Լրահոս
Օրվա լրահոսը

Ո՞վ պետք է լուծի

Հունվար 29,2002 00:00

Ո՞վ պետք է լուծի Մե՞նք, թե՞ օտարները «Ազատագրված տարածքների պաշտպանություն» հասարակական նախաձեռնության հրավերով կազմակերպվել էր կլոր սեղան Արցախյան ազատամարտի մասնակից կամավորական ջոկատների հրամանատարների եւ զինվորական մտավորականության ներկայացուցիչների մասնակցությամբ: Կամավոր զինվորականները ընդունեցին հայտարարություն, որում մասնավորապես ասվում է. Մեզ՝ Արցախի ազատագրմանը մասնակցած կամավորական ջոկատների հրամանատարներիս, մտահոգում է Հայաստանում տիրող անտարբերության եւ հուսահատության մթնոլորտը, ինչը նպաստում է դիվանագիտական դաշտ փոխանցված Արցախյան պայքարում պարտվողական տրամադրությունների աճին: Մենք պատասխանատվություն զգալով Արցախյան պայքարը ավարտին հասցնելու համար, ուշադրությամբ հետեւում ենք ԵԱՀԿ միջնորդությամբ հայ-ադրբեջանական բանակցությունների ընթացքին: Կարծում ենք, այս վճռական փուլում մեզանից պահանջվում է մեր ազգային իրավունքներին տեր կանգնելու հաստատակամություն եւ սկզբունքայնություն: Այսօր բոլորիս հայտնի են բանակցությունների մի շարք մտահոգիչ մանրամասներ, որոնք ստիպում են մեզ կատարելու հետեւյալ հայտարարությունը. Ազատագրական պայքարի արդյունքում Արցախի ժողովուրդը իր անկախ պետությունն է հռչակել Ադրբեջանի կողմից զավթված հայկական հողերի մի մասի վրա: Աշխարհը պարտավոր է ընդունել այս իրողությունը; Ազատագրված բոլոր տարածքները, որոնք նախկինում թրքացվել էին, Հայաստան երկրի անբաժան մասն են: Տարածքներով սակարկելն անթույլատրելի է, իսկ արյամբ ազատագրված հողի անգամ մեկ թիզի հանձնումը՝ դավաճանություն; Հայերը չեն կարող թույլ տալ, որ Արաքսը վերածվի Թուրքիա-Ադրբեջան կամուրջի եւ ազգային անվտանգության մեծագույն սպառնալիքի; ԵԱՀԿ բոլոր առաջարկությունները մեզնից պահանջում են միակողմանի եւ անընդունելի զիջումներ: Մեր միակ զիջումը 1994-ի մայիսի զինադադարն է: Մենք հիշում ենք, որ Ադրբեջանը դեռեւս շարունակում է վերահսկել Արցախի մի մասը եւ բուն հայկական Նախիջեւանը, հանդիսանում է ցեղասպան Թուրքիայի ռազմավարական դաշնակիցը, որը իր հերթին, փորձելով վերահսկել տարածաշրջանը, շարունակում է միջամտել բանակցային գործընթացին: Հայ ժողովրդի սոցիալական խնդիրները կապ չունեն Ղարաբաղյան հարցի «չկարգավորվածության» հետ եւ զիջումների գնով դրանք չեն լուծվի: Տարածք հանձնող երկիրը հուսալի չէ ներդրումների համար: Արցախի հարցի ընդունելի միակ լուծումը ազատագրված բոլոր տարածքների համակողմանի յուրացումն է: Չյուրացնելով դրանք, հարցը պատերազմով իր օգտին լուծելու խայծ ենք թողնում Ադրբեջանին: Մենք պատասխանատվության, միասնության եւ պայքարը շարունակելու կոչ ենք ուղղում ազատամարտի բոլոր մասնակիցներին, որոնք ազգի հաղթական կամքի կրողներն են եղել միշտ, մտավորական սերուցքին, որից սպասում ենք բարոյական ապաքինման հիմնական դեղատոմսերը, եւ ողջ հասարակությանը, որի ակտիվությունից է կախված թե ով կլուծի մեր հարցերը՝ մենք ինքնե՞րս, թե՞ մեր փոխարեն՝ օտարները:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել