Լրահոս
Օրվա լրահոսը

Նորից քաշքշուկ

Հունվար 29,2002 00:00

Նորից քաշքշուկ «Օգոստոսի» գործը մտավ Վճռաբեկ պալատ ՀՀ տնտեսական դատարանը 2002թ. հունվարի 4-ին քննելով «Չորրորդ իշխանություն» թերթի հիմնադիր եւ հրատարակիչ «Օգոստոս գործակալություն» ՍՊԸ-ի դիմումն ընդդեմ ՀՀ ՊԵ նախարարության՝ հիշյալ գործակալությունում կատարված ստուգումների արդյունքում կազմված, թիվ ՄԱ 005208 ստուգման ակտն անվավեր ճանաչելու վերաբերյալ, բավարարել էր: Ընդ որում, դատարանը, դատավոր Մաթեւոսյանի նախագահությամբ՝ «Օգոստոսի» դիմումը բավարարել էր ավելի քան պատճառաբանված վճռով, որը հիմար չլինելու պարագայում պետք է որ հնչեր իբրեւ աքսիոմա: Նախ դատաքննությամբ հիմնավորվել էր, որ «Օգոստոս գործակալությունը» դեռ 2001-ի հունիսի 26-ին բողոքարկել էր դրանից օրեր առաջ՝ հունիսի 19-ին, ՊԵՆ-ի ներկայացրած ստուգման ակտն ամբողջությամբ: Վճռում նկատի էր առնվել այն, որ «Հարկերի մասին» ՀՀ օրենքի 36-րդ հոդվածը սահմանում է՝ «գանգատները Հարկային տեսչության մարմնի կողմից քննության են առնվում եւ դրանց մասին որոշումներ են ընդունվում ոչ ուշ, քան գանգատը ստացվելուց 30 օրվա ընթացքում: Նշված ժամկետում բողոքի վերաբերյալ պատասխան չտրվելու դեպքում՝ բողոքում բերված փաստարկները համարվում են ընդունված: Սույն կետով սահմանված ժամկետի հաշվարկը սկսվում է գրավոր բողոքը համապատասխան մարմնում մուտքագրվելու օրվան հաջորդող առաջին աշխատանքային օրվանից»: Դատարանը նկատել էր, որ ըստ այդմ, ՊԵՆ Բողոքների քննության հանձնաժողովը 2001-ի հունիսի 27-ից մինչեւ հուլիսի 26-ն ընկած ժամանակահատվածում պետք է քննության առներ «Օգոստոսի» բողոքը եւ որոշում կայացներ: Մի բան, որը չէր արվել, եւ դատարանն այդ մասով գործակալության բողոքն ընդունելի էր համարել: Մինչդեռ ՊԵՆ հիշյալ հանձնաժողովը 2001-ի հուլիսի 25-ի որոշմամբ հետաձգել էր բողոքի քննարկումը՝ մինչեւ տվյալ գործով ՀՀ դատախազություն ուղարկված նյութերով որոշում կայացնելը: Դատարանը գտել էր, որ վերոհիշյալ որոշումը՝ բողոքի քննարկումն անորոշ ժամկետով հետաձգելու մասին, անհիմն է, քանի որ նման հետաձգումը նախատեսված չէ ինչպես «Հարկերի մասին», այնպես էլ՝ «ՀՀ-ում ստուգումների կազմակերպման եւ անցկացման մասին» ՀՀ օրենքներով: Ավելին, ըստ նույն վճռում նշված փաստերի՝ գործակալությունում կատարված ստուգումների արդյունքի հիման վրա նախապատրաստված նյութերը ՀՀ գլխավոր դատախազության 2001թ. սեպտեմբերի 5-ի որոշմամբ վերադարձվել են ՊԵՆ՝ «նյութերը ՀՀ քրդատօր 17-րդ հոդվածի պահանջների խախտումներով եւ թերի նախապատրաստված լինելու պատճառաբանությամբ», որից հետո, մինչեւ գործակալության Տնտեսական դատարան դիմելու պահը, ՊԵՆ-ն այդպես էլ որեւէ պատասխան չի տվել: Հիմվելով այդ փաստերի վրա, դատարանը վճռել էր՝ բավարարել «Օգոստոսի» դիմումը եւ անվավեր ճանաչել ՊԵՆ ստուգման ակտը: Տնտեսական դատարանի կայացրած վճիռը բողոքարկելու ժամկետի նախորդ օրը՝ հունվարի 18-ին, ՊԵՆ-ը՝ ի դեմս Իրավաբանական վարչության պետ Լ.Սիմոնյանի, դիմել է ՀՀ վճռաբեկ դատարանի Քաղաքացիական եւ տնտեսական գործերով պալատին՝ սույն վճիռը բեկանելու համար: Ու թեեւ ՊԵՆ-ն, ըստ էության, ընդունել է վճռի հիմք դարձած փաստարկները, մասնավորապես՝ «Հարկերի մասին» օրենքի 36-րդ հոդվածի պահանջների խախտման վերաբերյալ, միաժամանակ շարադրել է այն ամբողջ մարազմը՝ ՀՀ օրենսդրության բոլոր խախտումները թվարկելով: Վճռաբեկում ՊԵՆ-ի դիմումը կքննվի փետրվարի 8-ին: Ն. ՄԱՄԻԿՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել