Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

ԾԽԵԼԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԻՔ Է

Հունվար 26,2002 00:00

ԾԽԵԼԸ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՉԱՐԻՔ Է Եթե Ամերիկայի Միացյալ Նահանգներում եւ եվրոպական շատ երկրներում հետեւողական պայքար է մղվում ծխելու դեմ ու օրենքներ են ընդունվում հասարակական վայրերում ծխելն արգելելու մասին, մեզ մոտ ոչ միայն այդ ուղղությամբ աշխատանք չի տարվում, այլեւ մայրաքաղաքի փողոցները ողողվում են արտասահմանյան ծխախոտի գովազդներով, որոնք լինելով անզուսպ ու հրապուրիչ՝ շատ շուտ գայթակղում են անչափահասներին։ Զարմանալի է, որ մեզ մոտ պետականորեն ոչ մի պայքար չի մղվում հասարակական այդ չարիքի դեմ, ավելին, նայելով Ազգային ժողովի շենքի միջանցքներում, պատգամավորական խմբերի եւ խմբակցությունների նիստերի ժամանակ այնքան ցուցադրաբար ծխող մեր պատգամավորներին, ակամա ուզում ես մտածել, որ գուցե դա է միակ «ճիշտ» ճանապարհը, այն դեպքում, երբ նախկին համակարգի ժամանակ, գոնե համապատասխան օրենքով ծխելը արգելվում էր մանկական հիմնարկներում եւ դպրոցներում։ Ցավալին այն է, որ ծխելը մեծ տարածում է գտել նաեւ դպրոցներում, հատկապես ծխում է կին տնօրենների մեծ մասը։ Արաբկիրի համայնքի դպրոցներից մեկում, որի տնօրենը կին է (հասկանալի պատճառով պետք չի նշել դպրոցի հասցեն), հաճախ է ներսից փակվում դպրոցի գրադարանի դուռը։ Այդ պահերին դպրոցի տնօրենը, իր համախոհներով, ներսում ծխում է (այդ մասին խոսում են թե ծնողները, թե աշակերտները)։ Այսօր շատ անչափահասների կարելի է տեսնել պատերի տակ կամ մութ անկյուններում ծխելիս, որոնց մեջ քիչ չեն նաեւ աղջիկները։ Կենտրոն համայնքի դպրոցներից մեկի ուսուցչուհին պատմեց, թե ինչպես 9-րդ դասարանի աղջիկներից մեկը մոտեցել է իրեն ու բողոքել, որ իր համադասարանցի երկու աղջիկ ստիպում են իրեն ծխել, պնդելով, որ չծխելը հետամնացություն է։ Ժամանակն է բարոյական պայքար սկսել ընդհանրապես՝ ծխելու, մասնավորապես՝ կանանց ու աղջիկների ծխելու դեմ։ Այդ հարցում լուրջ անելիքներ ունեն կրթության եւ գիտության նախարարությունը, հեռուստաընկերությունները, ռադիոն, մամուլը։ ՎԱՉԻԿ ԲՈՒՆԻԱԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել