Լրահոս
Օրվա լրահոսը

«ԲԵՄԸ ՍՐԲԱՎԱՅՐ Է»

Հունվար 29,2002 00:00

«ԲԵՄԸ ՍՐԲԱՎԱՅՐ Է» «Կոչումներ շատ ունեմ, բայց ամենից բարձր կոչումն ինձ համար երգիչ լինելն է։ Ես ժողովրդի երգիչն եմ»։ Օրերս իր 60-ամյա տարեդարձը բոլորեց մեր ազգային երգի մեծ վարպետ, Արամ Մերանգուլյանի անվան ժողգործիքների համույթի գեղարվեստական ղեկավար եւ մենակատար, «Հորովել» ժողովրդական երգի-պարի հեռուստափառատոնի կազմակերպչական խմբի եւ ժյուրիի անդամ, կոնսերվատորիայի դասախոս, պրոֆեսոր, ՀՀ ժողովրդական արտիստ Ռուբեն Մաթեւոսյանը։ Մենք եւս մեր ամենաջերմ բարեմաղթանքներով միանում ենք երգչին ուղղված բոլոր շնորհավորանքներին՝ նրան մաղթելով ստեղծագործական նորանոր վերելքներ։ – Երջանիկ եմ, որ դարձել եմ 60 տարեկան, բայց դեռ չեմ կորցրել երիտասարդական ավյունը եւ աշխատում եմ նույն կերպ։ 40 տարի բեմում եմ, բայց չեմ շլացել։ Հպարտ եմ, որ դեռ ունեմ հանդիսատես եւ Աստծո օրհնությամբ դեռեւս երկար ժամանակ կշարունակեմ երգել։ Ուրախ եմ, որ հասել եմ այդ տարիքին առողջ թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես եւ թե՛ երգչական ունակություններով։ Ես ինձ լիարժեք 40 տարեկան եմ պատկերացնում, որովհետեւ 40 տարի բեմահարթակում եմ։ Տարեդարձերը մեր կյանքի ուրախ պահերն են։ Բոլոր տարեդարձերն էլ տոնվում են, բայց հոբելյանական տարիներն իմ կյանքում առավել նշանավոր են եղել, քանզի դրանք նշվել եւ տոնվել են նաեւ Հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի կողմից, ինչի համար ես անչափ շնորհակալ եմ։ – Մինչ կոնսերվատորիա ընդունվելը Դուք սովորել եք ԵՊՀ բանասիրական ֆակուլտետում։ Ինչպե՞ս եղավ, որ ընտրեցիք ժողովրդական երգն ու բեմը։ – Երգել եմ մանկությունից, սակայն մինչ որոշակի հասունացման շրջանի ավարտը ոչ ոք չի լսել իմ ձայնը։ Իմ օրը բացվում եւ ավարտվում էր երաժշտությամբ։ Ես պարտադիր ներկա էի լինում բոլոր համերգներին եւ օպերային ներկայացումներին, ողջ օրը լսում էի ռադիո եւ անգիր գիտեի բոլորի կատարումները։ Եվ երգի նկատմամբ ունեցած իմ մեծ սերն ու նվիրվածությունն էլ հենց այդ ժամանակ՝ 1961-ին ինձ բերեցին ռադիո՝ Արամ Մերանգուլյանի մոտ եւ այդ օրվանից էլ ես մնացի ռադիոյում, որպես պետական անսամբլի երգիչ։ – Ռուբեն Մաթեւոսյանի առաջին ելույթն ու առաջին երգը։ – Դա 1961թ. նոյեմբերի 5-ին էր։ Տոնական օրեր էին եւ ես անսամբլի կազմում, Արամ Մերանգուլյանի գեղարվեստական ղեկավարությամբ երգեցի Աճեմյանի «Լեռան աղջիկ» եւ Մերանգուլյանի հեղինակած Ստեփան Շահումյանին նվիրված երգերը։ Երեք օր անց դարձյալ ելույթ ունեցա հեռուստատեսությամբ եւ այդպես ամեն շաբաթ եւ կիրակի։ Ի դեպ, ասեմ, որ այն ժամանակ բացառապես կենդանի հնչողություն էր եւ ես երջանիկ եմ, որ իմ մուտքը հայկական ժողովրդական արվեստ ողջունել եւ խրախուսել են մեր արվեստի այնպիսի մեծություններ, ինչպիսիք են Ավետ Ավետիսյանն ու Գուրգեն Ջանիբեկյանը։ – 40 տարիների Ձեր ստեղծագործական ժառանգությունը։ – 800-900 երգերի ձայնագրություն Հանրային ռադիոյի ոսկե ֆոնդում։ Հազարավոր համերգներ աշխարհի լավագույն բեմահարթակներում։ Դրվատանքի խոսքեր ոչ միայն մեր, այլ նաեւ օտար մամուլում։ Դարի մեծերի եւ օտարազգի երաժշտագետների բարձր գնահատականներ եւ ամենից կարեւորը՝ իմ ժողովրդի սերն ու նվիրվածությունը ժողովրդական երգարվեստին։ – Ինչպե՞ս եք գնահատում մշակութային կյանքն այսօր Հայաստանում, մասնավորապես՝ ժողովրդական երգարվեստը։ – Մեր ազգային մշակույթը շատ նշանավոր է ողջ աշխարհում եւ բոլորին է հայտնի մեր ազգային հանճարների համբավը։ Ես երբեք ժողովրդական, ազգային երգարվեստի անկում չեմ նկատել, պարզապես եղան տարիներ, երբ մեզ համար կային առավել առաջնահերթ խնդիրներ, սակայն բոլոր տարիներին, բոլոր կարեւորագույն միջոցառումներին մենք միշտ էլ մասնակից ենք եղել։ Ի դեպ, այսօր ես շատ ուրախ եմ, որ օգոստոս ամսից Հանրային հեռուստատեսությամբ հեռարձակվում է մի նոր ծրագիր՝ «Հորովել» ժողովրդական երգի-պարի փառատոնը, որի նպատակն է պրոպագանդել հայկական երգ-երաժշտությունը եւ ի հայտ բերել նոր կատարողներ, նոր անուններ, որոնց մեջ մեծ թիվ են կազմում ոչ միայն երգի սիրով եկած քաղաքացիները, այլ նաեւ երաժշտական հաստատությունների բազմաթիվ ուսանողներ։ – Խոսեք նաեւ թե՛ Ձեր եւ թե՛ Ձեր ղեկավարած համույթի առաջիկա ծրագրերից։ – Փետրվար կամ մարտ ամսին Մոսկվայում կկայանա իմ մենահամերգը, որին կմասնակցի նաեւ մեր անսամբլը, սակայն թե ինչպիսի կազմով կմեկնենք Մոսկվա, դեռեւս հստակեցված չէ։ Ցավոք՝ մեր անսամբլը չունի մեկենասներ, որոնք կօգնեն եւ կաջակցեն մեզ ֆինանսական հարցերում։ Հուրախություն ինձ եւ արվեստասերների՝ տեղեկացնեմ նաեւ, որ այս տարի գարնանը կամ աշնանը պետականորեն կնշվի Արամ Մերանգուլյանի ծննդյան 100-ամյա հոբելյանը եւ մեր անսամբլի հիմնադրման 75-ամյակը։ (Ի դեպ, անսամբլը գործում է 77 տարի- Գ. Ա.)։ Ունենք նաեւ արտերկրյա մի շարք հրավերներ։ – Ձեր խորհուրդը սկսնակ երգիչ-երգչուհիներին։ – Սկսնակը պետք է անպայման սիրի այն գործը, ինչին նվիրվում է։ Պետք է անցնի հիմնավոր կրթություն, մասնագիտանա գործի մեջ, դառնա նվիրյալն այդ գործի եւ գիտակցի, որ ինքը դառնում է մեկն այն մարդկանցից, ովքեր նվիրյալ են։ Բեմ բարձրացողը պետք է գիտակցի, որ իրեն ակնդիր եւ ունկնդիր են բոլորը եւ ինքը պարտավոր է ոչ թե իրեն ցույց տալ, այլ իրենով ներկայացնել այն գործը, ինչը պետք է ինքը կատարի։ Հարկավոր է լուրջ պարապել եւ հենց այնպես, զուտ հաճույքի համար բեմ չբարձրանալ, քանզի բեմը սրբավայր է։ Գնում են բեմում ոչ միայն երգելու, այլ ձայնն առ Աստված հաղորդելու՝ աղոթելու։ Մեր շրջապատում շատ են երիտասարդ շնորհալիները, որոնց պետք է նկատել, խրախուսել եւ ճանապարհ տալ, որովհետեւ նրանք մեր ապագան են եւ մեր գործի շարունակողը։ ԳԱՅԱՆԵ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել