Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՍԱ ԻՆՁ Ո՞Վ Է ՔՈ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ԵՍ ԿԱՍԵՄ…

Հունվար 26,2002 00:00

ԱՍԱ ԻՆՁ Ո՞Վ Է ՔՈ ԹՇՆԱՄԻՆ ԵՎ ԵՍ ԿԱՍԵՄ… Սոցիալիստական ճամբարի փլուզումից տասը տարի անց աշխարհը խելագարի պես պտտվում է իր առանցքի շուրջ՝ տարբեր կողմեր։ Դուրս թռած իր բեւեռներից՝ նա սպասում է Արքիմեդին, որ նա աշխարհաքաղաքականության մեջ գոռա՝ «Էվրիկա՜՜՜՜», ինչը կնշանակի՝ «Բեւեռը գտնվել է»: «Արքիմեդը» ասաց, բայց չկային լսող ականջներ։ Եվ իսկապես, ինչպե՞ս կարելի էր հասկանալ այն, ինչ ասել էր Արքիմեդը, մանավանդ, երբ նա նույնպես չէր գիտակցում, որ իր ասածը այն բախտորոշ «Էվրիկան» էր։ Չէ՞ որ նա լուծում էր բոլորովին այլ՝ «լոկալ» խնդիր, բայց ստացվեց՝ ողջ աշխարհի համար։ Պրոբլեմատիկ բախտ Քանի բեւեռ էլ ունենա աշխարհը, երբ էլ լինի, մարդկության համար անհրաժեշտ պայման է թշնամական բանակների բաժանվելը։ Թշնամու թշնամին դառնում է ընկեր, թշնամու ընկերը՝ թշնամի։ Այդպես էին ձեւավորվում չարաբաստիկ բեւեռները, նույնիսկ հին ժամանակներում, երբ նման տերմիններ իսկ չէին օգտագործվում։ Եվ հանկարծ տեղի է ունեցավ իրադարձություն, որը ոչ մի կերպ չի համապատասխանում ավանդական քաղաքականության «բաժանման աղյուսակին»։ Բոլոր նախկին թշնամիները, այդ թվում՝ «ՄԵԾ ՀԻՆ ԹՇՆԱՄԻՆ», սկսեցին իրենց ընկերությամբ խցկվել «ՆՈՐ ՄԵԾ ԸՆԿԵՐՈՋ» բանակը։ Այդպիսի քաոսից ցանկացած Արքիմեդ կսուզվեր իր լոգարանի հատակը եւ չէր ցանկանա դուրս գալ։ Բայց այնուամենայնիվ Սողոմոնի որոշումը գտնվեց։ Բեւեռները ուրվագծվեցին։ Մի բեւեռը անվանեցին ահաբեկչություն, մյուսը՝ բնականաբար, հակաահաբեկչություն։ Այդպիսի բաժանման պայմաններում նախկին թշնամիների ընկերությունը այլեւս անհեթեթ չի թվում։ Ավելին՝ նման բաժանումը թույլ է տալիս ազատվել ոչ ցանկալի նախկին ընկերներից…8230Հետաքրքիրն այն է, որ ոչ Սողոմոնը, ոչ էլ Արքիմեդը չէին էլ կարող երազել նման հեշտ լուծում։ Բայց ստացվեց։ Հենց դրա համար էլ գոյություն ունեն խելացի տղեքը, որ «քոռ ու փուչ» չանեն ձեռքն ընկածը։ Իսկ ձեռքն ընկածը քիչ բան չէր՝ ոչ ավանդական վեկտորներով աշխարհի բեւեռացման նոր ընկալումը։ Կարելի էր ասել՝ «Դե լավ, թող տղեքը իրենց խաղերն անեն, միայն թե մեզ ձեռք չտան»։ Իսկապես որ, լավ կլիներ, եթե այդպես էլ լիներ, բայց ամեն ինչ կարող է այլ կերպ լինել։ Մենք սովոր ենք կարծել, որ ունենք միայն մեկ խնդիր՝ Ղարաբաղը։ Մենք, կարծես, նույնիսկ համակերպվել ենք, որ այն կմնա չլուծված խնդիր։ Ինչպե՞ս չհամակերպվենք, չէ՞ որ արդեն մոտ 100 տարի է ապրում ենք մեկ ուրիշ խնդրով՝ «Հայ Դատով»։ Հա, ի դեպ ստացվում է, որ խնդիրները, այնուամենայնիվ, երկուսն են։ Ամենահետաքրքիրն այն է, որ եթե երկրորդը գոնե բացատրելի է, քանի որ ծագել է անելանելիության եւ պարտության արդյունքում, ապա առաջինը գրեթե պարադոքսալ է, քանի որ արդյունք է ուժի եւ հաղթանակի։ Դե, սա էլ պարզ է՝ հայի բախտ է, այն իմաստով, որ պրոբլեմատիկ բախտ է։ Էլ ավելի հետաքրքիրն այն է, որ մենք մեզ համոզել ենք, որ այլ կերպ չի էլ կարող լինել։ Այսինքն՝ հայի բախտը թե պարտության եւ թե հաղթանակի ժամանակ պրոբլեմատիկ է լինելու, քանի որ մեր հարեւաններն են այդպիսին։ Մի խոսքով տարածաշրջանն է անհաջող, հարեւաններն այն չեն։ Իսկ աշխարհագրական հարեւաններից չես փախչի։ Տարօրինակ հոգեբանություն է, այնպես չէ՞։ Ինչու՞ չես փախչի։ Այդուհանդերձ, հարեւաններին փոխելու առնվազն երկու ավանդական ձեւ կա։ Առաջինը, երբ գրավում ես ամենամոտ հարեւանին, եւ հարեւան է դառնում հարեւանիդ հարեւանը։ Երկրորդը՝ ընդհակառակը, գրավում են քեզ, եւ դու դադարում ես լինել քո հարեւանի հարեւանը՝ դառնալով նրա մասը։ Կա նաեւ երրորդ տարբերակ՝ բաժանող միջնապատը, օրինակ՝ Մեծ Չինական պատը, Բեռլինյան պատը կամ երկաթյա վարագույրը կամ շրջափակումը եւ այլն։ Ժամանակակից աշխարհը առաջարկում է «վիրտուալ միջնապատեր», այն է՝ բազմապիսի միջազգային համագործակցություններ։ Հետեւաբար, ի՞նչն է մեզ խանգարում թոթափել տարածաշրջանի այնպիսի հին պատկերացումը, ինչպիսին «Կովկասն» է։ ՉԿԱ ԱՅԴՊԻՍԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ։ Եթե նույնիսկ կա, ապա մենք այնտեղ չկանք։ Մենք ունենք այլ հարեւաններ, որոնք ունեն իրենց հարեւանները։ Այնպես որ, վատթարագույն դեպքում կարելի է լինել այդ նոր հարեւանների հեռավոր հարեւանը նոր աշխարհաքաղաքական տարածաշրջանում։ Մնում է գտնել այն չարաբաստիկ «իզմ»-ը որը կհիմնավորի այդ նոր ձեւավորվող տարածաշրջանը։ Եվ քանի որ ժամանակակից աշխարհի գործընթացները ավելի շատ վիրտուալ են, քան իրական, ապա, մի քիչ չարչարվելու դեպքում, դա էլ խնդիր չէ։ Վարքագծային մոդելներ Վերջին մի քանի տարիներին մենք թույլ տվեցինք մեզ բազմել դափնիների վրա եւ ոչինչ չանել։ Աշխարհի, մեզ հատուկ ընկալմամբ որոշեցինք, որ մեր երկու խնդիրներից առավել արդիական է այն, որ ծագել է 100 տարի առաջ։ Մինչդեռ աշխարհի համար շատ ավելի արդիական է երկրորդը։ Եվ ավելին քան այդ ավելին է. այն կարող է վերագրվել կամ արտագրվել կամ հնչեցվել նոր քաղաքական իրողությունների համատեքստում։ Աշխարհը բաժանվում է ահաբեկչական եւ հակաահաբեկչական բեւեռների։ Որտե՞ղ կարելի է խցկել մեզ՝ ցանկության դեպքում: Իհարկե իսլամական ահաբեկչության մեջ մեզ չես խցկի։ Իսկ ի՞նչն է խանգարում ոչ իսլամական ահաբեկչության հասկացության առաջացմանը։ Պետք չէ լինել Սողոմոն կամ Արքիմեդ, հասկանալու համար, որ «իսլամական ահաբեկչությունը» միջազգային «չար պիառի» գտած լավագույն պիտակը չէ։ Դրա համար էլ «խելոք տղեքը» պետք է հրաժարվեն դրանից եւ այն խառնեն ինչ-որ այլ բանի հետ, եթե չեն ուզում «թափով ջհադի» առաջ կանգնել։ Եթե չհասցնեն ապա ոչ միայն բեն Լադենը, այլեւ հնացած Արաֆաթը կդառնան իսլամական Ռոբին Հուդ։ Աշխարհը խելագարվել է ահաբեկչության հողի վրա։ Բոլորին դրա դրոշի տակ են մտցնում՝ ագրեսորներին, զավթիչներին, անջատողականներին, ազգայնամոլներին։ «Մարդու իրավունքներ»-ն ու այլ հասկացությունները արդեն գրեթե մոռացված տերմիններ են։ Պաղեստինի եւ Իսրայելի միջեւ թշնամանքը, պարզվում է, ահաբեկչության դեմ պայքար է։ Կոպիտ «բալկանյան տուրուդմփոցներ» այլեւս չեն լինելու։ Լինելու է միայն ահաբեկչության դեմ պայքար։ Կոպիտ պայքար։ Էլ ինչպե՞ս կարելի է պայքարել նման թշնամու հետ։ Իսկ ո՞վ է հարմար թշնամի:8230 Ասա ինձ՝ ով է քո թշնամին եւ… Իսկ մենք չունենք թշնամի։ Դժվարություններ ունենք, ճիշտ է, բայց թշնամիներ՝ ոչ։ Մենք պուպուշ ենք, քանի որ մեր սուրբ միամտության մեջ, դափնիների վրա բազմած՝ մտածում ենք. «Եթե մենք չունենք այդպիսի թշնամիներ, ուրեմն մենք էլ իրենց թշնամի չենք»։ Այսինքն, եթե «a»-ն հավասար է «b»-ի, ապա «b»-ն հավասար է «a»-ի։ Ափսոս, որ աշխարհաքաղաքական մաթեմատիկան դպրոցական մաթեմատիկան չէ, քանի որ, արի ու տես, մի տեղ թաքնվել է ստոր «C», այն էլ մեծատառ, այսինքն մեծ թշնամի։ Եվ այդ մեծ «C»-ն, որը թվում էր, քո ժամանակը չուներ, որը կարծես թափառում էր բեւեռում եւ դրա շուրջ, մեկ էլ հանկարծ8230 ասավ-հասավ քեզ։ Դե որովհետեւ այդպիսին են այդ մեծ «C»-երը։ Բեւեռները, թեկուզեւ երեւակայական, որոշեցին, ուրեմն ժամանակն է ամեն մեկին իրենց տեղերով, այսինքն՝ բեւեռներով դասավորեն եւ ազատվեն մանր պրոբլեմներից։ Իսկ մենք ի՞նչ ենք. մենք գլխացավ ենք։ Մենք հաղթած թե պարտված, միեւնույն է, չլուծված խնդիր ենք։ Մենք չլուծենք մեր խնդիրները, մեր տեղը կլուծեն։ Դա կլինի ինչպես միշտ, սովորականի պես ցավոտ։ Իհարկե շատերը կասեն. «Սովորական կիկոսի մահն է։ Դեռ բան չի պատահել, արդեն սկսել ենք լացն ու կոծը»։ Ի դեպ, «Կիկոսը» ճիշտ հեքիաթ է։ Միայն մարդիկ սխալ են մեկնաբանում այն։ Պետք չի ծիծաղել հեքիաթում ասվածի վրա, այլ պետք է մտածել. «Չէ՞ որ կանայք հեքիաթում զբաղված էին ապագայի վերլուծությամբ՝ հաշվի առնելով սոցիոհոգեբանության իրողությունները։ Նրանք վերլուծեցին մեկ վարքագծային մոդել եւ հասկացան, թե ինչի կարող է այն հանգեցնել։ Մնում էր միայն, դա ըմբռնելով, ստեղծել այլ, առավել արդյունավետ մոդել»։ Բայց դա մեր սովորույթներից դուրս է։ Մենք նախընտրում ենք այլափոխել խնդրի արդիականությունը։ Հարցն այն չէ, որ «թուրքական խնդիրը» հիմա մեզ համար ավելի արդիական է, քան «ղարաբաղյանը»։ Հարցն այն է, որ մենք հենց այդ խնդիրներն ենք մեզ համար ընտրել որպես առաջնային, փոխարենը, թերեւս, պետք էր գտնել պատասխաններ հետեւյալ հարցերին. ո՞վ ենք մենք այս վերաձեւավորվող աշխարհում, ու՞մ հետ եւ որտե՞ղ է մեր տեղը, ի՞նչ է տարածաշրջանը ժամանակակից աշխարհընկալման տեսանկյունից: Մի՞թե 21-րդ դարում եւս լինելու ենք ազգ իր առանձնահատուկ խնդիրներով, թե՞ կկարողանանք դրանք դարձնել համաշխարհային հիմնախնդիրների մասը եւ լուծել դրանք բոլորի հետ միասին, որպեսզի մեր լուծումները դառնան ընդհանուրի մասը։ ԱԼ ՋԱԼԻ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել