Լրահոս
Օրվա լրահոսը

ԹԱՏՐՈՆՆ ԱՆԴՈՒՆԴՈՒՄ Է

Հունվար 26,2002 00:00

ԹԱՏՐՈՆՆ ԱՆԴՈՒՆԴՈՒՄ Է Էջմիածին քաղաքը կարծես զուրկ է մնացել մշակութային օջախներից։ Միակ թատրոնը, որը գործել է 1950-ից, այժմ չի գործում։ Թատրոնի ստեղծման պատմությունը հետեւյալն է. սկզբնական շրջանում ստեղծվել է ինքնագործ խմբակ, որը եղել է առանձին միավորում։ Այնուհետեւ 1959-ին դարձել է ժողովրդական, նոր միայն 1990-ին՝ դրամատիկական թատրոն։ Այժմ գեղարվեստական ղեկավարը Գրիգոր Սիմոնյանն է, որը ժամանակին եղել է Երեւանի օպերային թատրոնի վաստակավոր դերասան։ Թատրոնն արդեն 50 տարի է, ինչ հանգրվանում է Վաղարշապատի Կոմիտասի անվան մշակութային պալատում։ Վերջին տարիներին այն կրում է աշխարհահռչակ երգիչ Շառլ Ազնավուրի անունը։ Խաղացանկի մեջ տեղ են զբաղեցրել՝ «Սկեսուրի գանձեր», «Ինկած բերդի իշխանուհին», «Ադելաիդա նորահարսը», «Չար ոգի» ներկայացումները, որոնք ունեցել են մեծ հաջողություններ։ Թատրոնում 12 օր հյուրաղերով հանդես է եկել անվանի դերասան Կարպ Խաչվանքյանը։ Վերջին անգամ հյուրախաղերով մեկնել են Իրանի Իսլամական Հանրապետություն, որտեղ ներկայացել են Իրանի հայ համայնքին՝ Սպահանում (7 օր) եւ Թեհրանում (1,5 ամիս)։ Որից հետո լավ անուն ձեռք բերած՝ վերադարձել են հայրենիք։ Թատրոնն ունի նաեւ մանկական դերասանական ստուդիա, որը այժմ գործում է, իսկ ըստ դերասանների, եթե չկա մեծ բեմը, ապա կարելի է ասել, որ թատրոնը գոյություն չունի։ Փորձեցինք Էջմիածնի քաղաքապետարանի մշակույթի բաժնից պարզել, թե ինչն է պատճառը, որ այսօր դրամատիկական թատրոնը չի գործում։ Մեր հարցին պատասխանեց բաժնի պետ Խաչիկ Մանուկյանը։ – Երբ թատրոնը դարձավ դրամատիկական, մոտ երկու տարի պետական հիմունքներով ֆինանսավորվեց։ Դերասանների աշխատավարձերը ժամանակին հասցնում էինք վճարել։ Իսկ այժմ այդ բոլորը կախված է սոցիալական վիճակից։ Գումար չկա, աշխատավարձը արդեն 11 ամիս չի ստացել մշակույթի պալատում աշխատող եւ ոչ մեկը։ Անցած տարի մեծ շուքով նշեցինք թատրոնի հիմնադրման 50-ամյակը, որտեղ մեծարման խոսքեր եւ նվերներ շնորհվեցին միակ կին դերասանուհի Սեդա Գրիգորյանին։ Իսկ եթե լինեն հնարավորություններ, ապա հենց այսօր էլ մենք կֆինանսավորվենք եւ թատրոնը կսկսի գործել։ ԳԱԼՈՒՍՏ ՆԱՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել