար. մեկն սպանվում է, մյուսը տիրում է աղջկան։ Այդ ավանի տերը՝ ավագը խլում է նրա ձեռքից աղջկան ու ավագապետի որդին սպանում է հորը եւ աղջկան ինքը խլում, տիրում։ Բայց հետո մի հարուստ վաճառական նրան քաշով ոսկի է տալիս եւ գնում աղջկան, տանում է իր քաղաքը։ Երկրի իշխանը նրանց իր մոտ խնջույքի է հրավիրում, սպանում է հարուստին եւ կինը խլում։ Հարուստի եղբայրները վարձում են մի քաջ ավազակ մարդու, նրա միջոցով սպանում են իշխանին՝ վրեժ լուծելու համար։ Կռիվ է ծագում քաղաքի մեջ, քաղաքը երկու մասի է բաժանվում։ Իրար կոտորելուց հետո ծերակույտը վճռում է աղջկան, այդ դեւին, բանտարկել, նզով տալ։ Տանում են եպիսկոպոսի առաջ, սա տեսնելով աղջկան՝ սիրահարվում է, պահում է մոտը, մորուքը սափրում է եւ նրա հետ փախչում։ Լսում է թագավորը, որ կույր է լինում, հրամայում է գտնել եպիսկոպոսին եւ պատժել նրան եւ աղջիկը խլել ձեռքից, բերել իրեն (գյուղ ու քաղաք այդ աղջկա գովքով է լցված, գուսանները երգում են)։ Եպիսկոպոսը փախչում է, անհայտանում։ Աղջկան բռնում են, բերում են կույր արքայի մոտ, սա շոշափում է նրան, մարմինը, զգում է հմայքը, սիրահարվում է, դարձնում նրան Թագուհի… Վերջին քրիստոնյաների աղոթքը Այա-Սոֆիայում 1453 թվի մայիսի 28-ին կատարվեց քրիստոնեական արարողություն, որ վերջինն եղավ Այա-Սոֆիայի մեջ։ 500 տարի է, որ քրիստոնեական ծես, աղոթք չի կատարված քրիստոնյաների ամենաշքեղ, ամենամեծ տաճարի մեջ, որ շինված է քրիստոնյաների համար… Ի՜նչ ծաղր, ի՜նչ անպատվություն քրիստոնեական աշխարհի հասցեին։ *** Հերոսների երգող գուսանը պետք է գործի հերոս չլինի, այլ մտքի, խոսքի, գաղափարի հերոս։ Դանտեն հերոս էր, Նիցշեն հերոս էր, բայց ոչ Գարիբալդիի պես, այլ ուրիշ։ Օրինակ Բարսեղ Զաքարիայի մասին Այդ հերոսը մեռավ մի չքնաղ, հոյակապ վերջալույսի նման, ա՜խ, զինող վերջալույսից ավելի չքնաղ արշալույս պիտի ծագի։ Այդպես միայն եւ մեր բոլոր հերոսները։ *** Գիտական կրիտիկներն ապացուցեցին, որ մեծ, հանճարեղ բանաստեղծները իրենց ստեղծվածքների մեջ հրաշալի կերպով ներկայացնում են մեծ տենդենցիաներ զուտ գեղարվեստի հետ. մեծ բանաստեղծները իրենց հոգին են շնչում իրենց ստեղծվածքի մեջ։ Դրանց հոգին, դա սուրբ հոգի է. հավերժության հոգին. բնության հոգին։ Իսկական գեղեցկությունը, էսթետիկան արտահայտվում է այնտեղ որպես անոթ բարձր մտքերի, գաղափարների, ձգտումների ու տենդենցիաների։ Այդպես է Զենդավեստան, Ռիգ-Վեդան, Աստվածաշունչը… Ղուրան, Ֆաուստ… Դոն Քիշոտ, Միլտոն Իբսեն, Տոլստոյ։ *** Շատ խոսելը հոգու դատարկության նշանն է։ Տանջվել՝ այդ խոր հոգիները կարող են, բայց՝ վեհ տանջանքը։ Տանջանքը խորացնում է հոգին, բայց ոչ թե երջանկացնում, այլ թշվառացնում, նույնիսկ չարացնում, գազզում։ Մեծ հոգին պիտի լուռ, մենակ, անընկեր լինի։ Խորհող հոգին էլ այդպես կլինի։ *** Թռչունները (գուցե եւ արծիվը) երբ գաղթում են, ծովերը անցնելիս ոտքերի կամ կտուցի մեջ մի փետ բռնած անցնում են։ Եվ երբ հոգնում են, իջնում են ծովի վրա, փետը գցում եւ նստում, հանգստանում ու էլի կտցում-տանում։ Եվ ես, ժողովուրդ, ահա բռնած-սղմած կրծքիս բերում եմ այս՝ ձեր նեցուկը, հենարանը եւ գցում եմ, որ կյանքի ծովում չխեղդվեք. այդ ներումի խաչ չէ. բայց մի՞թե խաչս չէ։ *** Մարդը վշտից է թափառում։ ՄԱՐԻ ԶԱՔԱՐՅԱՆ Բանասիրական գիտ. դոկտոր, պրոֆեսոր