Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետագիծը

Հունվար 26,2002 00:00

Ռուսաստանի արտաքին քաղաքականության հետագիծը Իշխանափոխությունից հետո Ռուսաստանի դիվանագիտական ակտիվության մակարդակը կտրուկ բարձրացել է։ Ընդ որում, երկրի թիվ մեկ դիվանագետ այժմ ոչ թե արտգործնախարարն է, այլ ինքը՝ նախագահ Պուտինը։ Ակնհայտ է, որ այդ ակտիվությունը լրջորեն պլանավորված է, համակարգված եւ նվիրված միանգամայն հստակ եւ հասկանալի նպատակի՝ ամրապնդել ՌԴ-ի դիրքերը աշխարհում, վերանայել եւ վերահաստատել ազդեցության ոլորտները, ստեղծել երկրի տնտեսության զարգացման համար նպաստավոր արտաքին պայմաններ։ Թվում է՝ կարելի է պնդել, որ Պուտինի արտաքին քաղաքականությունը ոչ միայն ակտիվ է, այլեւ արդյունավետ, ինչի վկայությունն է այն փաստը, որ կտրուկ աճել է ոչ միայն ՌԴ նախագահի արտաքին այցերի թիվը, այլեւ այլ երկրների ղեկավարների հոսքը՝ Մոսկվա։ Կարելի է նաեւ ավելի առարկայական եւ հանգամանորեն թվարկել ռուսական դիվանագիտության հաջողությունները։ 1. Ամրապնդվել է ԱՊՀ անդամ երկրների համագործակցությունը տարբեր ոլորտներում։ Միաժամանակ նոր լիցք է հաղորդվել Կոլեկտիվ անվտանգության պայմանագրին, Եվրասիական տնտեսական, ինչպես նաեւ Ռուսաստանի եւ Բելառուսի միություններին։ 2. Հաջողվել է լավ հարաբերություններ հաս տատել եւ կոտրել փոխադարձ անվստահության սառույցը եվրոպական հանգուցային պետությունների հետ, առաջին հերթին՝ Մեծ Բրիտանիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Իտալիայի։ 3. Աննախադեպ մակարդակի է հասել համագործակցությունը ԱՄՆ-ի եւ ՆԱՏՕ-ի հետ։ Դրան նպաստել է, իհարկե, միասնական հակաահաբեկչական պայքարը։ Գոյություն ունի կարծիք, որ ԱՄՆ-ի միակողմանի դուրս գալը Հակահրթիռային պաշտպանության պայմանագրից՝ խաչ է դնում համագործակցության հետագա ծրագրերի վրա։ Առիթ ունեցել ենք արդեն ցույց տալ, որ դա բոլորովին էլ այդպես չէ («Առավոտ», թիվ 241, էջ 17) եւ որ Ռուսաստանը ստեղծված իրավիճակում ունի լավ հնարավորություն՝ ստանալու դրական քաղաքական դիվիդենդներ։ 4. Ինչքան էլ պարադոքսալ թվա, Ռուսաստանի համար ամենադժվար խնդիրը Արեւելյան Եվրոպայի (նախկինում՝ Վարշավյան պայմանագրի անդամ) երկրների հետ բարիդրացիական հարաբերությունների վերահաստատումն է։ ԽՍՀՄ-ը երկար տարիներ ճնշել է այդ երկրներին, պարտադրելով իր սեփական կամքը։ Ուստի զարմանալի չէ, որ այդ պետությունները ԽՍՀՄ-ի փլուզումից հետո լսել անգամ չէին ուզում Ռուսաստանի հետ համագործակցության մասին եւ ձգտում էին ԱՄՆ, Արեւմտյան Եվրոպա եւ ՆԱՏՕ։ Բայց վերջին տարիներին վիճակը սկսեց կամաց-կամաց փոխվել, քանզի եկավ հասկացությունը, որ Ռուսաստանը ԽՍՀՄ չէ եւ չի սպառնում որեւէ իրական վտանգով։ Ռուսաստանի հետ համագործակցություն վերսկսելու առաջատարի դերը կարծես ստանձնել է Լեհաստանը, չնայած բազում կուտակված խնդիրներին։ (Առայժմ մի կողմ դնենք նախկին Հարավսլավիայի երկրները՝ իրենց բազմաթիվ հոգսերով)։ Պուտինի վերջին այցը Լեհաստան պսակվեց այդ երկրի տարածքով Ռուսաստանից Եվրոպա գազատար կառուցելու համաձայնությամբ, ինչը նաեւ սիմվոլիկ հրավեր է Արեւելյան Եվրոպայի այլ երկրներին՝ սկսելու ակտիվ, փոխշահավետ տնտեսական համագործակցություն Ռուսաստանի հետ։ Միեւնույն ժամանակ պետք է գիտակցել, որ Ռուսաստանը տնտեսական հզորությամբ դեռ երկար ժամանակ զիջելու է Արեւմուտքին, ուստի նրա միջազգային ազդեցությունը, իհարկե, սահմանափակված կլինի։ Սակայն չմոռանանք, որ Միացյալ Եվրոպան եւ Չինաստանը իրենց տնտեսական պոտենցիալով համեմատելի են ԱՄՆ-ի հետ, բայց կտրուկ զիջում են ռազմական ոլորտում։ Այդ տեսանկյունից այդ բեւեռները (եւ ոչ միայն դրանք) կձգտեն ամենասերտ հարաբերություններ ունենալ Ռուսաստանի հետ, որը չնայած հարաբերական թուլացմանը, ռազմական հզորությամբ մնում է թիվ երկրորդը։ Այս հանգամանքը եւս թույլ կտա Ռուսաստանին պահպանել եւ մեծացնել իր ազդեցությունը միջազգային կարեւորագույն գործընթացների վրա։ ԱԼԵՔՍԱՆԴՐ ԱՂԱՄԱԼՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել