Լրահոս
Օրվա լրահոսը

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱՌԱԿԸ

Հունվար 29,2002 00:00

ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ՝ ՏՐԱՄԱԳԾՈՐԵՆ ՀԱԿԱՌԱԿԸ «Պետապի» նախկին աշխատակիցների չվճարման վերաբերյալ «Առավոտի» 23.01.02թ. հրապարակումից հետո, երբ փաստաթղթերի հաստափոր փաթեթով խմբագրություն եկավ Ավագ Թադեւոսյանը, պարզ դարձավ, թե ինչու էր ֆինանսների նախարարությունը այս գործից «ձեռքերը լվացածի» տպավորություն թողնում։ «Պետապի» լուծարային հանձնաժողովի նախագահ Ավագ Թադեւոսյանը չհերքեց, որ չի վճարվել նախկին աշխատակիցների աշխատավարձը եւ վերջնահաշվարկ չի արվել։ Սակայն ավելացրեց, որ ամենամեծ ցանկության դեպքում անգամ այս պահի դրությամբ իրավունք չունի դա անել։ Խնդիրն այն է, որ պրն Թադեւոսյանի մեկնաբանությամբ (ՔՕ 69, 70 հոդվածներ), լուծարային հանձնաժողովի հիմնադիրը՝ ֆինանսների եւ էկոնոմիկայի նախարարությունը, որը պետք է վաղուց արդեն հաստատած լիներ ամփոփ հաշվեկշիռը, մինչ օրս, նկատենք՝ 2001թ. մայիսից, չի հաստատել։ Գործերի մնացած ընթացքը հենց հաշվեկշռից էլ կախված է։ Խմբագրությունում առկա են հանձնաժողովի նախագահի մեկ տասնյակի հասնող զեկուցագրեր, որոնցում նա հիմնադրին՝ նախարար Վարդան Խաչատրյանին հիշեցնում է այդ մասին։ Մեջբերում՝ 6.08.01թ. զեկուցագրից. «լուծարային հանձնաժողովն առայսօր իր տրամադրության տակ չունի բաժնետիրոջ կողմից հաստատված ընկերության ամփոփ հաշվեկշիռը, որը «Բաժնետիրական ընկերությունների մասին» ՀՀ օրենքի 29-րդ հոդվածի համաձայն, լուծարման նախագծի մաս կազմող պարտադիր փաթեթի կարեւորագույն բաղադրիչն է», զեկուցագրում ավելացվում է. «որոնց բացակայության մասին մենք զեկուցել ենք դեռեւս 2001թ. մայիսի 29-ին»։ Հետաքրքիր է, որ նախարարությանն այս մասին մեկ անգամ տեղեկացնելը բավական չի եղել։ Այս մասին «Առավոտի» հարցին պարզաբանում տալու համար միանգամայն օպերատիվ կերպով փոխնախարար Դավիթ Ավետիսյանը իր աշխատասենյակ հրավիրեց համապատասխան վարչությունների պետերին։ Իրավաբանական վարչության պետ Հայկ Դավթյանը նախ մեկնաբանեց, որ Քաղաքացիական օրենսգրքի համաձայն, հիմնադիրը՝ այսինքն նախարարը, իրավունք ուներ լուծարման մասին որոշում կայացնելու, հետո նոր հաշվեկշիռը հաստատելու։ Հ. Դավթյանն ավելացրեց. «Եթե ամփոփ նախահաշիվ չուներ, ուրեմն ընդհանրապես որեւէ ծախս կատարելու իրավունք էլ չուներ՝ ոչ բենզին գնելու, ոչ էլ աշխատավարձ ստանալու»։ Պրն Դավթյանն ընդունեց, որ նախարարությունն է մինչ օրս ձգձգել հաշվեկշռի հաստատումը, ինչը տեղի է ունեցել նախարարության տարբեր ստորաբաժանումների միջեւ այս հարցի շուրջ եղած տարաձայնությունների պատճառով։ Նա միաժամանակ նկատեց, որ մեկ անգամ Ա. Թադեւոսյանի իրավանախորդի կողմից ներկայացվել է հաշվեկշիռ, սակայն հետ է ուղարկվել ինչ-ինչ ճշտումներ կատարելու համար։ Հետո նախարարությունը ստուգումներ է անցկացրել։ Մի խոսքով, ձգձգումն այդ պատճառով է տեղի ունեցել։ Ինչ վերաբերում է անհավասար պայմաններին, ըստ որոնց, աշխատակիցների պնդմամբ, հանձնաժողովի քարտուղար Միքայել Հարությունյանն աշխատավարձ է ստացել, իրենք՝ ոչ, ապա դատարանի վճռի եւ հարկադիր կատարման ծառայության որոշումների պատճենները տրամադրելով՝ Ա. Թադեւոսյանը նշեց, որ ամեն ինչ կատարվել է վճռի հիման վրա։ Այսինքն, Մ. Հարությունյանը դիմել է դատարան, վերականգնվել աշխատանքի, իսկ հանձնաժողովին պարտադրվել է վճարել աշխատավարձը։ Ընդ որում, աճուրդն էլ հարկադիր կատարման ծառայությունն է անցկացրել (Աբելյան 6, 3-րդ հարկի մի մասը), այնպես որ, ըստ Ա. Թադեւոսյանի, ինքը խտրություն չի դրել իր աշխատակիցների նկատմամբ։ Իսկ ըստ աշխատակիցների, իրենք էլ են դիմել դատարան, սակայն հայցը մերժվել է՝ բավարար փաստաթղթեր չներկայացնելու համար, իսկ հետո հետամուտ չեն եղել։ Այսինքն, վճռի առկայության դեպքում մյուս աշխատակիցներն էլ կվարձատրվեին։ Պրն Դավթյանն էլ հաստատեց սա։ Ինչ վերաբերում է քրգործին, ապա Աջափնյակի դատախազությունից հայտնեցին, որ այն հարուցված է եղել «Պետապի» գործունեության հետ կապված, ոչ թե հանձնաժողովի, եւ կասեցված է տնօրենի՝ Ամերիկայում լինելու կապակցությամբ։ Նաեւ հանձնաժողովն է իր կազմած ստուգման արդյունքներն ուղարկել դատախազություն։ Նշենք, որ աշխատակիցները բողոքը հասցեագրել են նաեւ ՀՀ գլխավոր դատախազությանը, սակայն ճշտեցինք, որ առայժմ գործ հարուցված չէ։ Խոստովանելով, որ վաղուց պետք է արած լինեին, Դ. Ավետիսյանը հայտնեց, որ «Առավոտի» հրապարակումից հետո նախարարը հրաման է արձակել. «Պետապ» ՓԲԸ հաշվեկշռում կատարել ուղղումներ։ Ընկերությունը սնանկ ճանաչելու հայցով դիմել դատարան»։ Ընդհանրապես վերապահում ունենալով Ա. Թադեւոսյանի ներկայացրած փաստարկների նկատմամբ, փոխնախարարը հավաստիացրեց, որ հարցը նախարարության համապատասխան բաժինների կողմից նախարարի հանձնարարականով ուսումնասիրվում է եւ որ հետամուտ կլինեն, որ քրգործը տա բոլոր կասկածների պատասխանը։ ԱՐՄԻՆԵ ՈՒԴՈՒՄՅԱՆ Հ.Գ. Մինչեւ պետական մարմինները պարզաբանումների մեջ են, աշխատակիցները հայտնեցին, որ «Պետապի» նախկին պայմանագրային աշխատակից Սեդա Սեդգարյանը մահացել է՝ այդպես էլ չստանալով իր շուրջ 20000 դրամ աշխատավարձը։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել