Լրահոս
Օրվա լրահոսը

Եղբայրներով «քցեցին» թե՛ ավիաընկերությանը, թե՛ ուղեւորներին

Հունվար 29,2002 00:00

Եղբայրներով «քցեցին» թե՛ ավիաընկերությանը, թե՛ ուղեւորներին «Իսկ Վանցյանի եղբայրը շարունակում է պաշտոնավարել»։ Այս տողերով է ավարտված 2 օր առաջ օրաթերթերից մեկում տպագրված հոդվածը։ Անկախ հոդվածի նյութից, այս ազգանվանն արդեն չափից ավելի ենք հանդիպում, եւ, ամենեւին էլ ոչ ժամանակակից հերոսների շարքում։ Ինքը՝ Վանցյաններից ամենահայտնին, ինքը՝ «Հայկական ավիաուղիների» արդեն նախկին գլխավոր տնօրենը, դեկտեմբերի երկրորդ կեսին «հիվանդացավ» ու ազատվեց պաշտոնից։ Բայց դա նրա առաջին «հիվանդությունը» չէր, քանի որ արտաքինից լիարժեք առողջ թվացող պարոն Վանցյանը իր պաշտոնավարման ընթացքում մեկ անգամ էլ ամռան վերջին էր «հիվանդացել» նույն հիվանդությամբ։ Չգիտես ինչու, առաջին անգամ նրան ներվեց «հիվանդ» լինելը։ «Առավոտ» օրաթերթը հետեւողականորեն անդրադարձավ սույն գլխավոր տնօրենի գործունեությանը, բայց մեր ձայնը հնչեց ինչպես անապատում, քանզի պարոն Վանցյանը հաջողությամբ սուզեց «Հայկական ավիաուղիները» այստեղ, իսկ նրա եղբայր Հարություն Վանցյանը, նույն ինքը՝ «Վնուկովո» օդանավակայանում ՀԱՈՒ ներկայացուցիչը՝ Մոսկվայում։ Դեկտեմբերի 26-ի «Առավոտի» «Խախտվել են խաղի կանոնները» հրապարակման մեջ մանրամասնորեն նկարագրվել էր, թե ինչպես երկու եղբայրներով վեց ամսվա ընթացքում շուրջ 300 հազար դոլարի վնաս են հասցրել (եթե այդքանը միայն վեց ամսում, ապա կարելի է հաշվել, թե որքան՝ ողջ պաշտոնավարման ժամանակ) առանց այն էլ հոգեվարքի մեջ գտնվող ազգային փոխադրողին։ Բայց, ի զարմանս մեզ, ամբողջ 1 տարի 3 ամիս իր «հաջողությունների» մասին «համեստորեն» լռած ղեկավարը չի դիմանում տարեվերջին գլուխ գովելու գայթակղությանը եւ մի օրաթերթի դեկտեմբերի 4-ի՝ ավիացիան գովազդող էջում հանդես է գալիս «Հայկական ավիաուղիների» փրկչի դերում, ասելով. «Այս տարվա 9 ամիսների արդյունքում բարելավում է նկատվել նաեւ ՀԱՈՒ-ում։ Մեզ հաջողվել է մոտ երեք անգամ կրճատել վնասները…»։ Նույն ոգով շարունակելով, նախկին գլխավորը պնդում է, որ տարին դրական արդյունքներով փակելու իր ակնկալիքին խանգարեց… սեպտեմբերի 11-ը։ Այսպես. ոչ ավել, ոչ պակաս։ Մինչդեռ ՀԱՈՒ պարտքը Վանցյանի պաշտոնավարման օրոք ավելացել է ոչ թե 15, այլ 10 կամ 8 միլիոն դոլարով։ Իսկ մի՞թե դա էական է, եթե անհրաժեշտ է բարեկամիդ «յուղոտ» աշխատանքի տեղավորելու համար վերականգնել Խարկովում ՀԱՈՒ ներկայացուցչությունը եւ ներկայացուցիչ նշանակել սեփական աներձագիդ։ Կամ՝ Մոսկվայի ներկայացուցիչ եղբորդ թույլ տաս, որ Մոսկվայից Երեւան թռչող ուղեւորների ուղեբեռները չձեւակերպի՝ գրպանը դնելով պետական գումարից մի փոքր պակաս։ Կամ՝ տոմսերի վաճառքի գործակալ մյուս եղբորդ արտոնություններ տրամադրես՝ անհավասար մրցակցություն ստեղծելով մյուս գործակալների հետ։ Իհարկե, պարոն Վանցյանը մեղավոր չէ, որ ամբողջ ընտանիքով ավիացիոն կրթություն ունեն։ Նախկին տնօրեն Վանցյանի Հարություն եղբոր վերջին հերոսություններից մեկն էլ այն էր, որ Ամանորի շեմին «քցել» էր Մոսկվա-Երեւան չվերթի տոմս ունեցող մեր 48 հայրենակիցներին, նրանց փոխարեն Երեւան ուղարկելով տոմսի գնի կրկնապատիկը մուծած «ձախ» ուղեւորների։ Ասացինք վերջինը, որովհետեւ «բիզնեսի» այդ տեսակն առավել հոգեհարազատ է եղբայր Վանցյանին։ Անվերջ կարելի է խոսել «գենետիկ» ավիատորների կատարած քաջագործություններից, բայց թող դա անեն համապատասխան մարմինները։ Բայց ամենաահավորն այն է, որ եղբորն ու իրեն ՀԱՈՒ-ի գումարները գրպանելու անսահման հնարավորություններ ընձեռած պարոն Վանցյանը իր պաշտոնավարման ընթացքում գումար չգտավ, որ մեկ ՏՈՒ 154 օդանավից ու մեկ ուղղաթիռից բացի, այլ ավիացիոն տեխնիկա նորոգեր կամ թարմացներ։ Հունվարի 21-ին, երբ ՀԱՈՒ Ա-310 օդանավի շարժիչը խափանվեց, նրան փոխարինող օդանավ չկա ՀԱՈՒ-ում, որ կատարի եվրոպական ուղղության չվերթերը։ Ըստ այդմ, արդեն 5 եվրոպական ուղղության չվերթ ավիաընկերությունը չի կատարել։ Սա նշանակում է, որ ավիաընկերությունը հսկայական գումարներ է կորցնում։ Մինչդեռ, պետք էր գումարներ գրպանելու փոխարեն գոնե մեկ օդանավ զինել ՏԿԱՍ համակարգով (օդանավերի վտանգավոր մերձեցման ազդանշանային համակարգ, առանց որի Եվրոպան թռիչքներ չի թույլատրում), ինչն ընդամենը 130 դոլար արժե, եւ այսօր ավիաընկերությունը հսկա կորուստներ չէր ունենա։ Իսկ… շարունակում է պաշտոնավարել։ ԱՐՓԻՆԵ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել