Լրահոս
Օրվա լրահոսը

Այստեղով նախագահն է անցել

Հունվար 29,2002 00:00

Այստեղով նախագահն է անցել Մեր թաղը «սովետի» օրոք կոչվում էր Սովետաշենի խճուղի, անկախացումից հետո վերանվանվեց Նուբարաշեն։ Դրանք պաշտոնական անվանումներն են, մինչդեռ ժողովուրդը միշտ էլ իր անվանումն է տվել՝ այսպես, օրինակ, էներգետիկ ճգնաժամի տարիներին՝ «հայկական Լոս», քանի որ շնորհիվ իր «աշխարհագրական դիրքի», այսինքն գտնվելով այնպիսի կարեւոր «օբյեկտների» հանգույցում, ինչպիսիք են բերդը, գաղութը, զորամասը, ջրամբարը, ուներ շուրջօրյա էլեկտրամատակարարում, այն դեպքում, երբ նույնիսկ քաղաքի կենտրոնում այն երկժամյա էր։ Այսօրվա մեր թաղը բնակիչներն անվանում են «անտեր ու դուզ», հաշվի առնելով այն հանգամանքը, որ այստեղ տարիների ընթացքում բազմաթիվ չլուծված խնդիրներ են կուտակվել ու հրատապ լուծումներ են պահանջում, մինչդեռ, ինչպես ասում են, «հավքն իր թեւով»… օյ, ներողություն, ուզում էի ասել՝ ղեկավարն իր ոտքով դժվար հասնի այս կորած ծայրամասը։ Սակայն կյանք է՝ լի անակնկալներով, ու թաղի անդորրը խախտվեց, այն էլ կիրակի օրով։ Նախ ջրմուղ-կոյուղու աշխատողներն իրենց գլխավոր ինժեների հսկողությամբ, խմելու ջրի վնասված խողովակի ծակված մասում սեպ խրելով դադարեցրին ջրի աննպատակ հոսքը դեպի խճուղի (թերեւս մի քանի օր)։ Ապա մեքենայով խիճ բերեցին, լցրին ջրաշիթի հոսքից քանդված, դեպի զորամաս տանող ճանապարհի դար ու փոսերը։ Այնուհետեւ ուսումնասիրեցին կոյուղու լցված «լյուկերը», արդեն 5 տարուց ավելի վնասված եւ ահավոր գարշահոտ տարածող, բացօթյա հոսող կոյուղագծերը եւ ձեռքները թափ տվին, այսինքն՝ դա մի օրվա գործ չէ։ Տրակտորը ուղղում, մաքրում էր փողոցի մայթերը, իսկ ջրցան մեքենան լվանում էր։ Չուշացավ նաեւ աղբ տեղափոխող մեքենան՝ սանմաքրման կայանի մի քանի աշխատողների հետ միասին։ Վերջիններս «չիստի-բլիստի» արեցին տերիտորիան, աղբը խնամքով լցրին մեքենան։ Ու մինչ շենքերի բնակիչներն ապշահար իրար էին նայում ու հարցնում, թե այս ի՞նչ հրաշք է, դրա մասին լուրն ինքը եկավ ու հերթով բախեց բոլորի դռները՝ իրազեկելով, որ ՀՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկուշաբթի առավոտյան, տասներորդ տարեդարձի առիթով այցելելու է զորամաս։ Այնպես որ, բնակիչները հանկարծ պատշգամբներում լվացք չփռեն կամ պատուհաններից դուրս չնայեն։ Ինչեւէ, հաջորդ օրը «անտեր ու դուզ» թաղի բնակիչները «օրհնելով էն սհաթը, որ նախագահը ոտ դրեց «չաստ», ինձ խնդրեցին մեր թերթի միջոցով տեղեկացնել, որ առաջիկայում այցելի նաեւ բանտ, գաղութ կամ ներքին զորքերի զորամաս։ Միայն թե այս դեպքում թող համապատասխան ատյաններին գոնե մի քանի օր շուտ տեղեկացվի, միգուցե ֆինանսների սղության պատճառով տարիներով ձգձգվող խնդիրների լուծման համար միջոցնե՞ր ճարվեն։ Իսկ եթե ոչ, գոնե կբարեկարգվի այդ «օբյեկտները» տանող ճանապարհը, թե չէ «թիվ կա աստղերին, թիվ չկա այդ ճանապարհին խափանված մեքենաներին»։ ԱՐՄԵՆՈՒՀԻ ԲԱՂՄԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել