Դատախազությունը՝ գլխավոր դիտորդ 2001թ. դեկտեմբերի 24-ին «Առավոտ» էր ժամանել Հունանյան մարդասպանների հայրը՝ ազգությամբ դեռ ՀՀ քաղաքացի, Հրաչյա Հունանյանը։ «Լրագրո՞ղ, ո՛չ, հրահրող» վերնագրով քստմնելի գրություն թողնելով խմբագրությունում՝ հեռացել էր։ Այդ գրության ընդամենը մի քանի նախադասություն տպագրեցինք «Առավոտի» տարեվերջյան համարում։ Հաջորդ օրը արձագանքողը եղավ «Նոյյան տապան» լրատվական գործակալությունը (լրագրող՝ Ինգա Զառաֆյան), որին տված իմ հարցազրույցը ցուցադրվեց դեկտեմբերի 27-ին «Ա1+» հեռուստաընկերությամբ։ Ես ասացի, որ իրավապահ մարմիններին չեմ դիմելու, քանզի ոճրագործների հոր իրավապահ մարմիններ կանչվելը կդիտվի իբրեւ ճնշում, մի բան, որ ջանքուեռանդ չխնայելով՝ փորձում են ապացուցել իրենց հայտարարություններով (դատարանում) ոճրագործները։ Ոճրագործների հայրը, որ գրել էր, թե «ինքն այնքան կարդալու եւ գրելու նյութ ունի, որ եթե օրվա ժամերը կրկնապատկվեն, դարձյալ քիչ է», դեկտեմբերի 13-ի իմ հրապարակումը որակել էր «զրպարտագիր»։ Իսկ իր գլուխգործոց գրությունն էլ ավարտել էր այսպես. «Վերջերս իմացա, որ այս տարի աշխարհում զոհվել է 100 լրագրող։ Եթե ես կամ Բենիկ Մինասյանը լինեինք երիտասարդ Սասնա ծուռ, գուցե Ռուզան Մինասյանը լիներ 101-րդը։ Խելոք ու պարկեշտ մարդը ապրում է խոր ծերություն, անգետն ու անազնիվը՝ կյանքից հեռանում է վաղաժամ։ Ոչ միայն հիշյալ ուհին, այլեւ ուրիշ լրագրողներ եւս խեղաթյուրում են փաստերը եւ իրենց կյանքը դնում վտանգի տակ։ Նրանք թող մտածեն ապրելու մասին եւ ոչ թե մեռնելու»։ Այսպես է իրականությունը։ Մարդասպանների հորով է պայմանավորվում մեր ապրելու հարցը։ Գլխավոր դատախազությունը, որը մեր ցանկացած հրապարակմանը արձագանքելու ձեւ է թափում, այս անգամ լռեց։ Մինչդեռ, քրդատօրի 179 հոդվածի 2-րդ կետով կա այսպիսի սահմանում. «Հանցագործությունների մասին հաղորդումներ հրապարակած կամ ըստ պատկանելության ուղարկած լրատվական միջոցները, ինչպես նաեւ այդ հաղորդումների հեղինակները պարտավոր են հետաքննության մարմնի, քննիչի, դատախազի պահանջով ներկայացնել հանցագործության մասին հաղորդումը հաստատող իրենց մոտ եղած նյութերը»։ Չեն պահանջել։ Հավանաբար, սպառնալիք չհամարելով վերոգրյալը, եւ կամ համարելով ու գիտակցաբար լռելով։ Ըստ նույն հոդվածի 1-ին կետի՝ «Լրատվության միջոցների հաղորդումներ են հանդիսանում կատարված կամ նախապատրաստվող հանցագործությունների մասին հաղորդումները մամուլում, ռադիոյում, հեռուստատեսությամբ, ինչպես նաեւ լրատվության միջոցներին հասցեագրված չհրապարակված հաղորդումները»։ «Հոկտեմբերի 27» քրգործով դատախազ Գագիկ Ավետիսյանին ինքս եմ հայտնել պատկերված գրության մասին։ Նա ինձ ասաց, որ գլխավոր դատախազին տեղյակ չի պահվել «Առավոտի» դեկտեմբերի 25-ի լրատվությունը եւ «Ա1+»-ով դեկտեմբերի 27-ին ցուցադրվածը։ Իսկ ոճրագործների հորը մի բան կասեմ. Սասնա ծուռը ահաբեկիչ չէ, իսկ ձեր խզբզոցում ակնարկած տան կինն էլ (դատարանում ձեռք բերված ապացույցների էլ) մեկն էր՝ Հրաչյա Հունանյանը։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ