Լրահոս
Օրվա լրահոսը

Կոմիտասից ու Եկմալյանից հետո

Հունվար 29,2002 00:00

Կոմիտասից ու Եկմալյանից հետո Զուտ ազգային ռիթմերի ու մեղեդիների գաղտնիքը ըմբռնած մեկի համար միջնադարյան ժողովրդական ու հոգեւոր երգն ու երաժշտությունը գաղտնիք չունեն։ Դժվարությունը հենց վերջիններս ըմբռնելու ու վերարտադրելու մեջ է։ Եվ ինչպե՞ս պատահեց, որ կոմպոզիտոր, երգիչ, Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ազգային նվագարանների եւ հայ երգեցողության բաժնի վարիչ, պրոֆեսոր Արզաս Ոսկանյանը վերցրեց ու գրեց «Պատարագ»։ Կոմպոզիտորն այս հարցին հանգիստ պատասխանեց. «Մի՞թե ժամանակը չէ, որ Եկմալյանի ու Կոմիտասի հանճարեղ «Պատարագներին» օգնության ձեռք մեկնի արդիահունչ մի նոր «Պատարագ» կամ «Պատարագներ»։ Տերն ինձ օժտել է որոշակի շնորհով, այն է՝ հնչյունի լեզվով խոսել մարդկանց սրտերի, հոգիների հետ։ Եվ հենց Տիրոջ կամքն էր, որ դեռեւս վեց տարի առաջ հղացա, հոգուս հնչյուններով ժողովրդիս աղոթքները ուղղված Աստծուն, ձայնազարդելու նոր «Պատարագ» ստեղծելու գաղափար»։ Աննկարագրելի բարդ ու ծանր, բայց կարծում ենք՝ ստեղծագործական բերկրանքով լի վեց տարիները անցյալում են։ Այսօր արդեն սեղանին է երաժշտության պարտիտուրը։ Իսկ ինչպե՞ս եղավ, որ հենց ինքը՝ Արզաս Ոսկանյանը դարձավ, փաստորեն, Կոմիտասից ու Եկմալյանից հետո, թվով երրորդ «Պատարագի» հեղինակ։ Այստեղ տեղին է հիշել Ա. Ոսկանյան-երգչի կոմիտասյան կատարումները, որոնք այսօր անանց դասի արժեք ունեն մեզ համար։ Բայց երգիչ-կոմպոզիտորը գիտակցում է ճիշտ. «Պարզապես վատ աշակերտ կլինեի, եթե ուղղակի կրկնեի այդ դասը։ Այսօրվա ունկնդիրը փոխվել է ե՛ւ գեղագիտական, ե՛ւ հոգեւոր պահանջմունքներով։ Կատարողի մեծությունն էլ չափվում է առաջին հերթին այն բանով, թե որքանով է յուրացնում ժամանակի առաջադրած պահանջները եւ ինչպես է դրանք բավարարում»։ Այո, ժամանակները գալիս են իրենց պահանջներով։ 19-րդ դարի վերջին եւ 20-րդ դարի սկզբին Կոմիտասն ու Եկմալյանը բազմաձայնեցին «Պատարագի» միաձայն մեղեդիները։ Այսօր հայկական եկեղեցիներում չենք կարող պատկերացնել սուրբ պատարագի կատարումն առանց այդ հրաշք ստեղծագործությունների։ Եթե նկատի առնենք վերջիններիս զուտ քանակական կողմը, ապա կոմպոզիտորը հաստատ կմիջամտի. «Ես չեմ հայտարարել կամ հայտարարում, որ իմ «Պատարագը» դառնալու է երրորդը, կարծում եմ՝ պետք է պրոֆեսիոնալ երաժիշտների համար նոր ճանապարհ բացի, որ ստեղծվեն չորրորդը…»։ Եթե կոմպոզիտորը հրաժարվել է ավանդական եղանակներից (լսել ենք ընդամենը հատվածներ կոնսերվատորիայի հոգեւոր երգչախմբի մեկնաբանմամբ), ասենք, որ վերջիններս քարացած չեն էլ եղել։ Եթե դրանք մնային 5-րդ դարի եղանակների ձեւով, ինչպե՞ս պիտի Շնորհալին մուտք գործեր այդ ասպարեզը։ Ուշ միջնադարից մինչեւ 19-րդ դարը դժվարին ժամանակաշրջան էր, հոգեւոր երաժշտությունը նկատելի վերելք չապրեց։ Հետո եղավ զարգացում՝ ստեղծվեցին մեզ հայտնի «Պատարագները», որ փաստորեն նոր փուլ էր։ Զարգացումը կանգ առավ խորհրդային շրջանի գաղափարախոսության հանգամանքով։ Ինչեւէ, ժամանակները փոխվում են, ժամանակը գնում է առաջ, իսկ երաժշտությունը մարդկային ստեղծագործության ամենաբարձր արտահայտություններից մեկն է։ Համոզված ենք, երբ կոմպոզիտորին հարց տրվի, թե «Պատարագը» կկատարվի միայն եկեղեցո՞ւմ, թե՞ համերգային դահլիճներում նույնպես, կլսենք հետեւյալ պատասխանը. «Կուզեմ ծառայի Հայ առաքելական եկեղեցուն եւ, ինչու չէ՝ հնչի նաեւ աշխարհիկ կյանքում»։ Եվ մենք էլ համակարծիք կլինենք կոմպոզիտորին։ Իհարկե, ընդհանրապես հոգեւոր երգ կատարելիս պետք է ստեղծել եւ ցույց տալ այդ երգի աշխարհիկ համարժեքը։ Հոգեւոր երաժշտությունը, այս դեպքում «Պատարագը», ջերմացնում է եւ նորն էլ, համոզված ենք, նույնպես կջերմացնի մարդկանց սրտերը։ Այն իսկապես ներշնչող ու խորապես մարդկային արվեստ է, որ լի է կենսական ջերմությամբ, մարդկանց գրավելու զարմանալիորեն բնական կարողությամբ, պարզությամբ ու անկեղծությամբ։ ՍԱՄՎԵԼ ԴԱՆԻԵԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել