Լրահոս
Օրվա լրահոսը

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԻ «ՊՏՈՒՂՆԵՐԸ»

Հունվար 30,2002 00:00

ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏ ԳՈՐԾԱՐՔԻ «ՊՏՈՒՂՆԵՐԸ» «Հոկտեմբերի 27»-ին այս կամ այն կերպ առնչվող դրվագներն առաջնային են Մուշեղ Սաղաթելյանին առաջադրված մեղադրանքներում։ Եվ եթե չլինեին դրանք՝ չէին լինի եւ մյուս մեղադրանքները. մեր այս դիտարկմանը համաձայնեց նրա պաշտպանը՝ փաստաբան Ռոբերտ Գրիգորյանը։ -Ահաբեկչության կազմակերպման մեջ նախագահին եւ պաշտպանության նախարարին մեղադրելը առաջին նյութն է, որով հարուցվել է քրեական գործ։ Դրանից հետո են եկել մյուս նյութերը, որոնց հիման վրա հարուցվել են քրեական գործեր ու միացվել առաջինին։ Այսինքն, դա իրոք սկիզբն էր։ Ընդ որում, ոչ թե դատախազությունն էր նախաձեռնողը, այլ այդ նյութերը ստացվել էին ՆԳՆ 6-րդ վարչությունից։ – Այսինքն, նախ 2001-ին արված հայտարարություններն էին, հետո՞ դատախազությունը հիշեց 1992-ին, 1995-ին կամ 1996-ին եղածների մասին։ – Այսպես ասենք՝ հիշեց կամ հիշեցրին։ Համենայն դեպս՝ ըստ գործի նյութերի, ստացվել են այդ դրվագներով առնչված անձանց դիմումները, եւ անգամ Գորիսի միջադեպում մահացածի կինն է իբր նամակ գրել՝ «Մինչեւ հիմա դիմումներ շատ եմ գրել, պատասխան չեմ ստացել, խնդրում եմ ինձ ասեք՝ որտեղ է իմ ամուսնու գերեզմանը»։ – «Առավոտին» տված իր վերջին հարցազրույցում Մուշեղ Սաղաթելյանը կտրականապես հերքել էր, թե ԱԱՆ մեկուսարանի պետ Համլետ Խլղաթյանի սենյակից բացի՝ ինքն այդ մեկուսարանում մտել է որեւէ այլ սենյակ։ Ուրեմն, եթե նա ԱԱՆ մեկուսարանում իրոք ծեծել է Միսակ Մկրտչյանին, ինչի մեջ այժմ մեղադրվում է, դա եղել է մեկուսարանի պետի ներկայությա՞մբ։ – Այլ կերպ ասած՝ այլ անձանց ներկայությամբ։ Եթե այդպիսի բան լիներ, պետք է որ այդ «այլ անձինք», որոնք ականատես են եղել այդ ծեծին, որպես վկա ներգրավվեին եւ հաստատեին։ Իսկ այժմ ստացվում է, որ միայն Միսակ Մկրտչյանն է պնդում, թե իրեն ծեծել է Մուշեղ Սաղաթելյանը, իսկ վերջինս ժխտում է եւ ասում, թե նրան ո՛չ ճանաչել է, ո՛չ էլ կպել։ Անկախ իր զբաղեցրած պաշտոնից՝ ով էլ մտնի ԱԱՆ քննչական մեկուսարան, չի կարող հանդիպել կալանավորի հետ՝ առանց մեկուսարանի աշխատակիցների գիտության կամ օժանդակության։ Միայն այդ աշխատակիցները կարող են կալանավորին բերել քննիչի կամ այն անձի մոտ, ով համապատասխան ձեւակերպմամբ խնդրել է տեսակցություն, եւ այլն։ Տվյալ դեպքում էլ, բնական է, որ մեկնումեկը պիտի լիներ։ Բայց ես առայժմ չեմ հանդիպել նման մարդու ցուցմունքի, որը կասեր, թե իր ներկայությամբ Մուշեղ Սաղաթելյանը որեւէ մեկին ծեծել է։ Ընդ որում, ըստ գործի տվյալների, այդ ծեծն իբր տեղի է ունեցել ընդհատված հարցաքննության ժամանակ, երբ Միսակ Մկրտչյանն իր հին հիվանդության պատճառով խնդրել է հերթական ընդմիջումը։ Սակայն առնվազն անհեթեթ է մտածելը, թե Մուշեղ Սաղաթելյանը կարող էր նրա հետ գնալ այնտեղ, որտեղ նա է եղել, եւ ծեծել նրան։ Բացի այդ, Մուշեղ Սաղաթելյանին չէին կարող տրամադրել այդ հարցաքննվող անձին՝ առանց քննիչի համաձայնության կամ գիտության։ Ստեղծվում է մի վիճակ, երբ գործի ելքով շահագրգռված, Մուշեղ Սաղաթելյանից դժգոհ անձի (նա կալանավորված է եղել եւ, բնական է, հաճույք չի ստացել դրանից) ցուցմունքների հիման վրա են մեղադրանքներ ներկայացնում։ Թեեւ չկան արժանահավատ ապացույցներ, որոնք կարող էին հիմք ծառայել ասելու, թե այն ժամանակ նրա նկատմամբ բռնություն է կիրառվել։ – Հաջորդ դրվագը վերաբերում է նրան, թե Մուշեղ Սաղաթելյանն իբր արտոնյալ պայմաններ է ստեղծել կալանավոր Գարիկ Արզումանյանի համար, որպեսզի նա իրեն տրամադրի «Հոկտեմբերի 27»-ի կազմակերպիչների մասին վկայող մի տեսաերիզ։ – Մեղադրանքի այդ մասը եւ ընդհանրապես՝ կառուցվածքն իր բովանդակությամբ, ինձ համար շատ տարօրինակ է։ Եթե մի անձ ցուցմունք է տվել եւ ասել, որ մտադրություն ուներ դիմել փախուստի եւ դրա համար որոշել է սուտ տեղեկություններ հաղորդել մարդկանց, որոնք դրանց նկատմամբ հետաքրքրություն կարող են ցուցաբերել, եւ այս ամենը նա արել է՝ այդպիսի լուրեր հայտնող մարդու ասածը ստուգելու նպատակով կատարված գործողությունները համարում են ապօրինություն եւ հանցագործությո՞ւն։ Իսկ ինչո՞ւ չեն տեսնում եւ գնահատում մի արարք, որն Արզումանյանն ինքն է խոստովանել այս ցուցմունքում, թե ինքը մտադիր էր դիմել փախուստի։ Պատիժ կրող անձը, կալանավայրից փախչելու համար մտածել է այս ձեւը, կատարել է դրա համար անհրաժեշտ գործողություններ, հորինել որոշակի պայմաններ, բայց ի վերջո իրենից անկախ պատճառներով չի կարողացել այդ փախուստը հաջողացնել, փորձը ձախողվել է։ Բայց այս ամենից հետո ոչ մի քրեաիրավական գնահատական չի տրվել նրա արարքին։ – Սակայն արդյոք Մուշեղ Սաղաթելյանն իրավունք ունե՞ր այս կալանավորի հայտնած տեղեկությունների ստուգմանը ձեռնամուխ լինել առանց տեղյակ պահելու ՆԳՆ ղեկավարությանը կամ Զինդատախազությանը եւ առանց նրանց հանձնարարության։ – Հետաքրքիր է մեղադրանքի այդ դատողությունը. ազատազրկման վայրերում պատիժ կրող անձանց հետ միշտ էլ տարվում է օպերատիվ աշխատանք։ Իմիջիայլոց, այս ձեւով են բացահայտվում բազմաթիվ չբացահայտված գործեր։ Եվ երբ տվյալներ են ստացվում, հաղորդումը ստացող պաշտոնատար անձանց պետք չէ առանձին հանձնարարություն տալ, որպեսզի նրանք կատարեն իրենց ամենօրյա գործը։ Եվ ամեն անգամ չպիտի նախ զեկուցեն տարբեր բարձրաստիճան անձերի, որպեսզի նախ թույլտվություն ստանան, հետո ստուգեն։ Սա անհեթեթ է։ Այդ հանձնարարությունը նրանք արդեն ունեն ի պաշտոնե։ Եթե Մուշեղ Սաղաթելյանի մտքի մեջ, ինչպես ներկայացվում է, ինչ-որ բաներ են եղել (թեեւ այդ ուղղությամբ որեւէ գործողություն չի կատարել)՝ դրա համար նա ենթարկվում է քրեական պատասխանատվության։ Բայց երբ որ այս Արզումանյանն է մտադրվել կատարել հանցագործություն եւ այն կատարելու համար որոշակի քայլեր է ձեռնարկել՝ նրան չի առաջադրվել որեւէ մեղադրանք։ Նա վկա է, որովհետեւ պիտի ցուցմունքներ տա Մուշեղ Սաղաթելյանի դեմ։ – Կարելի՞ է եզրակացնել, որ ե՛ւ այս կալանավորը, ե՛ւ գործակալ Հարություն Գրիգորյանը, որին ավելի ուշ կանդրադառնանք, դիմել են գործարքի ինչ-ինչ պայմաններով։ – Ճիշտ եք նկատել։ Նրանք իրենց օգտին որոշակի արդյունքներ են ակնկալել եւ ստացել դրանք։ Հետաքրքիրն այն է, որ երկուսի դեպքում էլ ձեռագիրը նույնն է. ե՛ւ Գարիկ Արզումանյանը, ե՛ւ Հարություն Գրիգորյանը ի սկզբանե գիտեին, որ սուտ են ասում։ Երկուսն էլ գիտեին, որ դրա նկատմամբ կա հետաքրքրություն եւ, թե որ շրջանակները կարող էին դրանով հետաքրքրվել։ Եվ երկուսն էլ իրենք են նախաձեռնություն ցուցաբերել, որպեսզի կարողանան իրականացնել իրենց մտադրությունները։ Հարցազրույցը վարեց ԱՆՆԱ ԻՍՐԱՅԵԼՅԱՆԸ (Շարունակելի)

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել