«ԿՏՐՈՒԿ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ՑՆՑՈՒՄՆԵՐԻ ԿԱՐԻՔ ՉԿԱ» Ասում է Աղվան Վարդանյանը ՀՀ գործող Սահմանադրության 2-րդ հոդվածը հռչակում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին։ Սակայն ժողովուրդը, իր ունեցած իշխանությանն անտեղյակ, շարունակում է իր անիշխան ընթացքը, փոխարենը՝ իրական իշխանություն ունեցող նախագահը եւ օրենսդիր մարմինը շարունակում են ժողովրդի համար նորացված Սահմանադրություն ձեւել։ Ընդ որում, ընտրության հնարավորություն չի տրվելու (նախագահ Քոչարյանը իր առաջարկած նախագծից բացի ուրիշ ոչինչ տեսնել չի ուզում)։ «Սահմանադրական շարժում» համագործակցությունը փորձելու է նախագահի չտեսածը «տեսանելի» դարձնել։ ԱԺ Սահմանադրական ժամանակավոր հանձնաժողովի անդամ, ՀՅԴ խմբակցության ղեկավար Աղվան Վարդանյանի ներկայացմամբ, հանձնաժողովում «հիմնականում գործնական, հանգիստ աշխատանք է ընթանում, երբեմն, իհարկե, քաղաքական շահարկումները տեղ գտնում են, բայց դա էլ բացառել հնարավոր չէ։ Ինչպես արդեն հայտարարել ենք, մենք գտնում ենք, որ պետության զարգացման այս փուլում նախընտրելի է կիսանախագահական տարբերակի բարեփոխումը։ Մեր գնահատմամբ, որոշակի տեղաշարժ կա իշխանությունների լիազորությունների առումով եւ ակնհայտորեն մեծանում են ԱԺ-ի լիազորությունները։ ԱԺ-ն շատ ավելի լուրջ ազդեցություն է ունենալու ե՛ւ գործադիր իշխանության վրա, ե՛ւ օրենսդրական դաշտի վերահսկողական առումով։ Բայց սա չի նշանակում, որ ներկայացված նախագիծը անթերի է։ Կան բազմաթիվ հարցականներ, բազմաթիվ թույլ ձեւակերպումներ եւ աշխատանքների ընթացքում ակնհայտ է դառնում, որ հանձնաժողովի շատ անդամներ գրեթե նույն կարգի խնդիրներ են բարձրացնում։ Մենք կարծում ենք, որ հնարավոր կլինի գտնել տեսակետների լավագույն համադրությունը»։ Ընդունենք, պարզապես անհասկանալի է, թե ինչո՞ւ խորհրդարանական կառավարման համակարգի կողմնակից Դաշնակցությունը որոշեց շրջադարձ կատարել հօգուտ կիսանախագահականի, ակնհայտ է, որ քաղաքական նպատակները, քաղաքական շահը լուրջ դերակատարություն են ունեցել նման շրջադարձի համար։ ՀՅԴ խմբակցության ղեկավարը ընդունեց, որ «այո, Դաշնակցությունը իր մոտեցումներով եւ պետության կառավարման առաջին տարիներին մենք կողմնակից էինք խորհրդարանական կառավարման համակարգի։ Նույնիսկ 18-20թթ. այն վիճակում, երբ Դաշնակցությունը իշխող կուսակցություն էր, մենք ընտրեցինք խորհրդարանական տարբերակը։ Սակայն յուրաքանչյուր կուսակցություն պետության զարգացման տվյալ փուլում վերլուծելով գնահատում է եւ տեսնում, թե որոնք են այսօր պետության առջեւ կանգնած խնդիրները, եւ տվյալ փուլի համար որոնք են առաջնահերթությունները։ Մենք սա բազմիցս հայտարարել ենք։ Նույնիսկ 98-ին, երբ մենք պաշտպանում էինք նախագահի թեկնածությունը, ոչ միայն մենք, այլեւ այն քաղաքական ուժերը, որոնց մի մասն այսօր այլ դաշտում են, նրանք բոլորը ընդունել են Սահմանադրության բարեփոխման առաջարկությունը։ Ակնհայտ է, որ մեր պետության առջեւ առաջիկա տարիներին կանգնած խնդիրների առումով մենք չենք կարող կտրուկ ցնցումներ առաջ բերել, կտրուկ փոփոխություններ կատարել։ Ի վերջո, ի՞նչ է պատահել, կա երկու առաջարկ՝ կիսանախագահական կառավարման համակարգ եւ խորհրդարանական։ Ինչո՞ւ չի կատարվում գործող Սահմանադրության պահանջը։ Ի վերջո, ժողովուրդը նաեւ հանրաքվեի միջոցով է իրականացնում իր իշխանությունը։ Թող հանրաքվեի դրվեն երկու տարբերակները եւ թող ժողովուրդն ընտրի»։ Աղվան Վարդանյանը գտնում է, որ թեպետ բոլորը հրաշալի հասկանում են, բայց ոչ բոլորն են ուզում ընդունել, որ այսօր ունենք մեկ նախագիծ՝ նախագահինը, մյուսը՝ քաղաքական 5 ուժերի նախաձեռնությունը, գործող Սահմանադրությամբ չի կարող սահմանադրական նախաձեռնություն համարվել։ Պրն Վարդանյանը եւս հիշեցրեց, որ երկու սուբյեկտ իրավունք ունի նախագիծ ներկայացնել՝ ԱԺ-ն եւ նախագահը. «ԱԺ-ն նման նախաձեռնություն չունի»։ Իսկ հնգյակի ակտիվությունը «թվացյալ» որակելով, Ա.Վարդանյանն ասաց, որ հնգյակը ԱԺ-ում առավելագույնը 10-12 պատգամավոր ունի, հետեւաբար, բավարար չէ նախաձեռնությամբ հանդես գալու համար։ Երրորդ խնդիրը, ըստ Ա. Վարդանյանի, այն է, որ «այս պայմաններում անընդհատ պնդել այդ խնդիրը, ուղղակի նշանակում է թողնել նախորդ Սահմանադրությունը ուժի մեջ»։ Հնգյակի նախաձեռնությունը որակվեց որպես «քաղաքական թեմա». «քաղաքական բազմաթիվ տարբերակներ փորձելուց հետո շատ քաղաքական ուժեր այսօր մի թեմա ունեն՝ հրապարակում մնալու համար։ Մանավանդ նախընտրական տարի է»։ Կարծիքների բազմազանությունն ապահովելու նպատակով ներկայացնում ենք Արշակ Սադոյանի հստակ կարծիքը։ Վերջինս անառարկելի տոնով ասաց, որ հանձնաժողովի նիստերը պարզապես աբսուրդի թատրոն են հիշեցնում. «Այս աբսուրդի թատրոնը շարունակվելու է եւ արդյունքում ստացվելու է, որ ՀՀ-ն առաջարկում է իշխանական կառուցվածքի մի այնպիսի տարբերակ, որը ի սկզբանե որեւէ լուրջ բան լինել չի կարող, նորից բերելու է բացարձակ անպատասխանատվության եւ անձնիշխանության»։ ՄԱՐԳԱՐԻՏ ԵՍԱՅԱՆ