Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՄԱԿԱՏԱՐՈՂԸ ԶՂՋՈՒՄ Է

Հունվար 29,2002 00:00

ՀԱՄԱԿԱՏԱՐՈՂԸ ԶՂՋՈՒՄ Է ԱԺ պատգամավորներից, որոնք տուժող են ճանաչվել 1999թ. հոկտեմբերի 27-ին, Կենտրոն եւ Նորք-Մարաշ համայնքների առաջին ատյանի դատարան երեկ ներկայացել էր միայն մեկը՝ պատգամավոր Էմմա Խուդաբաշյանը։ Վերջինս այն սակավ պատգամավորներից է, որ պարբերաբար լինում է դատարանում (ի տարբերություն նրանց, որոնց հետ հարցազրույցներից ենք իմանում, որ դատական որեւէ նիստի են մասնակցել, իրականում չմասնակցելով- Ռ. Մ.)։ Հարցաքննվում էր դարձյալ ամբաստանյալ Էդիկ Գրիգորյանը եւ հարցաքննողն էլ Կարեն Դեմիրճյանի իրավահաջորդի շահերի ներկայացուցիչ, փաստաբան Աշոտ Սարգսյանն էր։ Վերջինիս այն հարցին, թե մինչեւ մայիսի 30-ը եղե՞լ են խոսակցություններ «ապստամբության» կամ «հեղափոխության» մասին, ամբաստանյալը «հիշեց», որ մինչեւ սեպտեմբերը (1999թ.) այդպիսի խոսակցություն չի եղել։ «Վարչապետի հնարավոր սպանության մասին եղե՞լ է խոսակցություն» հարցին էլ տվեց դրական պատասխան եւ երեկ հայտնեց, որ խոսակցությունն էլ վարել է ամբաստանյալ Նաիրի Հունանյանը «դեպքին» նախորդող 1-2 օրվա ընթացքում։ Ամբաստանյալը ժխտեց, թե ընդհանրապես սպանդի կազմակերպիչ իր ընկերը կրակել իմացել է. «Կարող եմ պնդել, որ Նաիրի Հունանյանը կրակել չի իմացել։ Այն, ինչ տեսել եմ, չեմ կարող ասել, թե կրակել իմացողի արարք է»։ Զղջման ինչ-որ պահեր են նկատվում այս ամբաստանյալի վարքում։ Ամբաստանյալ, որ այս գործով անցնում է իբրեւ ծրագրի համահեղինակ, համակատարող։ «Շատ սխալ քայլեր եմ արել», «ինձ ձեռնտու չէ խաբելը», «փաստորեն խաբել է նա» (վերջին դեպքում նկատի ուներ իր «հոգեւոր» ընկերոջը»- Ռ.Մ.), «անկեղծությունն առջեւում է»,- շարունակեց նա։ Ներկայացնելով ԱԺ բանակցություններն իրենց հանձնվել-չհանձնվելու մասին, ասաց, թե ինքը «վաղուց հանձնվել էր»։ Ալեքսան Հարությունյանի մի տարբերակ դատաքննություններից մեկի ժամանակ, եթե հիշում եք, ասել է ամբաստանյալ Ն. Հունանյանը։ Եկեղեցում պատսպարվելու։ Երեկ նախկին բժիշկ-ամբաստանյալը հայտնեց, որ այդ մասին տեղեկացել է գործի նյութերին ծանոթանալուց հետո։ Ամբաստանյալը հայտնեց, որ տեսել է նաեւ, թե ինչպես էին տնից դուրս գալիս զենքերն ամրացվում թեւատակերին։ «Մտաք ԱԺ։ Ասացիք հրաժարական տուր։ Վազգեն Սարգսյանի ճակատագիրն ինչպես էր լինելու։ Վազգեն Սարգսյանը կենդանի մնալու շանս չուներ, նա հանձնվող չէր, մանավանդ քեզ»՝ Աշոտ Սարգսյանին ի պատասխան ամբաստանյալ Է. Գրիգորյանն ասաց. «Այդքան պարզունակ չի այդ ամենը»։ Պարզունակ չէր երեւի այն պատճառով, որ ինչպես խոստովանվեց, իրենք համոզված էին, որ «մեծամասնությունը դժգոհ է, բոլորն իրենց շահերից ելնելով մեզ օգնելու են, այդ թվում եւ Մուշեղ Մովսիսյանը»։ Խոստումը տվել էր ամբաստանյալ Ն. Հունանյանը։ Իսկ երբ փաստաբան Ա. Սարգսյանը հարցրեց, թե այստե՞ղ էլ է խաբել Ն. Հունանյանը, ամբաստանյալ «գործընկերը» պատասխանեց. – Հավանաբար։ Հետեւեց Ա. Սարգսյանի ռեպլիկը. – Հավանաբարով գնո՞ւմ եք այդ քայլին։ Ինչ վերաբերում է Ն. Հունանյանի ասածին (կապված սպանությունների հետ), ամբաստանյալը հայտնեց, որ Ն. Հունանյանն իրեն ասել էր, որ սպանությունները տեղի են ունեցել փոխհրաձգությունների պատճառով եւ «ասաց, որ բացի Վազգեն Սարգսյանից, մնացածը պատահական զոհեր են»։ Ամբաստանյալը հիշում էր, որ կոնկրետ կատարածի դիմաց խոստում է տրվել Դերենիկ Բեջանովին, բայց ոչ բնակարան, այլ վաշտի հրամանատարի պաշտոն։ Ի դեպ, դատարանում հնչած ամենաուշագրավ հայտարարությունը, իմ կարծիքով, այն էր, որ հոկտեմբերի 13-ին ԱԺ չգնալը պայմանավորված չի եղել ըստ ամբաստանյալ Է. Գրիգորյանի՝ Վռամ Գալստյանի չգալով։ «Նաեւ այն պատճառով, որ ոչ մի բան արված չէր, կոնկրետ ով՝ ինչ։ Բազմաթիվ տարբերակներ են եղել, հենց թեկուզ իմ հետ կապված…»։ Այսինքն, եղել է կոնկրետ դերաբաշխում հոկտեմբերի 27-ին։ Ռ. ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել