Լրահոս
Օրվա լրահոսը

ՍԱՌՆԱՄԱՆԻՔ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ

Հունվար 26,2002 00:00

ՍԱՌՆԱՄԱՆԻՔ՝ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ Ավան եւ Նոր Նորք համայնքների առաջին ատյանի դատարանը երեկ փաստորեն չկարողացավ վերսկսել Ռազմական ոստիկանության աշխատակիցների՝ Արշակ Մանուկյանի, Արտակ Նիկողոսյանի, Հայկ Մկրտչյանի եւ Միշա Մեջլումյանի նկատմամբ հարուցված քրեական գործի դատաքննությունը։ Թիվ 1 մեկուսարանի հիվանդանոց (թեեւ, որքան մենք տեղյակ ենք՝ բուժմաս) էր տեղափոխվել ամբաստանյալ Արշակ Մանուկյանը՝ դատավոր Մարտին Կարապետյանի հրապարակած տեղեկության համաձայն։ Տեղեկության աղբյուրը եղել էր Նուբարաշենի մեկուսարանի հատուկ մասի պետ Հասմիկ Ղազարյանի հեռախոսազանգը, որը դատաքննության ավարտին, չգիտես ինչու, համարվեց «ոչ պաշտոնական»։ Այդ «ոչ պաշտոնական» տեղեկությունն էլ առիթ դարձավ, որ նախ՝ մեղադրող Գագիկ Ավետիսյանը հանդես գար միջնորդությամբ, ապա՝ Արշակ Մանուկյանի պաշտպան Վլադիմիր Յավրումյանը։ Մեղադրողին հետաքրքրում էր, թե ի՞նչ հիվանդությամբ է տառապում ամբաստանյալ Մանուկյանը, եւ ինչի՞ համար է նա տեղափոխվել հիվանդանոց։ Ամբաստանյալ Արտակ Նիկողոսյանի պաշտպան Լիպարիտ Սիմոնյանը, որ նախաքննության փուլում իրականացրել էր ամբաստանյալ Արշակ Մանուկյանի պաշտպանությունը, դատարանին տեղեկացրեց, որ Արշակը (ՌՈ ԶՈՒ բաժնի պետ) գտնվել է 5-րդ մեկուսարանում, ապա՝ տեղափոխվել թիվ 1 մեկուսարան, որում առկա բուժհնարավորությունների մասին իրենք տեղյակ չեն։ Հետաքրքիր է, որ պաշտպանին այդ ժամանակ ոչ ոք տեղ տալու ցանկություն չհայտնեց եւ ոչ ոքի չհետաքրքրեց այդ։ «Դահլիճը» դատավորի աշխատասենյակն էր՝ լեփ-լեցուն։ Դատավոր Մ. Կարապետյանին տեսանելի չէին անգամ խափանման միջոցը չփոխված ամբաստանյալը՝ Միշա Մեջլումյանը, պաշտպաններ Սոս Գրիգորյանն ու Հրաչիկ Իսաջանյանը։ «Դահլիճ-աշխատասենյակում» տեղ էին զբաղեցրել Ազգային բանակում խաղաղ պայմաններում զոհված (ավելի ճիշտ՝ սպանված) զինծառայողների ծնողները («Զինվոր եւ իրավունք» կազմակերպության անդամները)։ Ուշացած ներս եկած Արշակ Մանուկյանի պաշտպան Վլ. Յավրումյանը միջնորդեց, որ իր պաշտպանյալի խափանման միջոցը փոխվի եւ նշանակվի դատաբժշկական փորձաքննություն։ Դատավոր Մ. Կարապետյանը, փաստորեն, տեղեկացրեց թիվ 1 մեկուսարանում պահվող Արշակ Մանուկյանի մասին։ Եվ զարմանալի էր, որ ակնարկ անգամ չէր հնչում թիվ 5 մեկուսարանում պահվող Արտակ Նիկողոսյանի եւ Հայկ Մկրտչյանի երեկվա դատական նիստին չներկայացվելու մասին։ Մինչդեռ հայտնի է, որ ըստ Քրդատօրի 303 հոդվածի («Ամբաստանյալի չներկայանալու հետեւանքները»)՝ «Ամբաստանյալի չներկայանալու դեպքում գործի քննությունը հետաձգվում է»։ Մինչդեռ երկու անգամ հայտարարված «դատական նիստը հետաձգվում է»-ն չանցավ։ Այլ… վերսկսվեց մի դահլիճում, ուր սառնամանիք է՝ բառի ուղիղ իմաստով եւ, որը պատրաստ չէ այս ծանրության քրգործի դատավարության (թե՞ Նոր Նորքը ծայրամաս է եւ կարելի է դատավարության մասնակիցների համար այսպիսի անհավասար, անմարդկային պայմաններ ստեղծել)։ Դատավոր Մ. Կարապետյանը դեռ չի «հասցրել» ճշտել, թե ասենք ո՞ւր են… տուժողները, մինչդեռ պաշտպան Սոս Գրիգորյանի կարճատեւ բացակայությունը նկատեց եւ արձանագրելու կոչ արեց։ Տուժողներից երկուսը՝ Երջանիկ Սարգսյանն ու Միշա Հարությունյանը, ինչպես տեղեկացրել ենք, գտնվում են ազատազրկման վայրերում։ Թե ինչպես են նրանք իրենց շահերը ներկայացնելու դատարանում, դեռ պարզ չէ, ինչպես պարզ չէ տուժողներ Կարեն Անտոնյանի եւ Գուրգեն Տավարածյանի մասնակցության պարագան։ Երեկ այդպես էլ պարզ չդարձավ, թե վերջապես (բացի Արշակից) թիվ 5 մեկուսարանից ամբաստանյալներ Նիկողոսյանն ու Մկրտչյանը դուրս բերվե՞լ են, կամ ի՞նչ պատճառաբանությամբ չբերվեցին դատարան՝ զրկվելով միջնորդությունների քննարկմանը մասնակցելու իրավունքից։ Ինչո՞ւ եմ սա շեշտում։ Քանզի երբ դատավոր Մ. Կարապետյանը խորհրդակցական սենյակից դուրս գալուց հետո (1 ժամ 50 րոպե հետո) հրապարակեց իր որոշումը, չէր բացառվում, այն կարող էր այլ բովանդակություն ունենալ՝ ամբաստանյալների կողմից միջնորդությունների քննությանը մասնակցելու արդյունքում։ Ավելորդ չի հիշեցնել Քրդատը. «Դատական քննությունը կատարվում է ամբաստանյալի մասնակցությամբ, որի դատարան ներկայանալը պարտադիր է»։ Ինչեւէ, դատարանը արձանագրեց նաեւ, որ «Ամբաստանյալի դատարան ներկայանալու հնարավորության կամ անհնարինության մասին դատարանը պատշաճ տվյալ- փաստաթուղթ չունի», ապա գտավ, որ ԱՆ Քրեակատարողական վարչությունից պետք է պահանջվի «ամբաստանյալ Ա. Մանուկյանի առողջական վիճակի, գործի դատաքննությանը նրա մասնակցելու հնարավորության մասին փաստաթուղթ, որից հետո, ըստ էության, գուցե փոխվի գործի ընթացքը»։ Դատարանը բավարարեց մեղադրողի միջնորդությունը՝ ԱՆ Քրեակատարողական վարչությունից պահանջելով Ա. Մանուկյանի առողջության մասին գրավոր փաստաթուղթ։ Իսկ կալանքի եւ դատաբժշկական փորձաքննություն նշանակելու մասին պաշտպան Վլ. Յավրումյանի միջնորդությունը մերժվեց։ ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել