Լրահոս
Օրվա լրահոսը

Արտագաղթը Հայաստանից չի դադարում

Հունվար 29,2002 00:00

Արտագաղթը Հայաստանից չի դադարում Սոցիալ-տնտեսական իրավիճակը երկրում շարունակում է մնալ տագնապալից Անցած տարի եւս Հայաստանի բնակչությունը շարունակում էր ապրել «պարտքով». Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն, միջին հայկական ընտանիքի բյուջեում ծախսերը 10 դոլարին համարժեք գումարի չափով գերազանցում էին եկամտին։ Ընդ որում, եկամուտների կառուցվածքում երկրորդ տեղը՝ ավելի քան 20%-ը, կազմում էր արտերկրում բնակվող ազգականներից ստացված օգնությունը։ Ամենահետաքրքիրն այն է, որ նույն ծառայությունը միաժամանակ հայտնում է նաեւ բնակչության դրամական եկամուտների աճի մասին, ինչն առավել նկատելի է ոչ բյուջետային ոլորտում։ Նախորդ տարի պաշտոնական վիճակագրությունը գրանցել է համախառն ներքին արտադրանքի բավականին մեծ աճ՝ 2000թ. համեմատ ավելի քան 9%։ Շոշափելի առաջընթաց է նկատվել հատկապես շինարարության եւ գյուղատնտեսության մեջ, իսկ արդյունաբերությունը, որն ավանդաբար ձեւավորել է հանրապետության տնտեսական իմիջը, հայտնվել է 3-րդ տեղում։ Փոխարենը, գյուղատնտեսությունը վերականգնում է խորհրդային իշխանության օրոք կորցրած դիրքերը։ Հայկական հողի բարիքները գնալով ավելի ու ավելի մեծ պահանջարկ ունեն։ Այդ հանգամանքը զավեշտական մեքենայությունների պատճառ է դարձել։ Լոս Անջելեսի ՀՀ-ի հյուպատոսարանը տեղեկացրել է, որ որոշ վայ-բիզնեսմեններ, օգտագործելով պահանջարկի ակնհայտ առաջնությունն առաջարկի նկատմամբ եւ եղած շահավետ կոնյունկտուրան, կալիֆոռնիական մի ամբողջ շարք քաղաքներում զբաղվում են կեղծ «Արենի» գինու եւ կեղծ հայկական պանրի իրացմամբ։ Իրականում այդ գինին Չիլիից ներկրված ցածրորակ ապրանք է, իսկ անհայտ ծագման «հայկական պանիրը» վաճառում են դանիացիները։ Այս կապակցությամբ ՀՀ գյուղնախարարության ագրոբիզնեսի զարգացման կենտրոնը մտադիր է Կալիֆոռնիա նահանգի իշխանությունների հետ պայմանագիր կնքել՝ անմիջապես Հայաստանից առավել մեծ պահանջարկ ունեցող մթերքների ուղիղ արտահանման մասին։ Բայց, ընդհանրապես, սոցիալ-տնտեսական դրությունը հանրապետությունում մնում է բավականին հանելուկային։ Մի կողմից խոսվում է մի քանի տասնյակ հազար նոր աշխատատեղերի բացման, եւ որպես հետեւանք՝ գործազրկության առավել քան 10%-ով կրճատվելու մասին։ Մյուս կողմից՝ նույն վիճծառայությունը հայտարարում է, որ վերջին 4 տարիներին գործազուրկների թիվն աճել է 163 հազարով։ Այս ոլորտում ոչ բարենպաստ վիճակի մասին անուղղակիորեն վկայում է նաեւ այն փաստը, որ անցյալ տարի Հայաստանից արտագաղթողների թիվը գերազանցում էր վերադարձողների թվին, այսինքն՝ անբարենպաստ միտումը, որը բնորոշ էր վերջին տասը տարիների համար՝ պահպանվել է։ 1998-ին երկիրը լքել է 200-240 հազար մարդ։ Այս ամենը խոսում է երկրում տիրող անբարեկեցության ու նաեւ այն մասին, որ իշխանությունների ջանքերը՝ կոտրելու ստեղծված իրավիճակը, առայժմ շոշափելի արդյունքներ չեն տվել։ Հայկական արմատներով հայտնի արգենտինացի գործարար Էդուարդո Էրնեկյանը, որը հանրապետության կառավարության հետ ստորագրել է պայմանագիր, ըստ որի Երեւանի «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումը 30 տարով հանձնվում է Էրնեկյանի գլխավորած ֆիրմային, միաժամանակ հայտարարել է, թե գործող պայմաններն ամենեւին չեն խթանում բիզնեսի եւ գործարարության զարգացմանը։ Ավելի կտրուկ էր իր արտահայտությունների մեջ ընդդիմության առաջնորդներից մեկը՝ «Ազգային միաբանություն» կուսակցության նախագահ Արտաշես Գեղամյանը։ Վերջինիս կարծիքով, աշխատատեղերի աճի մասին տվյալները «դարի բլեֆն» են, իսկ քաղաքական իրավիճակը Հայաստանում «մինչհեղափոխական» է։ Եթե նույնիսկ համարենք, որ այս գնահատականներում մեծ տեղ է գրավում ընդդիմությանը բնորոշ զգացմունքայնությունը, ակնհայտ է, որ իշխանությունները պարծենալու բան առայժմ չունեն։ ԻՎԱՆ ԱՅՎԱԶՈՎՍԿԻ «Նեզավիսիմայա գազետա» 22.01.2002

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել