ՀՅԴ-ն՝ ընդդեմ կոռուպցիայի ՀՅԴ Բյուրոյի ներկայացուցիչ Հրանտ Մարգարյանը հավաստիացնում է, որ որեւէ երկրում կոռուպցիան ղեկավարվում է իշխանության կողմից։ Պրն Մարգարյանը հավատացած է, որ «կոռուպցիան արգելակող դեր ունի մեր ժողովրդի զարգացման եւ առաջընթացի համար։ Գտնում եմ, որ կոռուպցիան ստեղծում է անարդար հարաբերություններ հասարակության մեջ։ Գտնում եմ, որ մեր ժողովուրդը ինը տարի օտար լուծ կրելուց հետո համահավասար է համարել օտարի լուծը եւ անարդարությունը»։ Հրանտ Մարգարյանը գտնում է, որ «այսօր անկախության պայմանների մեջ ենք ապրում, բայց առկա է դեռ մեր մեջ անարդարությունը»։ Դաշնակցության առաջնորդներից մեկը գտնում է, որ կառավարությունը եւ ղեկավարությունը պետք է կամք դրսեւորեն անարդարության դեմ պայքարելու համար, բայց, ամենակարեւորը՝ հասարակական վերահսկողություն պետք է իրականանա պետական համակարգի վրա, որը «կդառնա գլխավոր երաշխիքը՝ կոռուպցիան սահմանափակելու, խեղճացնելու առումով»։ Իսկ այս ամենի համար հարկավոր է ունենալ այն քաղաքական ուժը, որը կհավատա, թե դրա դեմ պետք է պայքարի։ Որպես նման քաղաքական ուժ, հասկանալի է, որ պրն Մարգարյանը չէր տալու Կոմկուսի անունը։ Նույնիսկ ոզնուն է հայտնի, որ ըստ դաշնակցականի, այդ քաղաքական ուժը միմիայն Դաշնակցությունը կարող է լինել։ Երբ Վազգեն Սարգսյանը վերադարձավ ԱՄՆ-ից եւ հայտարարեց, թե պայքար է սկսում կոռուպցիայի դեմ, առաջին պահին քչերը դա լուրջ համարեցին, քանի որ մեզանում կլաններն այնքան են սերտաճած իշխանությունների հետ, որ անհնարին է տարբերել՝ ով՝ ով է։ Վազգեն Սարգսյանը հակակոռուպցիոն սեմինարներ չարեց, նա փորձեց բոլորին նորմալ դաշտ բերել։ Նաեւ այս պատճառով տեղի ունեցավ «Հոկտեմբերի 27»-ը։ Դաշնակցությունը սեմինար է կազմակերպում, որում նրա առաջնորդները հայտարարում են, թե «հնարավոր է կոռուպցիայի դեմ պայքարը, եթե չհավատայի, պետք է քաղաքականությունից հրաժարվեի եւ տուն կգնայի»։ Քանի դեռ քաղաքական կարիերան մարդկանց համար տնտեսական հնարավորություններ ապահովելուն է ծառայում, կոռուպցիան անմահ է լինելու. «Այսօր կան չինովնիկներ, որոնց քաղաքական կարիերան իրենց համար ինքնանպատակ է եւ կարող են իբրեւ ՀՀՇ իշխանության գլուխ կանգնել, իբրեւ կոմունիստներ, իբրեւ լիբերալներ, կամ մեկ ուրիշ բան»։ Իբրեւ դաշնակցական՝ իհարկե, ոչ։ Հրանտ Մարգարյանը գտնում է, որ իրենք ուրիշ են։ Դե ինչ, մնում է, որ մինչեւ մահ (կամ ազատություն) Դաշնակցությունը շարունակի իր հակակոռուպցիոն պայքարը։ Մ. ԵՍԱՅԱՆ