Լրահոս
Օրվա լրահոսը

«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ «ԿԻԼԻԿԻԱՅԻ»

Հունվար 26,2002 00:00

«ԿԻԼԻԿԻԱՅԻ» ՀԵ՞Տ, ԹԵ՞ ԱՌԱՆՑ «ԿԻԼԻԿԻԱՅԻ» Ֆուտբոլի ՀՀ առաջնությունն, ամենայն հավանականությամբ, կմեկնարկի մարտ ամսին։ Համեմատած նախորդ տարիների հետ, «Մրցաշրջան-2002»-ը խոստանում է լինել անհամեմատ հետաքրքիր՝ մարզական մրցապայքարի առումով։ Այսպես մտածելու հիմքեր, բարեբախտաբար, շատ կան։ Նախ, Հայաստանի բարձրագույն խմբի առաջնությունը հաջող եզրափակած թիմերը դեռեւս անցած տարվա վերջերից ամենայն լրջությամբ են սկսել նախապատրաստվել գալիք մրցաշրջանին։ Ավելին, նրանք իրենց կազմերը համալրում են Ռուսաստանից, Եվրոպայից ու Հարավային Ամերիկայից հրավիրված լեգեոներականներով։ Մի հանգամանք, որը լրացուցիչ շուք ու լարվածություն կհաղորդի նոր առաջնությանը։ Ակումբներում «արեւի տակ տեղ ունենալու» համար մարզական «դաժան» մրցակցություն է ծավալվելու նաեւ տեղական կադրերի եւ հրավիրվածների միջեւ, որն, անշուշտ, լրացուցիչ հաճելի լարվածություն կստեղծի։ Իսկ եթե ասվածին ավելացնենք, որ անցած տարի ՀՀ բարձրագույն խմբի առաջնությունը լքած «Կիլիկիա» ակումբը այս տարի վերստին պայքարի մեջ ներգրավվելու հայտ է ներկայացրել ֆուտբոլի ֆեդերացիա, ապա 2002 թվականը հայկական ֆուտբոլում, իրոք, անչափ հետաքրքիր է լինելու։ Երեկ մեր մարզական մեկնաբան Աշոտ Հակոբյանը հարցազրույց ունեցավ «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբի նախագահ Աշոտ Աղաբաբյանի հետ, որը ներկայացնում ենք ստորեւ։ – Պարոն Աղաբաբյան, ըստ մեր ունեցած լուրերի, «Կիլիկիա» ֆուտբոլային ակումբը դիմել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիա՝ 2002 թվականին հանրապետության առաջնությունում վերականգնվելու խնդրանքով։ Եթե դա ճիշտ է, ե՞րբ է ներկայացվել դիմումը։ – Այո, դա այդպես է։ Դիմումը ներկայացրել ենք դեռեւս անցած տարվա վերջին, առաջնության ավարտից անմիջապես հետո։ – Հավանաբար ծանրութեթեւ են արվել թիմի իրական հնարավորությունները։ – Անկասկած։ Ես չէ, մասնագետներն ու ֆուտբոլի գիտակներն են տարբեր առիթներով համոզմունք հայտնել, որ «Կիլիկիան» իր ցուցադրած խաղամակարդակով ինքնատիպ շուք է հաղորդել ՀՀ առաջնությանը, որ թիմը, չնայած երիտասարդական կազմին, լավագույններից մեկն է Հայաստանում եւ ունի լավ հեռանկարներ։ Հեռանալուց հետո մեր ֆուտբոլիստները շարունակել են մարզվել, լավ մարզավիճակ պահպանելու նպատակով պարբերաբար ընկերական հանդիպումներ են անցկացրել հանրապետության տարբեր թիմերի հետ։ Ու պիտի ասեմ, որ արդյունքները բավարարել են մարզիչներին, ցույց տվել, որ «Կիլիկիան» ի վիճակի է պայքարել եթե ոչ մրցանակային, ապա բավականին բարձր տեղերի համար։ Ավելի ստույգ, եթե մեր թիմը 2002 թվականին մրցանակային տեղ չզբաղեցնի, ապա լիիրավ կերպով կարող է հանգրվանել 4-6-րդ տեղերում։ – Հիմա, ամիսների հեռվից ի՞նչ եք մտածում առաջնության կեսից թիմը հանելու վճռի մասին։ Ճի՞շտ էր, արդյոք, այդ քայլը, թե՞ ոչ։ – Միանշանակ ասեմ. առաջնությունից դուրս գալը բացասաբար ազդեց «Կիլիկիայի» վրա։ Որքան էլ տղաներն այդ ընթացքում բացը փորձել են լրացնել տարբեր կարգի խաղերով, միեւնույն է, առաջնությանը բնորոշ պայքարի լարվածության բացակայությունն իրեն զգալ է տվել։ Եվ հենց դա է եղել հիմնական պատճառներից մեկը, որ մենք որոշեցինք վերադառնալ։ Մենք հաստատ որոշել ենք, որ անկախ ամեն ինչից, պետք է անենք հնարավոր ամեն բան՝ թիմը պահպանելու համար, ու անելու ենք մեզնից կախված ամեն բան։ – Իսկ եթե, Աստված չանի, ֆեդերացիան ձեր դիմումը քննարկելով որոշի, որ «Կիլիկիան» պետք է ամեն բան սկսի սկզբից, այսինքն՝ այս տարի հանդես գա առաջին խմբի մրցաշարում, կհամաձայնե՞ք։ – Այդպիսի բան չեմ ուզում մտածել։ Ներքուստ հավատում եմ, որ այդպիսի բան չի լինի։ – Ի՞նչ հիմքեր ունեք այդպես մտածելու։ – Եթե նայենք վերջին տարիներին տեղի ունեցած իրադարձությունների զարգացմանը, կտեսնենք, որ բարձրագույն խմբում հանդես եկող թիմերից շատերը այդ իրավունքը ստացել են առանց պահանջվող ճանապարհն անցնելու։ Ճիշտ է, դա ինչ-որ տեղ կապված է եղել հայտնի դեպքերի արդյունքում բարձրագույն խմբի առաջնությունը չձախողելու հետ։ Այնպես որ, կարծում եմ՝ ֆեդերացիան անխնա ու դաժան չի վարվի «Կիլիկիայի» հետ։ – Իսկ եթե, այնուամենայնիվ, այդպես չլինի՞։ – Աստված իրենց հետ։ Այդ դեպքում ստիպված կլինենք թիմը ցրել։ Ֆուտբոլիստներին կտանք ազատ կարգավիճակ։ Համոզված եմ, որ ակումբները անմիջապես կսկսեն նրանց իրենցով անել։ Պարզապես, տուժողը կայացած, կարգին կոլեկտիվը կլինի ու նաեւ՝ Հայաստանում ֆուտբոլի զարգացման գործընթացը։ – Իսկ ի՞նչ կասեք առաջնության մուտքի անդամավճարի մասին։ – Ինքներդ հետաքրքրվեք եւ կտեսնեք, որ բարձրագույն խմբի համար սահմանված 5 հազարի համարժեք դրամը լավագույն դեպքում երկու-երեք թիմ է մուծել։ Մի խոսքով, մեզ մերժելու ու մեր առջեւ արգելափակոց դնելու լուրջ, հիմնավոր հիմքեր չեմ տեսնում։ Իսկ «Կիլիկիան» այն թիմն է, որի ներկայությունը բարձրագույն խմբում ավելի մեծ օգուտ կբերի ֆուտբոլին, քան բացակայությունը։ Ու մի շատ կարեւոր հանգամանք էլ. «Կիլիկիա» ակումբն ունի ՈՒԵՖԱ-ի կողմից պահանջվող բոլոր այն կառույցներն ու ենթակառուցվածքները, որոնց մասին մեր բարձրագույն խմբի մյուս թիմերից շատերն այսօրվա դրությամբ կգերադասեին լռել։ Նկատի ունեմ առնվազն 15-20 հազար հանդիսատեսի համար նստելատեղ ունեցող խաղադաշտը, մարզումային դաշտը եւ բազան, իր մարզադպրոցը, բոլոր դիվիզիոններում իր թիմերը։ Եթե այսքանից հետո մեզ բարձրագույն խմբում խաղալու լիցենզիա չտան, ապա ո՞վ պետք է խաղա։ – Հուսանք ու հավատանք, որ ամեն բան լավ կլինի։ Բայց մեր մյուս առաջատար ակումբները դեռեւս անցած տարվա վերջից ամենայն լրջությամբ են ձեռնամուխ եղել նախապատրաստությանը։ Ավելին, մեծ թվով լեգեոներականներ են հրավիրել։ Այս առումով «Կիլիկիան» ի՞նչ վիճակում է։ – Ողջունում եմ դա։ Բայց հույսը միայն լեգեոներականների վրա դնելը մեր ֆուտբոլի համար հեռանկար չէ։ Հարկավոր է նախ եւ առաջ Հայաստանում ֆուտբոլի զարգացման լուրջ քաղաքականություն ունենալ, որը ֆեդերացիայի գործն է։ Մինչեւ մեզ մոտ չզարգանա բակային, մանկապատանեկան ֆուտբոլը, մինչեւ չկազմակերպվեն շրջանային, դպրոցական, միջդպրոցական, մարզային, քաղաքային, հանրապետական առաջնություններ, ուր կներգրավվեն տասնյակ հազարավոր մանուկներ, երիտասարդներ, ֆուտբոլը Հայաստանում ցանկալի հեռանկար չի ունենա։ Միայն այդ դեպքում լեգեոներականի գալը Հայաստան կարող է նոր բան տալ, նոր որակներ հաղորդել տեղի կադրերին։ Հավանաբար, ՀՖՖ-ի գործկոմի հերթական նիստը կկազմակերպվի հունվարի 30-ին կամ 31-ին։ Այդ ժամանակ օրակարգային բազմաթիվ հարցերի շարքում կքննարկվի նաեւ «Կիլիկիայի» հարցը։ Չենք ուզում կասկածել, որ հանրապետության ֆուտբոլի ղեկավարությունը կբավարարի երիտասարդ ու լավ հեռանկարներ խոստացող թիմի դիմումը, ու հայ ֆուտբոլասերները 2002 թվականին բարձրագույն խմբում կրկին «Կիլիկիայի» մրցելույթներին ներկա լինելու հնարավորություն կունենան։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել