ԻՍԿ ՈՐՏԵ՞Ղ ԷԻՆ ՆԳ ԵՎ ՊՆ ՆԱԽԱՐԱՐՆԵՐԸ 95-ԻՆ Հաստատվեցին այն տեղեկությունները, թե Կալանավայրերի վարչության նախկին պետ Մուշեղ Սաղաթելյանի գործից մաս է անջատվել եւ քրգործ հարուցվել 95-ի հունիս-հուլիս ամիսներին Բուսաբանական այգում մի շարք պաշտոնաթող սպաների՝ հեղաշրջման փորձի կասկածանքով ձերբակալության եւ նրանց հետ ֆիզիկական հաշվեհարդար տեսնելու փաստով: Նախագահ Քոչարյանն ու նրա ռեժիմը պահպանող արդարադատության համակարգն, ըստ էության, ամենեւին էլ դեմ չեն ֆիզիկական հաշվեհարդարներին: Այդ են վկայում ինչպես քաղաքական գործիչներ Աշոտ Բլեյանի նկատմամբ՝ մեկուսարանում, իսկ Պետրոս Մակեյանի դեմ՝ սեփական տանը, դստեր ներկայությամբ նույն իրավապահների տեսած ֆիզիկական հաշվեհարդարները, այնպես էլ դրա ամենափայլուն օրինակ՝ «Պապլավոկում» տեղի ունեցած սպանությունը: Այսօրինակ փաստերն, անշուշտ, սրանցով չեն սահմանափակվում, եւ այդ կարող են հաստատել գոնե մեկ անգամ ՆԳ բաժիններում կամ մեկուսարաններում եղած ՀՀ շարքային քաղաքացիներն ու նրանց հարազատները: Այսօր խնդիրն այդ չէ, այլ այն, որ հերթական անգամ իշխանությունը դրանց անդրադառնում է ընտրողաբար՝ սեփական նկատառումներով: Ինչ վերաբերում է 95-ի դեպքերին եւ դրանց ժամանակ տուժած պաշտոնաթող սպաներին, ովքեր, ի դեպ, մեղադրվում էին հեղաշրջման փորձի մեջ, ապա նրանց մի մասը դեպքից 7 տարի անց որոշել է խոսել, «մերկացումներ» անել եւ ցուցմունքներ տալ վերոհիշյալ անձանց դեմ՝ ոչ առանց իշխանությունների ցուցումի: Այդ դեպքերի հետ կապված Գլխավոր դատախազություն հրավիրվածներից մեկն էլ «Հայրենիք եւ պատիվ» կազմակերպության նախագահ գնդապետ Գառնիկ Մարգարյանն է: Վերջինս մեզ հետ զրույցի ժամանակ պնդեց, թե 95-ի հունիս-հուլիսի այդ դեպքերի ժամանակ իրենց ներկայացված մեղադրանքները, որից տուժել էին ՆԳ բարձրաստիճան սպաներ, շինծու են եղել: Միաժամանակ պարոն Մարգարյանն ասաց. «Այդ դեպքերն ինձ համար պատմություն են դարձել, եւ ես չեմ ուզում վերադառնալ դրանց: Իհարկե, դեպքերից հետո ես դիմում եմ գրել ՀՀ գլխավոր դատախազություն եւ բողոք հայտնել, որ իմ, Թորոսյան Կառլենի եւ Գրիգորյան Ժորայի նկատմամբ քրգործը կարճված էր ոչ թե հանցադեպի, այլ՝ հանցակազմի բացակայության պատճառով: Բացի այդ, մեր կազմակերպությանը՝ «Նախկին սպաների բարեգործական միությանը», այդ օպերացիայի ժամանակ /սպաներին դարանակալել եւ ձերբակալել էին այդ կազմակերպության գրասենյակում/ պատճառվել էր ֆինանսական կորուստ: Բայց այդ բողոքը մնաց անպատասխան: 7 տարի է անցել եւ այդ ընթացքում ոչ ոք չի փորձել անդրադառնալ այդ պատմությանը եւ գնահատական չտվեցին: Ոչ ոք, ովքեր այն ժամանակ առնչություն ունեին այդ դեպքի հետ եւ այսօր էլ պաշտոնավարում են, ժամանակին պատասխան չտվեց: Հարց է առաջանում՝ իշխանություններն ինչո՞ւ էին սպասում անցյալ տարվա վերջին, երբ Մ.Սաղաթելյանը կալանավորվեց: Չէ՞ որ նա աշխատում էր ներկայիս իշխանությունների օրոք. վարչության պետ էր, ՆԳՆ կոլեգիայի անդամ, շփվում էր նույն նախարար Հայկ Հարությունյանի, վարչապետի, նախագահի հետ եւ նրանց շրջապատում էր: Ինչո՞ւ չէին պատժում մինչ այդ: Ի՞նչ պատահեց: Միանշանակ է, եւ մենք երեխաներ չենք ու հասկանում ենք, որ այստեղ հերթական պատվեր կա: Մեր դատաիրավական համակարգում, քննչական, նախաքննական մարմիններում տիրում է անբարո իրավիճակ, երբ օրենքը, իրավական նորմերը դրել են մի կողմ եւ սպասում են հերթական զանգի, պատվերի: Եկեք ետ դառնանք ու նայենք՝ տասնյակ պատվերով սպանություններ են եղել. ինչո՞ւ դրանք չեն բացահայտվում: Ի՞նչ է նշանակում մոտ մեկ տարի ընթացող «27»-ի խայտառակ դատավարությունը, «Պապլավոկում» մարդկանց ողնաշարի վրայով անցնելը: Նախագահի աշխատակազմի, թեկուզ՝ 103 հոդվածով մեղադրվող, ինչ-որ մարդասպանի նկատմամբ իշխանությունների վերաբերմունքը. նա նստած է դահլիճում եւ ոչ թե ամբաստանյալին հատկացված տեղում, ոչ ճաղավանդակում: Ի՞նչ է, մենք միամիտ մարդի՞կ ենք»: Գ.Մարգարյանը պատմեց, որ դեռ անցյալ տարվա հոկտեմբեր-դեկտեմբեր ամիսներին երկարատեւ զանգեր եւ հրավերներ են եղել Գլխավոր դատախազությունից՝ ցուցմունք տալու: «Ես հրաժարվել եմ: Շարունակվող հրավերներից հետո հանդիպել եմ դատախազության քննիչին եւ ասել եմ, որ 95-ի դեպքերը ինձ համար պատմության գիրկն են անցել: Կարծում եմ, երբ մարդիկ չկան, անբարոյականություն է մահացած մարդկանց վերաբերյալ ցուցմունք տալը: Ես ոչ մի ազգանուն չեմ տվել եւ չեմ էլ տա: Գրել եմ նաեւ, որ ես ինձ չեմ համարում տուժող եւ ոչ մի պարտք եւ պահանջ չունեմ այդ դեպքերից հետո: Կարծում եմ, որ դրա համար ոչ թե Մուշեղ Սաղաթելյանը պետք է պատասխան տա, այլ՝ նախկին եւ ներկայիս իշխանությունները, որոնց ես չեմ տարանջատում: 95-ի այդ դեպքերի ժամանակ նույն Հայկ Հարությունյանը ՆԳ նախարարի առաջին տեղակալ էր եւ ինքն էր ղեկավարում այդ օրվա օպերացիան: Նա դրա համար պատասխան տվե՞լ է: Ի՞նչ կապ ունի այդտեղ Մ.Սաղաթելյանը, եթե այն ժամանակ նա վարչության պետ էր, եթե նրան հրամայել էին: Ո՞վ էր հրամայել: Ով հրամայել էր, նա այսօր գեներալ-մայորի լամբաստներով նստած է: Դե թող այսօր երկրի նախագահը նրան եւ ներկայիս այն փոխնախարարներին, վարչության պետերին պատասխանատվության կանչի, ովքեր մասնակից էին այդ դեպքերին: Ի՞նչ կապ ունի Մ.Սաղաթելյանը: Նա խոսել է «27»-ի մասին, հայտարարել, որ այդ առնչությամբ փաստեր կան, որոնք պետք է հրապարակի, եւ նրան ուղարկել են բանտ: Սա՞ է ժողովրդավարությունը, մարդու իրավունքների պաշտպանությունը: Ես ոչ մի ազգանուն այդ դեպքի առնչությամբ չեմ տվել եւ չեմ պատրաստվում տալ՝ ինչպիսի մեթոդների էլ փորձեն դիմել դատախազությունն ու իշխանությունները: Կարծում եմ, որ դրա համար պատասխանատու են այն 5-6 պաշտոնյաները, ովքեր Լ.Տեր-Պետրոսյանի օրոք Անվտանգության խորհրդի անդամներ էին, ովքեր մեր ձերբակալության որոշումներն էին կայացնում: Այն ժամանակ պաշտոնավարում էին ԱԱՊՎ պետ Ս.Սարգսյանը, իսկ այսօր՝ պաշտպանության նախարարը, եւ ներկայիս ՆԳ նախարար Հայկ Հարությունյանը: Նրանք էին նաեւ որոշումներ կայացնողները»: Իսկապես, ինչո՞ւ «արդարադատությունն» ուղղորդող Քոչարյան-Սարգսյան դուետը, որոնք 98-ից ի վեր պաշտոնավարում են, ժամանակին չէին փորձում անդրադառնալ 95-ին, երբ կենդանի էին Վ.Սարգսյանը, Ա.Մարգարյանը, Մ.Գեղանգուլյանը, երբ պաշտոնավարում էր Մ.Սաղաթելյանը: Թե՞ կարծում են, որ նրանց եւ իրենց խոնարհ ծառա ՆԳ նախարար Հ.Հարությունյանի անունները տվողներ այսօր չեն լինի: ՆԱԻՐԱ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ